[Մոնոլոգ] Վալմար․ «Նկարելիս ինքնամաքրվում ես»

[Մոնոլոգ] Վալմար․ «Նկարելիս ինքնամաքրվում ես»

newmag-ը զրուցել է գեղանկարիչ, վաստակավոր և ժողովրդական նկարիչ Վալմարի հետ։

մեկ գավաթ սուրճ

Ես սուրճը խմում եմ հանգստանալու համար: Խմում եմ արվեստանոցում, աշխատելուց հետո՝ ընդմիջման ժամանակ: Ես ունեմ իմ եզակի բաժակը: Բաժակի մեջ էլ արվեստ կա: Ըմպելու ընթացքում նայում եմ այն աշխատանքին, որ արել եմ մինչև այդ ժամը: Դա ինձ համար դադար է, որպեսզի հասկանամ ինչ եմ արել և ինչ պիտի անեմ:

Սուրճը առիթ է, որ մոտենամ ինքս ինձ, իմ խնդիրներին: Մեկ բաժակից ավելի պահանջ էլ չունեմ խմելու: Երբ ընկերների հետ ես խմում, միայնակ չես, պարզապես ընկերների հետ ժամանակ ես անցկացնում: Ես առաջնային տեղ չեմ տալիս սուրճին:

գեղարվեստական գրականություն

Արվեստագետների կյանքում գալիս է մի շրջան, որ գեղարվեստական գրականությունը այլ կերպ ես ընկալում: Ժամանակահատվածի խնդիր է: 20 տարեկանում ուրիշ է մտածելակերպը. այդ տարիքը ձևավորման փուլում է, ճանապարհ ունի անցնելու: Ըստ այդմ էլ 20 տարեկանում նախընտրում ես մի գիրք, 30 տարեկանում` մեկ այլ, 40-ում` ուրիշ:

Ես 70 տարեկան եմ, իմ պահանջը 20-ի պահանջ չի կարող լինել: Ես իմ խնդիրներն ունեմ, իմ փիլիսոփայությունը:

Նաև իրավիճակի հետ է կապված ընթերցանությունը: Եթե պայքար թեմայով շարք եմ անում, ռոմանտիկ ստեղծագործությունների պահանջ չեմ ունենում: Թեման արդեն հասունացած է իմ մեջ, ես իմն եմ անում:

Գրականությունը սուբեկտիվ է: Այն կախված է ընթերցողի , բանականությունից,  մտքից, ժամանակաշրջանից և ընկալումից:

կոնսպեկտներ

Նախընտրում եմ ընթերցել հակիրճը. երկար ստեղծագործություններ կարդալու համար շատ ժամանակ է պահանջվում, որը ես տրամադրում եմ իմ ստեղծագործությանը: Հոգնած ժամանակ կարդում եմ, որ հանգստանամ:

ելևէջներով արվեստանոց

Երաժշտությունն ազատ է, այն գեղանկարչության քույրն է, նրանք հարմոնիայի մեջ են: Նկարելիս լսում եմ ջազային երաժշտություն: Եթե ես նկարիչ չլինեի, ջազմեն կլինեի: Այդ երաժշտությունը ինձ տանում է, և ես չեմ կարող երկու նոտա լսելուց հետո կռահել՝ ինչպես կշարունակվի:

Գլուխգործոցները ստեղծվում են ենթագիտակցորեն: Եթե հեղինակը իմանար դրա գաղտնիքը, բոլոր գործերը կլինեին գլուխգործոցներ: Արվեստը զգացմունքների գիտություն է՝ կամ կա, կամ չկա: Ձեռքբերովի չէ, նույնը ջազն է:


Կարդացեք նաև․


լռություն

Լռությունը անհատին ստիպում է մոտենալ ինքն իրեն: Եթե ընկալունակ ես, մարդու հայացքին նայելիս էլ հասկանում ես նրա ներաշխարհը:

աչքերի ժպիտը

Երբ տարբեր երկրներ գնաս և վերադառնաս Հայաստան, կտեսնես՝ հայուհու աչքերը ավելի շուտ են ժպտում, քան շուրթերը: Ցանկացած հայ աղջկա աչքերի մեջ դրական բան կա, ջերմություն և կյանք կա:

ինքնանկար

Ինքնանկար անելիս ինձ հետաքրքրում է ոչ թե այն, որ գեղեցիկ նկարեմ ինձ, այլ որ ներաշխարհս նկարեմ: Նկարիչը ինքնանկար անում է, երբ իր ներաշխարհում հասունացած վիճակ է: Նկարելիս ինքնամաքրվում ես: Նայելով հայելուն՝ քո աչքերին, քո դեմքին, բացահայտում ես քո տրամադրությունները և փոխանցում կտավին: Ցանկացած նկարչի ինքնանկարին նայելիս կարող ես ասել՝ ինչ հոգեվիճակում է եղել: Ինքնանկարի հիմնական նպատակը ինքնաբացահատումն է:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք