Դոնալդ Թրամփին երբեք չեմ ների իր այդ քայլի համար. Միշել Օբամա

Դոնալդ Թրամփին երբեք չեմ ների իր այդ քայլի համար. Միշել Օբամա

Ամերիկայի նախկին նախագահ Բարաք Օբամայի կնոջ՝ Միշել Օբամայի «Becoming» գիրքը դարձել է 2018 թվականի ամենավաճառված գիրքը:

Հրտարակվելուց 2 շաբաթ անց Միշել Օբամայի գիրքը վաճառվել է ավելի քան 2.000.000 օրինակով: «Becoming» հուշագրությունը թարգմանվել է 31 լեզուներով և դարձել բեսթսելլեր՝ միանգամից 11 երկրներում: Միշել Օբաման Օփրա Ուինֆրիի հետ բացառիկ հարցազրույցում պատմել է Սպիտակ Տնից հեռանալու, Դոնալդ Թրամփի և առաջին անգամ թոսթ պատրաստելու մասին:


ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Չեմ կարող չասել. ոչինչ այնքան հաճելի չէ, որքան հաճելի ընթերցվող գիրքը: Երբ իմացա, որ գիրք ես գրում, ինքս իմ մեջ սկսեցի հպարտանալ: Դու արեցիր դա, գրեցիր հզոր, բայց միևնույն ժամանակ նուրբ ու ազդեցիկ գիրք:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Շնորհակալ եմ:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Ինչո՞ւ «Դառնալով»:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Տարբերակները շատ էին, այնքան շատ, որ եթե բոլորը քննարկեինք այդպես էլ տեղ չէինք հասնի: «Դառնալով» տարբերակը մի տեսակ ամեն ինչ ի մի է բերում: «Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս»՝ ամենավատ հարցը, որ ծնողները հաճախ իրենց երեխաներին են տալիս: Ասես մեծանալը սահմանափակվում է: Հասնում ես ինչ-որ մի կետի ու վերջ, ամեն ինչ վերջանում է:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Մեծանալով մարդիկ փոխվում են:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Ես չգիտեմ թե ինչ կլինի հետո: Բոլորին միշտ սա եմ ասում: Գիտես, կարծում եմ բոլոր կանայք էլ մտքում ունեն որոշած մի տարիք, որին հասնելուց հետո իրենց կսկսեն մեծ զգալ: Եթե ընդհանուր նայենք, ապա շատերի մոտ այդ տարիքը գալիս է այն ժամանակ, երբ այլևս ստիպված չես մայրիկիդ լսել: Ես շարունակում եմ մեծանալ ու ամեն անգամ նոր մարդ եմ դառնում: Սա իմ կյանքի ճանապարհորդության պատմությունն է:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Գրքում բազմաթիվ բացահայտումներ կային: Ինչպիսի՞ զգացողություն ունեիր, երբ գրում էիր անձնական կյանքիդ մասին: Վախենո՞ւմ էիր:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Եթե անկեղծ, ապա՝ ոչ: Ահա թե ինչու: Մարդիկ ինձ հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ ես այդքան պարզ, ինչպե՞ս են մարդիկ այդքան հեշտ շփվում քո հետ: Հասկացա, որ պատճառն այն է, որ ես ինձ ընդունում և սիրում եմ այսպես: Ես սիրում եմ իմ պատմությունն իր բոլոր վայրիվերումներով: Կարծում եմ հենց սա է ինձ դարձնում յուրահատուկ՝ ինքս իմ առաջ: Երբեք ոչինչ չեմ թաքցրել իմ ընկերներից: Գիտես Օփրա, մենք ուզենք դա թե ոչ, ես ու Բարաքը օրինակ ենք ծառայում մարդկանց:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Համամիտ եմ:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Ատում եմ, երբ այն մարդիկ, որոնք ինչ-որ չափով հանրային են, խուսափում են հասարակությունից, հետ են քաշվում և ասում՝ չէ, չէ, ես չեմ կարող օրինակ ծառայել, ինձ պետք չէ ավելորդ պատասխանատվություն: Բայց ուշ է արդեն: Երիտասարդները նայում են քեզ ու սովորում: Չեմ ուզում, որ նայեն ինձ ու մտածեն, որ ես երբեք վախեր չեմ ունեցել, փորձություններ չեմ հաղթահարել:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Գիրքն ընթերցելուց հետո վստահ եմ, ոչ ոք այդպես չի մտածի: Մտքներովս էլ չի անցնի:

