ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Զինուժ] Ձմեռային զորակոչը սկսված է. Ի՞նչ պետք է ի

[Զինուժ] Ձմեռային զորակոչը սկսված է. Ի՞նչ պետք է իմանա նորակոչիկը

Տոներից հետո բոլորի ուշադրությունը մեկ ուղղությամբ է՝ ձմեռային զորակոչի: Հայաստանում յուրաքանչյուր ընտանիք կամ զինվոր ունի բանակում կամ էլ նոր է զինվոր ճանապարհելու: Ընտանիքների ու գործընթացի համար օրակարգը նույնն է՝ մազերը կտրած, սափրված, լարվածությունից փակ ախորժակով ու քաղցած զինակոչիկները՝ ընկերների ու ծնողների հետ ներկայանում են տարածքային զինկոմիսարիատ, հանձնում անձնագիրը, կոսմետիկ հետազոտություն անցնում ու դուրս գալիս բարեկամների կողքին կանգնում, սպասում: Բոլորը նույն ընթացակարգով անցնում են ու հավաքվում դրսում մինչև բոլորի ստուգումներն ավարտվեն ու ՊՆ ավտոբուսը գա: Այստեղից տղաները շարժվում են ծափերին պատասխան ժպիտով ու ընկերների ավտոշքերթին հետևելով, մինչև կենտրոնական հավաքակայան:  
Սովորաբար զինակոչիկների ընկերներն առաջ են ընկնում ավտոբուսից, փակում դիմացը, դուրս գալիս մեքենաների խցիկներից ու «ջահելություն» անում: Հատկապես ակտիվ են նրանք, ում ձեռքին հայրերի մեքենաներն են և ում ձեռքում չկան վարորդական վկայական: Այդ պատճառով էլ նրանք պարբերաբար հայտնվում են ՃՈ ուշադրության կենտրոնում կամ էլ վթարի կիզակետում: Ամեն ինչ ավարտվում է հավաքակայանի մուտքից ներս: Ծնողներն էլ, ընկերներն էլ հավաքվում ու ժամերով սպասում են մինչև իրենց ներս կանչեն:
Այս անգամ կներկայացնեմ հավաքակայանի ներքին անցուդարձը համեմատելով իմ տարիների հետ, ինչպես է հիմա և ինչպես էր 3 տարի առաջ: Զինակոչիկների նոր սերունդն անգիր գիտի ինչ է իրեն սպասվում առաջիկա ժամերին, մենք անտեղյակ էինք: Տարիներ առաջ զինակոչիկներին դիմավորող ռազմական ոստիկանները սառն էին, խիստ և կոպիտ, երբեմն թվում էր իրավախախտների հետ են շփվում: Հիմա այլ է, ոստիկանները ջերմ չեն, սակայն կատակում են, հումորով կշտամբում, բարկանում ավագ եղբոր նման՝ ժամանակավոր այցելուներին վերաբերվելով ավելի մեղմ, հանգիստ տոնով: Սա երևի թե ամենակարևոր երևույթն է զինակոչիկների համար: Տարածքին սկսում են վերաբերվել ոչ թե որպես ահուսարսափի զորամաս, այլև պարզ ընթացակարգային բաշխման վայր: Իրենք էլ դառնում են ազատ, հանգիստ, ժպիտով, առանց ավելորդ լարվածության: Այս ամենը երևում է նույնիսկ ծխարանների կողքով անցնելիս: Իմ տարիներին ծխում էին գրեթե բոլորը և անդադար, իրար հետևից վառելով ծխախոտը ու անհանգիստ նայելով այսուայնկողմ, հիմա հաշված մարդիկ են ծխում, ավելի հաճախ՝ երգում են, կատակում, ծանոթանում, ընկերանում:
Հագուստի հարցն այն ժամանակ այլ էր, զինվորները քաղաքացիական շորերով գալիս էին հավաքակայան ու գնում զորամաս, շորերն էլ կամ անհետանում էին կամ հայտնվում ուրիշների ձեռքում: Քչերն են իրենց առաջին հագուստով տուն զորացրվել: Հիմա նրանց զինվորական համազգեստ են տալիս, այս ամսին՝ ձմեռային հանդերձանքով, տաք հագուստով: Այդպես էլ զորակոչվում են: Սա մի քանի խնդիր է լուծում՝ զինուժի ղեկավար կազմը վստահ է, որ այդ դեպքում տղաները չեն մրսի, տղաներն էլ կարող են իրենց շորերը վերադարձնել ծնողներին՝ տեղում, օրվա ավարտին, վիճակահանությունից հետո: Ընդ որում հանդերձանքը զինակոչիկին տրամադրող սպաները չափազանց ուշադիր են համազգեստը տրամադրելիս, որ զինհանդերձանքը մեծ կամ փոքր չլինի, փորձում են, զննում տղաներին ու նոր տալիս փաթեթը: Ընդ որում օգնում են նաև հագնել, չէ որ շատերը չգիտեն զինվորական կարգով ու հերթականությամբ հագուկապի ճիշտ ձևը:
Սնունդը: Սա նույնպես զորակոչի գլխավոր փոփոխություններից է: Երբ զորակոչվում էի, ինձ խորհուրդ էին տալիս սնունդ վերցնել, ծնողներս պարտադրում էին, փայլաթիթեղի մեջ փաթաթում խաշած հավը, նրբերշիկը ու էլի այսպիսի ուտեստներ, լրացուցիչ աղանդեր: Ընդ որում մեկը ճոխ կապոցներով էր գալիս, մյուսը դատարկաձեռն ու շատ անհավասար իրավիճակ էր ստեղծվում: Հայտնվում էինք հավաքայանի մեծ դահլիճում, բացում էինք գունավոր տոպրակները, անկանոն սնվում ու...մեկը թունավորվում էր, մյուսը ճնշման տատանումներ էր ունենում, երրորդը գունատվում: Այդպես էլ մի քանիսին տեղափոխում էին հոսպիտալներ, բուժում հետո բանակ տանում: Ճաշի պրոցեսը հաճելի չէր, հետևանքը՝ նույնպես: Հիմա արգելված է դրսից սնունդ բերել, սնվում են ճաշարանում, բոլորը նույն համազգեստով, օգտվում են նույն ճաշացանկից, պայմանները հավասար են, սնունդն անվտանգ ու թարմ: Ընդ որում զինակոչիկներն ամենևին էլ զինվորական ճաշերով չեն կշտանում, բավարարվում են ավանդական և գրեթե ռեստորանային մենյուից՝ մսեղեն, աղցաններ, կոմպոտներ:
Այս տարի ևս մեկ նորամուծություն կա. հավաքակայանում հայտնված զինակոչիկները հատուկ սարքի միջոցով թողնում են իրենց մատնահետքը, որպեսզի ստանան սոցիալական ու բանկային քարտեր: Ամսական գումարը կստանան ոչ թե առձեռն, այլ բանկային փոխանցմամբ: Հավատացեք՝ սա չափազանց կարևոր է արատավոր երևույթներից խուսափելու համար: Նախկինում լինում էին դեպքեր, երբ այդ գումարը՝ շարքայինի համար 3400 դրամ, հայտնվում է մեկ այլ, ավագ ծառայակիցների ձեռքում: Հիմա զինվորը կարող է տնօրինել իր գումարը, ծախսել այն անհրաժեշտ պահին, կուտակել իր հաշվին, երբ գումարն ավելորդ է:



