[Զինուժ] Այլընտրանքային ծառայություն. «ԵՍ ԵՄ» ծրագրի մասնակիցների առաջին օրերը զորամասում

[Զինուժ] Այլընտրանքային ծառայություն. «ԵՍ ԵՄ» ծրագրի մասնակիցների առաջին օրերը զորամասում

newmag-ը զինվորի օրինակով պատմում է «ԵՍ ԵՄ» ծրագրի մանրամասները. ինչպե՞ս է անցնում նրանց առաջին օրերը զորամասում

Յուրի Գուլաբյան, 18 տարեկան: Այս ամենը ձեզ որևէ բան չի ասի, մինչդեռ կհետաքրքրի նրա ընտրած ծառայությունը: Նա օրեր առաջ ավարտված ձմեռային զորակոչի մասնակիցներից է: Ծնվել ու մեծացել է Արմավիրի գյուղերից մեկում, դպրոցն ավարտվել ու պատրաստվել է բանակին: Նա իր գրեթե բոլոր հասակակիցներից տարբերվում է ընտրությամբ. որոշել էր ու միացել այլընտրանքային ծառայության ծրագրին:

«ԵՍ ԵՄ»-ի մասին, վստահ եմ, շատ եք լսել՝ եթերում, մամուլում, պաշտպանական գերատեսչության հայտարարություններում ու նախարարի ասուլիսներով: Պաշտպանության նախարարությունն առաջարկում էր զինակոչիկներին ստանդարտ տարբերակի փոխարեն ընտրել նոր ձևաչափն ու օգտվել արտոնությունից:

Նոր ծրագրով զորակոչված տղաները երկուսի փոխարեն կծառայեն երեք տարի:

Թվում է՝ երկար է, իրականում՝ միայն առաջին հայացքից: Այլընտրանքային այս ծառայության մասնակիցները ծառայության ավարտին կստանան 5 մլն. դրամ: Հիմա Յուրիի օրինակով ներկայացնենք ծրագիրը՝ ծառայության առաջին օրվանից մինչև վերջինը:

Յուրին ու մյուս մասնակիցները զորակոչվել են բանակի տոնին, երեկոյան էլ ուղևորվել են զորամաս: Արդեն այնտեղ են, այժմ անցնում են երիտասարդ մարտիկի դասընթացը: Սա «карантин»-ի  շրջանն է. առաջիկա երկու շաբաթներին բոլորի պես կպատրաստվեն երդման արարողությանը: Այդ օրը կտեսնեն ծնողներին ու կսկսեն ուսումնական փուլը:

5 ամիս: Սա բոլորի համար սահմանված ժամկետն է: Նորակոչիկները կլինեն զորամասում, կպատրաստվեն, կսովորեն զենք բռնել, հրաման կատարել, պահպանել հիգիենան: Այդ ընթացքում զինվորներին «մալադո» են ասում (նորեկների խոսակցական նկարագրությունն է):

Երբ ավարտում են ծառայության մեկ քառորդը, բոլորին տրամադրվում է 10-նօրյա արձակուդ: Սա երկու պատճառ ունի: Մեկով զորամասը ցանկանում է արագ կատարել իր պարտավորությունը, որ հետո լիարժեք իրականացնի իր ամբողջ պլանը՝ զինվորներին մարտական հերթապահության ուղարկելու համար: Երկրորդ պատճառը ծնողներն են: Սկզբնական շրջանում մայրերը հատկապես անհանգիստ են լինում, առիթներ են ստեղծում պարբերաբար զորամաս գալու ու իրենց որդիներին տեսնելու համար: Այդ արձակուրդով հարցը լուծվում է. տղային դիմավորում են տանը, տասն օր կարոտն առնում, հետո՝ համեմատաբար հանգիստ խղճով, ուղարկում են մշտական տեղակայման վայր:


Կարդացեք նաև.


Վերադառնանք «ԵՍ ԵՄ»-ին: Այս ծրագրի տղաների արձակուրդը մեկանգամյա չէ, սահմանված է կարգով ու հաստատված՝ ամենամսյա է: Ծառայության 6-րդ ամսից այս տղաները կսկսեն մարտական հերթապահություն իրականացնել նույն ժամանակացույցով, ինչով մյուսները՝ 2 շաբաթ դիրքում: Ի տարբերություն մյուսների, նրանք ամեն ամիս տուն կգան: Ստացվում է այսպես՝ 30 օրից 14-ը կլինեն դիրքերում, 7-ը տանը և 7-ը զորամասում:

Գաղափարը հետևյալն է՝ դիրքերից իջնելուն պես տղաները կվերադառնան տուն հանգստանալու համար: Հետո կգան զորամաս ու մեկ շաբաթ կպատրաստվեն հաջորդ հերթապահությանը:

Յուրաքանչյուր անգամ տուն գալիս տղաները կստանան 35 000 դրամ: Եթե ծառայում են 36 ամիս, որից 6-ը զորամասում, 30 ամսվա համար էլ գումար են ստանում, կարող եք հաշվել, պատկերացնել միայն այդ գումարի չափը:

Ծառայությունն ավարտելուն պես տղաները կստանան 5.000.000 դրամ: Հիշում եք մեր հերոսին՝ Յուրիին: Նրա պլաններին ծանոթ եմ, պատրաստվում է այդ գումարով իրենց գյուղում բիզնես անել, գումարը գյուղատնտեսության մեջ դնել ու մեծացնել ծավալները:

«ԵՍ ԵՄ» ծրագրին առաջին զորակոչի ժամանակ մոտ 150 երիտասարդ է մեկնել ծառայության:

Նրանք հեռու են՝ մարտական խնդիր կատարող զորամասում, առանձին ստորաբաժանում են ձևավորել: Շուտով նրանց երդմնակալությունն է, երբ երդվեն, կհիշեցնեմ նրանց մասին:

Գրել կարծիք