Գլխավոր Հոդվածներ

[100 մոնոլոգ] Սոս Սարգսյան. իմ թեկնածությունը որպե

[100 մոնոլոգ] Սոս Սարգսյան. իմ թեկնածությունը որպես նորանկախ Հայաստանի նախագահ


Սոս Սարգսյանը՝ նախագահ - 90-ականներին մեզ ամեն ինչ շատ հետաքրքիր էր: Եվ հենց այդ հետաքրքրությունից դրդված, ինչպես նաև ընկերներիս խորհրդով ես առաջադրեցի իմ թեկնածությունը որպես նորանկախ Հայաստանի նախագահ: Անշուշտ, գիտեի, որ չեմ ընտրվելու, սակայն անկեղծ լինեմ: Շատ բան էսպես չէր լինի, շատ-շատ բաներ չէին կործանվի, եթե իսկապես ընտրվեի: Ես ինձ քաղաքական գործիչ չեմ համարում, սակայն ես գյուղացու տղա եմ ու ապրանքի, մարդու քրտինքի արժեքը լավ գիտեմ: Ինչպես հիմնվեց մեր պետությունը, էնպես էլ գնաց, ու հիմա ուղղելը շատ դժվար է. հի՛մքը լավը չի: Համենայնդեպս, գիտեմ, որ մարդկությունը, առաքինությունը, ազնվությունը, բարոյականությունը, արդարությունը հաստատ էդքան ցած չէին ընկնի ու էդքան չէին ցեխոտվի:

ծննդավայր - Չգիտեմ թե ինչու, լավ քաղաքի չափանիշն ինձ համար հին Ստեփանավանն է: Սակայն քաղաքը քաղաքի էր նման իր մարդկանցով: Էն մարդկանցով, որոնք երբեք թույլի ու փոքրի վրա ձեռք չէին բարձրացնի: Ծննդավայրս քաղաքի նմանվեց ռուս մտավորականության շնորհիվ: Նրանք, Ստալինի ռեժիմից փախչելով, եկել, մեզ մոտ էին աշխատում: Լոմոնոսովի, Լայպցիգի համալսարանն ավարտած մարդիկ էին: Նրանք էին քաղաքի կերպարները: Հին Երեւանն էլ ինձ համար իմ տեսած առաջին դաշնամուրն էր, առաջին տրամվայն ու էլի մարդիկ, կարգին մարդիկ: Չէ՛, երեւանցի չդարձա, մնացի կիսագյուղացի ու կիսաքաղաքացի տղա:

հայի տեսակը - Ես երբեք չեմ մոռանում, որ ես հայ եմ: Նկատի առնելով այն, որ «Ձորի Միրոն» մեծ ազդեցություն թողեց մեր ժողովրդի վրա, կարող եմ ասել՝ այն լավագույն դերս է: Երբ Իրան-Իրաք պատերազմը դեռևս չէր սկսվել, մի հայ եկավ Իրաքից ու ասաց, որ այնտեղ՝ սարերում, երկու գյուղ կա հայկական: Պատմեց, որ վերցրել է «Ձորի Միրո» ֆիլմն ու տարել էդ գյուղերը: Էնտեղ էդ գյուղերի ժողովրդին հավաքել են մի տեղ ու ցուցադրել ֆիլմը: Հայաստան չտեսած, հայ չտեսած մարդիկ լաց են եղել: Վերջում էլ նրան փոխանցել են, թե՝ կերթաս Հայաստան ու էն տղի ճակատ կպագնես: «Եկել եմ,- ասում է,- քո ճակատը պագնելու»: Նշանակում է՝ մարդիկ ամրացան, մարտունակ դարձան, հաստատուն դարձան իրենց հայ լինելու մեջ: Ես էդ դերը չեմ խաղացել, այլ իմ մեջ կուտակված հույզերով պարզապես ապրել եմ Միրոյի կյանքով: Ձորի Միրոն հայ կինոյում առաջին մարդն է, որ զենքը ձեռքին իր տունն ու հայրենիքն է պաշտպանել: Նման ուրիշ դեպք չի եղել:




էրեկվա ու էսօրվա թատրոնը - Թատրոնը պահպանողական հաստատություն է, և հենց դրա մեջ է նրա ուժը: Այսօր ո՛չ թատերական էթիկա գոյություն ունի, ո՛չ էլ էսթետիկա: Խորհրդային տարիներին Սունդուկյան թատրոնում հանճարեղ դերասանների մի համաստեղություն էր ստեղծագործում, սակայն նրանցից բացի կային երկրորդ, նույնիսկ երրորդ կարգի դերասաններ, որոնք շատ ուրախ էին, որ հենց Սունդուկյան թատրոնում են աշխատում: Մի անգամ Աբովյան փողոցում հանդիպեցի դերասան Գևորգ Ասլանյանին, որի դեմքը երջանկությունից շողում էր: Պարզվեց, որ Չեխովի «Քեռի Վանյա» պիեսում Աճեմյանը նրան դեր է տվել, և նա այդ առիթով հրավերք է կազմակերպելու: Վաղարշ Վաղարշյանին ու Դավիթ Ներսիսյանին էր հրավիրելու: Եվ դա այն պատճառով, որ երկու ֆրազ պիտի արտասաներ բեմում: Այ դա՛ էր թատրոնը:




խիղճ - Սխալներ շատ եմ արել: Մի օր ստուգարք անցկացրի ու հայտնաբերեցի, որ շատ վրիպումներ եմ ունեցել: Անկեղծ ասած, նույնիսկ ամաչում եմ խոսել այդ մասին: Չէ՛, ես գիտեմ... էսքանն էլ բավական է...











Տարածել