Ցանցային շիզոֆրենիա. ինչո՞ւ են մարդիկ սպանում լայքի համար

Ցանցային շիզոֆրենիա. ինչո՞ւ են մարդիկ սպանում լայքի համար

Ինչո՞ւ ադրբեջանուհին հարձակվեց Յութուբի գրասենյակի վրա: Հոգեբանական ու ցանցային նոր սթրեսն ու հոգեխանգարումը նոր հազարամյակի նոր աղետն է:

Ադրբեջանաիրանցի բլոգեր Նասիմ Աղդամն իր վիդեոբլոգում պաշտպանում էր կենդանիների իրավունքները, խոսում վեգան լինելու առավելությունների մասին ու հավաքում հազարավոր դիտումներ ու լայքեր: Բայց ապրիլի երեքին նա ատրճանակը ձեռքին մտավ Youtube վիդեոհոսթինգի գրասենյակ, կրակ բացեց, ու ինքնասպան եղավ: Նասիմ Աղդամն ապրեց 39 տարի, ինքնարտահայտվեց Youtube-ում, ու հենց Youtube-ում էլ մահացավ:  

Անի Ապիտոնյանը Ժեստ հոգեբանական կենտրոնի հոգեբաններից է սոցցանցային վերջին տարօրինակ իրադարձությունները տարօրինակ չի համարում: Վաղուց արդեն սոցցանցում ստացած լայքը սովորական վիրտուալ ինչ-որ նշան չէ, այն դարձել է սիրելու ու սիրված լինելու, գնահատվելու ու ինքնագնահատականը բարձրացնելու իրական չափորոշիչ. «Լայքը կարեւոր է, որովհետև ցույց է տալիս,  սիրում է, չի սիրում ինձ: Եթե լայքեց` սիրում է, սրտիկեց` ավելի շատ է սիրում»: Հոգեբանն իր ընդունելությունների փոքրիկ ու հարմար սենյակում հաճախ է պատմում համացանցի պատճառած դրական, բայց ավելի շատ բացասական հույզերի մասին: Դրական հույզերից է անընդհատ շփումը, մենք միշտ կապի մեջ ենք, բայց սոցցանցերի պատճառած բացասական հույզերն ավելի շատ են:

Դրական հույզերից է անընդհատ շփումը, մենք միշտ կապի մեջ ենք, բայց սոցցանցերի պատճառած բացասական հույզերն ավելի շատ են:

Մենք ամեն օր,  աշխատավայրում ու տանը, ապրում ենք էկրանից այն կողմ գտնվող մարդկանց կյանքով. «Աղջիկս երկար ժամանակ հետևում էր մի ամուսնական զույգի բլոգին: Բլոգերները ցույց էին տալիս իրենց ներդաշնակ, երջանիկ,  օրինակելի կյանքը: Ու մի օր աղջիկս եկավ ու շատ հիասթափված ասաց` նրանք բաժանվել են: Հենց դա է իրական կյանքը: Ինտերնետը, սոցցանցերը մեզ ցույց են տալիս միայն իրական կյանքի մի կողմը, ինչպես հեքիաթներում: Հեքիաթը միշտ ավարտվում է այն ժամանակ, երբ մարդիկ ամուսնանում են, թե ինչ է լինում հետո, ոչ ոք չի իմանում: Այդպես էլ սոցցանցերում է, մենք երբեք չգիտենք, թե մարդիկ, որոնք ցույց են տալիս իրենց երջանիկ, անհոգ, ճանապարհորդություններով կյանքն, իրականում, ինչպես են ապրում»:

Բլոգեր Աղդամն իր կյանքը նվիրել էր Youtube-ին, Youtube-ն էլ այն խլեց: Ամեն ինչ սկսվել էր վիդեոհոսթինգի ալգորիթմների փոփոխությունից: Լայքերն էին պակասել: Արտակ Եղիազարյանը լրատվական կայքի համակարգող է, նա օրը գրեթե 24 ժամ ինտերնետում է, բայց գտել է սոցցանցային սթրեսից ազատվելու իր բանաձևը` քայլում է, մարզվում, ընկերների հետ շատ ժամանակ անցկացնում. «Մի բան էն չի մեզ հետ: Չի կարող դա նորմալ լինել: Աբսուրդ է, ինքնասպանություն գործել պակասած լայքերի պատճառով»:

Նմանատիպ, աշխարհը ցնցած մի պատմություն էլ տեղի ունեցավ տարիներ առաջ` Միացյալ նահանգների Մաունթեյն քաղաքում: Ամուսնական զույգը մտել էր երիտասարդ ամուսինների տուն, սպանել նրանց` կնոջ ձեռքերում թողնելով ութ ամսական երեխային: Իսկ պատճառը` Facebook-ի` ընկերների ցանկից հեռացնելն էր: Ամուսիններն անֆրենդ էին արել սպանությունը գործած տղամարդու աղջկան: Հետո արդեն` դատական նիստերի ժամանակ, պարզվեց, որ աղջիկը երկար ժամանակ հետևել էր ամուսիններին, հետո կեղծ էջ բացել, որտեղ ինքն իրեն կեղծ սպառնալիքներ էր ուղարկում: Ու հենց այդ ոչ իրական սպառնալիքների պատճառով հայրն ու մայրը սպանել էին երիտասարդ ամուսիններին:


Կարդացեք նաև.


Youtube-ի  հետ ամենամտերիմ հարաբերություններ ունեցող, բլոգեր, մեդիամասնագետ Արթուր Պապյանն ինտերնետային սթրեսից ազատվելու միակ տարբերակը համարում է սոցցանցերից դուրս գալը. «Ֆեյսբուքը մեզ դիտարկում է, որպես ապրանք, հետեւում է մեզ ու վաճառում ամենատարբեր ընկերությունների»: Արթուր Պապյանն ինքն էլ Youtube-ի  վերջին փոփոխություններից հետո կորցրեց իր յութուբյան եկամուտը: Բայց ցանցային, մարկետինգային ձկնորսների կարթն ընկելու ցանկություն չունի. «Ես ինձ համար որոշել եմ, նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս: Անջատեք բոլոր ծանուցումները, սոցցանց մտեք մեկ անգամ առավոտյան, մեկ անգամ ցերեկը ու մեկ անգամ էլ երեկոյան, ու այդ արանքում երդվեք հոր կամ ում արև ուզում եք, որ չեք մտնելու»:

Ամերիկացիներն ուսումնասիրել են 500 կամավորների, պարզել, որ նրանց 40 տոկոսը կախում ունի ինտերնետից:

Ամերիկացիներն ուսումնասիրել են 500 կամավորների, պարզել, որ նրանց 40 տոկոսը կախում ունի ինտերնետից:

Ակտիվ օգտատերերի սթրեսի գլխավոր պատճառը կյանքի անհամացանց պահերն են:  Վարդան Պապիկյանն առցանց մեդիախորհրդատու է,  ինտերնետից նույնպես կախում ունի, բայց միայն այնքան, որքան տաքսու վարորդն իր ավտոմեքենայից: Վարդանն աշխատում է համացանցում, զվարճանում ու իրական էմոցիաներ ստանում` իրական կյանքում. «Եթե վաղն իմ ինտերնետն անջատեն, ես կմնամ առանց գործ ու փող: Ես պետք է լրիվ ուրիշ բանով զբաղվեմ»:

Վիրտուալ Լայքն իրական կապիտալի վերածած  աշխարհում, նույն այդ լայքի համար մարդիկ սպանում են, ինքնասպան լինում: Մինչդեռ, մենք` օգտատերերս, չենք էլ նկատում, որ ամենավաճառվող ապրանքն ենք դարձել, սոցցանցն էլ` մեր սնափառության տոնավաճառը:

Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։

Գրել կարծիք