Գլխավոր Հոդվածներ

Հարմարվողականության ֆենոմենը. Ինչո՞ւ աշխատակիցները

Հարմարվողականության ֆենոմենը. Ինչո՞ւ աշխատակիցները չեն սիրում ինքնուրույն որոշում կայացնել

20-րդ դարի 50-ականներին ամերիկացի հոգեբան Սողոմոն Աշը մի քանի հետաքրքիր փորձարկումներ է անցկացրել: Փորձարկվողները վստահ էին, որ մասնակցում են ոչ թե հոգեբանական էքսպերիմենտի, այլ ցուցադրական: 7 հոգանոց խմբում փորձարկման իրական մասնակիցը միայն մեկն էր, բայց նա գլխի չէր էլ ընկել: Խմբի յուրաքանչյուր անդամին առաջարկում էին բարձրաձայն գնահատել այս կամ այն գծի երկարությունը, համեմատել նկարները: Սկզբում Աշի օգնական-մասնակիցները ճիշտ էին պատասխանում, ինչպես և իրական մասնակիցը, բայց հետո սկսեցին պայմանավորված սխալ պատասխաններ տալ: Արդյունքում փորձարկվողների 75 տոկոսը, չնայած ակնհայտ վիճահարույց փաստերին, համաձայնվում էր մեծամասնության կարծիքի հետ: Փորձարկման ավարտից հետո մասնակիցների մի մասը խոստովանեց, որ չէր ուզում վիճել խմբի հետ և իր վրա ուշադրություն գրավել: Մյուս մասն իրոք մտածում էր, որ իր տեսողությունը դավաճանում է, իսկ մյուսների տեսածն օբյեկտիվ պատկերն է: Ստացվում է, որ հարմարվողականությունը և մեծամասնությանը նմանակելը տարածված երևույթ են: Ավելին, սոցիալ-հոգեբանները կարծում են, որ իրական կյանքում նմանակելն ավելի հաճախ է դրսևորվում, քան փորձարկումներում: Բայց որքանո՞վ է այս ամենը կապված մարդու անհատական առանձնահատկությունների հետ:
Հետաքրքիր դիտարկումներ է անում բիզնես-խորհրդական Մարիա Մակարուշկինան: Աշխատանքային յուրաքանչյուր կոլեկտիվում կան մեծ ամբիցիաներով մարդիկ, որոնք ուզում են կարիերա անել և «գրավել աշխարհը», ինքնուրույն որոշումներ կայացնել, ազդեցության և գործառույթների շրջանակն ընդլայնել: Նրանք բարձր ինքնագնահատական ունեն: Այդպիսի աշխատակիցները շատ ակտիվ են թե՛ գործում, թե՛ շփումներում: Նրանք չեն սիրում դոփել տեղում: Անընդհատ խորացնում են իրենց հմտությունները, ողջունում են փոփոխությունները: Սիրում են արտահայտվել ցանկացած թեմայով, ներկայացնել իրենց դատողությունները, խորհուրդներ տալ: Նրանց կողքին կան նաև այլ տեսակի մարդիկ, որոնք ևս պրոֆեսիոնալ են, բայց միջին ամբիցիաներով: Նրանց ձգտումները կապված չեն կարիերայի, կարգավիճակի և իշխանության աճի հետ: Նրանց ավելի կարևոր է ունենալ հետաքրքիր և բարձր վարձատրվող աշխատանք: Եթե ամեն ինչ իրենց սրտով է, նրանք պատրաստ են նույն տեղում աշխատել երկար և բարեխղճորեն: Այս տեսակ աշխատակիցների ինքնագնահատականը կարող է տատանվել, առաջնորդի որակները միանշանակ չեն:






Պարբերաբար մասնակցելով ղեկավարների հետ հանդիպումների և խորհրդակցությունների, բիզնես-խորհրդականը մի օրիանաչափություն է նկատել: Այդ առիթով հիշել է նաև Աշի էքսպերիմենտը: Խորհրդակցությունների ժամանակ հաճախ են միասնական որոշումներ կայացնում: Սովորաբար այսպես է լինում. մարդիկ ակտիվորեն տարբերակներ են առաջարկում, փաստարկներ բերում, լսում մյուսների կարծիքը, երբեմն վիճում են: Արդյունքում ընդունվում է մի որոշում, որին կողմ է մեծամասնությունը, կամ էլ ղեկավարը, լսելով բոլորին, առաջարկում է, իր կարծիքով, ամենաօպտիմալ տարբերակը: Հիմնականում հենց նրա առաջարկածն էլ դառնում է վերջնական որոշում:
Կոլեգիալ որոշումների ժամանակ խմբի որոշ անդամներ ակնհայտորեն հակված են հարմարվողականության: Նրանք քիչ ամբիցիոզ աշխատակիցներն են, որոնք ինքնավստահ չեն և համաձայնվում են մյուսների հետ, եթե նույնիսկ իրենց սկզբնական առաջարկները միանգամայն այլ են եղել: Ի՞նչն է նրանց առաջ մղում այսպիսի դեպքերում. սեփական դատողությունների նկատմամբ անվստահությունը, բացասական մեկնաբանությունների թիրախ դառնալու վախը, գործընկների հետ կոնֆլիկտի չգնալու ցանկությունը, սեփական անձը չկարևորելու հատկությունը: Որոշ դեպքերում «հարմարվողականներն» իրոք փոխում են կարծիքը, բայց հաճախ նրանք համաձայնվում են մեծամասնության հետ՝ շարունակելով մնալ իրենց տեսակետին:
Մինդեռ լիդերին բնորոշ հատկանիշներով օժտված ինքնավստահ աշխատակիցները երբեք հարմարվողականություն չեն դրսևորում խորհրդակցությունների ժամանակ: Ընդհակառակը, նրանց՝ աչքի ընկնելու ցանկությունը, սեփական հայացքներն արտահայտելու ձգտումը հաճախ այնքան ուժեղ են, որ կարող են վիճել նույնիսկ ակնհայտ օպտիմալ լուծումների դեպքում: Շրջապատին և ղեկավարին որպես մտածող, անկախ և համարձակ մարդ ներկայանալու համար նրանք պատրաստ են մերժել ընդունված ծրագրերն ու եղած գնահատականները, երբեմն նույնիսկ ի վնաս իրենց: Նրանց ակտիվությունը, ամբիցիոզությունն ու դեմոնստրատիվությունը կարող են նյարդայնացնել շրջապատին, բայց նրանք երբեք չեն տրվում հասարակական կարծիքին:
    Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։

FORBES

Տարածել