[ծիծաղում են]

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Միլիոնավոր մարդկանց հետաքրքրում էր, թե ինչպե՞ս է ձեր կյանքը փոխվել Սպիտակ Տնից հեռանալուց հետո: 

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Գրքիս նախաբանը գրել եմ Սպիտակ Տնից տեղափոխվելուց շաբաթներ հետո: Վաշինգտոնի մեր ներկայիս տունը՝ Սպիտակ Տնից մի քանի կիլոմետր է հեռու: Գեղեցիկ տուն է: 8 տարվա մեջ առաջին տունը, որն ունի սովորական դուռ և զանգի կոճակ:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Իրոք որ 8 տարի: Միշել, ուզում եմ, որ այն թոսթի պատմությունը պատմես:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Այդ պատմությունը ծնվեց այն ժամանակ, երբ մի օր տանը մենակ մնացի: Երեխաներս տանը չէին, Բարաքը, եթե չեմ սխալվում, շրջագայությունների էր գնացել, ու ես առաջին անգամ տանը մենակ էի մնացել: Առաջին տիկնոջ պարագայում դու ուզես էլ չես կարող մենակ մնալ: Տանը միշտ մարդիկ կան՝ անվտանգության աշխատակիցներ: Նրանք չեն թույլատրում անգամ պատուհան բացել, ուր մնաց դուրս գալ տնից և մի փոքր զբոսնել այգում:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Թույլ չէի՞ն տալիս պատուհան բացել:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Ոչ: Չես կարող: Մի անգամ Սաշան՝ աղջիկս, փորձեց ու միանգամից զանգեցին՝ արագ փակեք այդ պատուհանը:

[ծիծաղում են]

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Ու ահա ես իմ նոր տանն եմ մեր շների՝ Բոյի ու Սաննիի հետ: Հանգիստ իջնում եմ իմ խոհանոց ու ինչ ուզում պատրաստում եմ, այնինչ, Սպիտակ Տանն անհնար էր: Այնտեղ միշտ խոհարարներ կային, որ թույլ չէին տալիս որևէ գործ ինքդ անես, անընդհատ հարցնում էին՝ ի՞նչ է պետք,  ի՞նչ եք ուզում: Ու ես առաջին անգամ ինձ համար ինքնուրույն թոսթ պատրաստեցի: Պանրով թոսթ: Ուտելով դուրս եկա բակ ու նստեցի աստիճաններին: Ականջիս շների հաչոցներ էին հասում ու այդտեղ մի պահ մտածեցի ու հասկացա, որ Բոն ու Սաննին ախր երբեք ուրիշ շների հաչոցներ չեն լսել: Նրանց դեմքին նայելիս կարելի էր եզրակացնել, որ նման մի բան են մտածում՝ այս ի՞նչ ձայներ են: Ու ես նրանց ասում եմ՝ այո սիրելիներս, դուք իսկական աշխարհում եք հիմա:

[ծիծաղում են]

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Հիմա ավելի շատ ժամանակ ունեմ մտածելու և վերջին 8 տարիները վերլուծելու համար: Հիմա եմ հասկանում, որ Սպիտակ Տանն ապրած տարիներին երբեք ժամանակ չեմ ունեցել այդ մասին մտածելու: Ես ու Բարաքը միշտ զբաղված էինք: Երեքշաբթի օրը մոռանում էի թե ինչ էր եղել երկուշաբթի: Անգամ մոռացել էի, թե որ երկրներն եմ այցելել: Մի անգամ ասացի, որ ուզում եմ մի օր Պրագա այցելել: Մելիսան ասաց, որ մի անգամ արդեն եղել եմ Պրագայում: Իսկ ես պնդում էի, որ ոչ մի անգամ այնտեղ չեմ եղել:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Երբ կարդում էի գիրքը, զգում էի, որ քո կյանքի յուրաքանչյուր իրադարձություն ասես նախապատրաստել է քեզ ապագային: Նմանատիպ զգացում ունեցա:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Եթե ինքդ քեզ կարևոր մարդ ես համարում, յուրաքանչյուր որոշում իր ազդեցությունն է ունենում քո ապագա ես-ի վրա:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Հաստատ: Դպրոցական տարիքում միշտ գերազանցիկ ես եղել: Ստացել ես ամենաբարձր գնահատականները և մի բան էլ ավել:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Մայրիկս միշտ ասում էր, որ ամենաբարձրից էլ բարձր էի ստանում:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Փաստորեն, այդ փոքրիկ ոսկեգույն աստղիկներն իրենց դերն ունեցան քո կյանքում:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Իհարկե: Հիմա, երբ հետ եմ նայում, ավելի լավ եմ հասկանում, որ ծնողներս մեզ տվել են մտքի և գաղափարների ազատություն:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Նրանք թույլ էին տալիս, որպեսզի դու ու եղբայրդ՝ Քրեյգը ամեն ինչից ինքնուրո՞ւյն գլուխ հանեք:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Օ՜, Աստված իմ: Այո: Ես հասկացա, որ ձեռքբերումները մեծ դեր ունեն: Երեխաներն այդ տարիքում հաճախ են կոտրվում, և եթե ուժեղ կամք չդրսևորես, ապա մարդիկ քեզ միանգամից կգամեն անհաջողակների սյունին՝ հատկապես, եթե սևամորթ ես: Չէի ուզում, որ մարդիկ մտածեն ես աշխատասեր երեխա չեմ: Չէի ուզում, որ ինձ պիտակավորեին՝ «սա էլ է նրանց նման»: Վատ երեխաներ: Չկան վատ երեխաներ, կան վատ հանգամանքներ:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Գրքում գրել ես, որ Բարաքի հետ շատ եք վիճում:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Այո, այո: Երբեմն, ես կրակի պես շիկանում են: Դա ապացուցված բան է: Բարաքը միշտ փորձում է ամեն ինչ բացատրել ու արդարանալ: Նա ստիպված եղավ սովորել ինձ ժամանակ հատկացնել, երբ ես բարկացած եմ՝ անգամ մինչև մեկ ժամ: Եվ նա ստիպված էր ընդունել, որ բարկությունս մեղմացնելու համար ինձ պետք չէր համոզել:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Գրել էիր, որ ամեն անգամ, երբ Բարաքին ինչ-որ բան են խնդրում ասում է՝ դա ընտանիքիս որոշումն է, ինչն իրականում նշանակում էր՝ եթե Միշելը թույլ տա, ուրեմն՝ այո:

[ծիծաղում են]