[Զինուժ] շարքից կարդացեք նաև.



Բուն զորակոչի գործընթացն իրականացվում է բոլորի աչքի առաջ, տղաներին թվեր են կցում, հետո տառեր ու դրանցով էլ սկսվում է զորակոչի եզրափակիչ փուլը՝ վիճակահանությունը: Թմբուկները շատ են, յուրաքանչյուրն իր ուղղությունն ունի՝ վարորդներ, ուսումնական զորամասեր, հատուկ նշանակության ստորաբաժանումներ: Օրվա երկրորդ կեսին ամեն ինչ պարզ է դառնում, զինակոչիկներն էլ, ծնողներն էլ իմանում են զորամասերի տեղն ու նշանակությունը: Օրվա երրորդ կեսին գալիս են փոխադրամիջոցները: Արցախ մեկնում են ամենահարմարավետ ու էլիտար ավտոբուսները, մյուս ուղղություններով շարժվում են ՊՆ ավտոբուսները:
Առաջիկա օրերն ադապտացվելու շրջանն են, հետո գրաֆիկը կխտանա, դասերը կսկսվեն ու ամեն ինչ արագ հունի մեջ կընկնի: Մի շտապեք այս օրերին այցելել տղաներին, թողեք հանգիստ տեղավորվեն, ավելին ինքնուրույն հաստատվեն ու հարթեն իրենց երկամյա ճանապարհը: 40 օր անց զորամասում կլինեք, կտեսնեք, կլսեք ու կխմեք ձեր զինվորի կենացը, չմոռանաք մյուսներին, դիրքերում կանգնած զինծառայողներին:
Այս տարի սկսվեց նոր ծրագիր «ԵՍ ԵՄ»: Առաջիկա օրերին այդ ծրագրին մասնակից բոլոր տղաները մեկ օրում ու միասին կզորակոչվեն, կլինեն մեկ զորամասում, կծառայեն առանձին ստորաբաժանման կազմում, մյուսներից տարբեր գրաֆիկով ու պայմաններով: Առաջին հինգ ամիսը բոլոր նորակոչիկների համար երիտասարդ մարտիկի դասընթացներն են, դրանից հետո ԵՍ ԵՄ-ի զինծառայողները ամսվա առաջին շաբաթը կլինեն տանը, երկրորդ շաբաթը՝ զորամասում և վերջին երկու շաբաթները կանցկացնեն դիրքերում: Տունդարձի և վերադարձի գումարը կտրամադրի պաշտպանական գերատեսչությունը՝ նվազագույնը 35 000 դրամ: Վերջում կստանան 5 միլիոն դրամ սահմանված կարգով ծախսելու համար: Նրանց մասին կպատմեմ ավելի ուշ, երբ զորակոչվեն, ինքս այցելեմ ու զրուցեմ իրենց հետ:   

Տարածել