Գլխավոր Հոդվածներ

Իրականում նա Վան Գոգը չէ. հնչյունաբանության առանձն

Իրականում նա Վան Գոգը չէ. հնչյունաբանության առանձնահատկությունները

Հոլանդիա կամ Նիդերլանդներ ասելիս առաջին հերթին մտքիս պանիր է գալիս, կակաչներ և, իհարկե, Վան Գոգը: Նրա «Արևածաղիկներով», «Աստղազարդ գիշերով» և ինքնադիմանկաներով միշտ հիացել եմ հեռվից: Մտքովս էլ չէր անցնում, որ մի օր բնօրինակներն եմ տեսնելու: Բայց կյանքը հենց դրանով է հետաքրքիր, երբեք չգիտես՝ որ պահին որտեղ կհայտնվես: Ստացվեց այնպես, որ ուսումնական ծրագրով գնացի Հոլանդիա: Պարզ է՝ չէ՞, առաջինն ուր էի գնալու: (Գուցե ձեր մտածածը չէ, բայց իմ երազածն էր:)
Վան Գոգի թանգարանում զգուշացրին՝ ներսում լուսանկարելն արգելված է: Ի˜նչ ափսոս, քրոջս խոսք էի տվել: Ֆոտոխցիկը դրեցի պայուսակս ու սկսեցի վայելել Վան Գոգին՝ առանց ապացույցների: Չորս հարկից երկուսը նրա կտավներն էին: Մինչև թանգարանը կփակվեր հասցրի մինչև վերջ հարկերով բարձրանալ ու վերադառնալ նկարներին, որոնցով ամենաշատն էի տպավորվել: Անվտանգության աշխատակիցների աչքից հեռու նույնիսկ հաջողացրի մի քանի լուսանկար անել: Գոհ էի. Վան Գոգի կտավները տեսել էի, քրոջս տված խոստումը պահել էի: Լիակատար երջանկության համար մի բան էր պակասում՝ կիսվել ուրախությամբ ընկերներիս հետ: Երեկոյան լուսանկարները հայտնվեցին Ֆեյսբուքում: 



Կարդացեք նաև.



Առավոտյան դասախոսս ոգևորված լսարան մտավ ու հարցրեց՝ Ֆան Խոխի թանգարա՞ն էիր գնացել: Ո՞ւմ… Միանգամից գլխի չընկա: Օ՜… Իհարկե, Վան Գոգի մասին էր խոսքը: Երկրորդ շաբաթն էի Նիդերլանդներում ու երկու բան հասցրել էի ֆիքսել նրանց հնչյունաբանությունից: Հոլանդացիները գրում են «Վ», արտասանում են «Ֆ»: Մեզ ծանոթ լատինատառ «Գ»-ն նրանց համար «Խ» է: Այդպես ես բացահայտեցի, որ ինձնից բացի, մի ամբողջ աշխարհ նկարչի անունը սխալ է արտասանում: Իրականում նա ոչ թե Վան Գոգն է, այլ Ֆան Խոխը: Այդպես են նրան կանչում մայրենի լեզվով:
Դասախոսիս այլ բան էր հետաքրքիր, ինչպե՞ս էի հաջողացրել կտավները նկարել…
 
[gallery ids="50575,50576,50577,50578,50579,50580,50581,50582,50583,50584,50585,50586"]

Տարածել