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Ինչպե՞ս նրան «թույլ տվեցիր» առաջադրվել նախագահի պաշտոնում:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Պատկերացրու թե ինչ բեռ է: Կարող է, հնարավոր է, պետք է: Սկզբում նա ցանկանում էր սենատոր դառնալ, հետո որոշեց մտնել Կոնգրես, հետո, այնուամենայնիվ մասնակցեց սենատի ընտրություններին: Ես գիտեմ, որ Բարաքը քաղաքավարի ու խելացի մարդ է: Բայց քաղաքականությունը նույնքան կեղտոտ ու զզվելի է: Ես չէի ուզում տեսնել նրան այդ ամենի մեջ: Բայց չէի կարող թույլ չտալ: Ես հանեցի կնոջ գլխարկը և դրեցի քաղաքացու գլխարկը:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Ուզում եմ հարցնել: Երբ երկրի ամբողջ բեռն ամուսնուդ ուսերին էր, իսկ այդ ուսերի տեղում դու էիր, ինչպե՞ս էիր հաղթահարում այդ ծանրությունը:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Փորձում էի հանգիստ լինել: Երեկոյան ընթրիք ընտանիքի անդամների հետ: Ահա թե ինչ նորամուծություն բերեցի Սպիտակ Տուն: Դա նշանակում էր՝ «Ուզես, թե չուզես, երեկոյան պետք է միասին ընթրենք, սիրելիս: Էնպես, որ տեղիցդ շարժվիր ու արի երեխաներիդ հետ շփվելու»:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Երեխաներն իրոք օգնում են կտրվել ամեն ինչից: Գրքում գրում ես նաև Դոնալդ Թրամփի մասին, և անդրադարձել ես Թրամփի այն կարծիքին, որ Բարաքն Ամերիկայում չի ծնվել: Գրել ես՝ «Դոնալդ Թրամփն իր չմտածված ու բարձրագոչ արտահայտություններով իմ ընտանիքի անվտանգությունը ռիսկի տակ է դնում: Ես նրան երբեք չեմ ների այդ քայլի համար»: Ինչո՞ւ որոշեցիր հիմա այս մասին խոսել: 

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Գիտեմ, որ չի գիտակցում իր արարքները: Նրա համար այս ամենը խաղ է: Երբ, որպես ղեկավար առերեսվում ես բոլոր սպառնալիքներին և տեսնում ես անվտանգության ռիսկերը՝ թե երկրում, և թե երկրից դուրս, հասկանում ես, որ ամեն ինչ իրական է: Քո երեխաները ռիսկի տակ են հայտնվում: Եվ մտածել, որ ինչ-որ խելագարի մտքով կարող է անցնել, որ իմ ամուսինը կարող է սպառնալիք հանդիսանալ երկրի համար՝ լավ իմանալով, որ իմ երեխաներն ամեն օր դպրոց են հաճախում: Նրան պետք է քոլեջ գնան, ֆուտբոլ խաղան, խնջույքների մասնակցեն, ճանապարհորդեն, ընդունվեն համալսարան: Նրա մտքով էլ չի, անցնում, որ այս ամենը խաղ չէ: Ես սա եմ ուզում, որ մարդիկ հասկանան: Դա չմտածված քայլ էր, որը վտանգում է իմ ընտանիքի անվտանգությունը: Դա ճիշտ չէ: Նա էլ գիտի, որ դա ճիշտ չէ:
Սպիտակ տանը մեր վրա կրակել էին Դեղին կլոր սենյակում: Մի խելագար եկել ու կրակել էր փողոցի կողմից: Փամփուշտը դիպավ պատուհանի ձախ անկյունին: Մինչև հիմա հիշում եմ այդ պահը: Այդտեղ կարող էր իմ ընտանիքի անդամներից որևէ մեկը նստած լինել:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Գրքի վերջում դու գրում ես մնայուն արժեքների մասին: Նշում ես, որ լավատեսությունն ամենուր քեզ հետ է: Զգո՞ւմ ես այդ նույն լավատեսությունը երկրի հանդեպ:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Զգում եմ: Այո: Մենք պետք է լավատես լինենք: Առաջին հերթին մեր երեխաների համար: Մենք նրանց համար սեղան ենք գցում, բայց չենք կարող զզվելի ուտելիք մատուցել: Մենք պետք է նրանց հույս ներշնչենք: Եթե վախենում ես՝ երբեք արդյունքի չես հասնի: Մենք պետք է մեր վրա վերցնենք լավատես լինելու պատասխանատվությունը և փոխենք աշխարհը:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Պետք է լավատես լինել:

[հուզվում է]

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Մենք պարտավոր ենք լավատես լինել:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք