Գլխավոր Հոդվածներ

«Վախ. Թրամփը Սպիտակ տանը». Սենսացիոն նոր գրքի անհա

«Վախ. Թրամփը Սպիտակ տանը». Սենսացիոն նոր գրքի անհավանական մանրամասները

Թրամփի մասին նոր, սկանդալային գրքի հեղինակը լրագրող, Washington Post-ի խմբագրակազմի անդամ Բոբ Վուդվորդն է: Նա մեծ հեղինակություն է ձեռք բերել 1972-74 թվականներին՝ հետաքննելով Ուոթերգեյթի սկանդալը, ինչի արդյունքում հրաժարական էր տվել ԱՄՆ նախագահ Նիքսոնը:
Գրքի շապիկն արդեն ահագնացող տպավորություն է թողնում, վերնագիրը՝ առավել ևս: Վուդվորդը պարզել է այնպիսի մանրամասներ, որոնք նոր լույս են սփռում Սպիտակ տան արտաքին քաղաքական որոշումների վրա:
Հեղինակը գրում է, որ Սպիտակ տուն մուտք գործելուց մեկ ամիս անց Թրամփը Պենտագոնին հանձնարարում է մշակել Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմ սկսելու պլան: Գեներալների համար սա շոկ էր: 2017-ի հունվարին Ազգային անվտանգության խորհրդի նիստին Թրամփը փորձել է գեներալներից բացատրություն ստանալ, թե ինչ գործ ունեն ամերիկյան ռազմաբազաները Հարավային Կորեայում և արդյոք կա այդքան մեծ գումարներ ծախսելու անհրաժեշտություն: Պենտագոնի ղեկավարը ասել է, որ դրանով ԱՄՆ-ն կանխում է Երրորդ աշխարհամարտը: Ջեյմս Մետիսը չափազանց զարմացել ու զայրացել է և ասել է, որ Թրամփը 5-րդ դասարանցու ուղեղ ու վարք ունի:
Նույն 2017-ին Թրամփը Սպիտակ տան աշխատակից Ռոբերտ Պորտերին ասել է, որ կորեական խնդիրը երկու առաջնորդների հարց է՝ ինքն ընդդեմ Կիմի: Ստացվում է, որ անձնական հարցի լուծումը ԱՄՆ նախագահը տեսնում էր միջուկային պատերազմի մեջ:
Բայց ամենասկանդալային դրվագը Սիրիայի շուրջ քննարկումներին է առնչվում: Գրքում ասվում է, որ 2017-ի ապրիլին Սիրիայում քիմիական զենքի կիրառումից հետո Թրամփը զանգահարել է Պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսին և հայհոյանքներով պահանջել  սպանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին. «Եկե՛ք սպանենք նրան, անցե՛ք գործի, սպանե՛ք դրանց բոլորին», - ըստ գրքի հեղինակի բղավել է Թրամփը պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցում:



Կարդացեք նաև.



Եվս մեկ ուշագրավ դրվագ. Թրամփի՝ տնտեսական հարցերով արդեն պաշտոնաթող խորհրդական Գերի Կոնը նախագահի սեղանից նամակ է գողացել, որ Թրամփը, դրա հիման վրա, հանկարծ չդադարեցնի առևտրային պայմանագիրը ԱՄՆ դաշնակից Հարավային Կորեայի հետ: Բայց ամենազավեշտալին այն է, որ նման արարքները պարբերաբար կրկնվել են: Թրամփը հրահանգում էր տնտեսական տարբեր համաձայնագրեր խզել, փաստաթղթերը պատրաստվում և դրվում էին նախագահի սեղանին՝ ստորագրության: Խորհրդականն էլ անընդհատ այդ փաստաթղթերը վերցնում էր սեղանից, իսկ նախագահը դա չէր էլ նկատում ու մոռանում էր: Այդպիսով, ԱՄՆ-ն դեռ պատահաբար մնում է առևտրային բազմաթիվ համաձայնությունների մեջ:
Գրքում հրապարակված են բազմաթիվ պաշտոնյաների խոսքեր, որոնք ամեն օր աշխատում են Թրամփի հետ: Նրանցից մեկը նախագահին անվանում է հիմար, մյուսն անուղեղ, երրորդը՝ ցնորված:
Սկանդալային գրքին արդեն արձագանքնել է անձամբ Թրամփը: Նա ասել է, որ հեղինակի նպատակը միայն մեկն է՝ հակասություններ առաջացնել իր և իր թիմի միջև:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։




 

Տարածել