Գլխավոր Հոդվածներ

Մարկ Մենսոն. ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը

Մարկ Մենսոն. ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը

Ինքնագնահատականը չափման միավոր է: Եթե մտածում եք, որ թույն դեմք եք ու վստահ եք, որ հասնելու եք ձեր նպատակին, ուրեմն շնորհավորում եմ. դուք բարձր ինքնագնահատական ունեք: Եթե կարծում եք, որ ձեր կյանքն անվերջանալի հոգսերի շղթա է, ու միայն աննորմալը կսիրի ձեզ, ուրեմն, կներեք, ձեր ինքնագնահատականը ցածր է:
Թվում է, թե տնօրենները, դերասանները, գործիչները, մարզիկներն ու մեծ նվաճումներ գրանցած մյուս  մարդիկ  ունեն մի ընդհանուր բան` բարձր ինքնագնահատական, ու հենց դա է նրանց հաջողության գաղտնիքը: Սա մակերեսային եզրակացություն է: Ամեն ինչ հակառակն է: Նրանք հենց այդ հաջողությունների շնորհիվ են ձեռք բերել բարձր ինքնագնահատական:
Ինքնագնահատականը բարձր կամ ցածր որակելու փոխարեն մենք այն կարող ենք բաժանել երկու մեծ խմբի.
Առողջ ինքնագնահատական
Առողջ ինքնագնահատականը մեր վերաբերմունքն է այն ամենի հանդեպ, ինչը մենք կարող ենք կառավարել: Օրինակ, գուցե ուղղակիորեն չեք կարող կառավարել ձեր աշխատավարձի չափը, բայց կարող եք կառավարել ձեր ջանքերը շատ գումար աշխատելու ճանապարհին: Ու ձեզ մեղադրելու փոխարեն հպարտանում եք ձեր արած աշխատանքով ու նոր բան սովորելու ձգտումով: Սա ձեզ օգնում է դառնալ մրցունակ մարդ, որը հետագայում հաստատ ավելի շատ է վաստակելու:
Թունավոր ինքնագնահատական
Թունավոր ինքնագնահատականն արտաքին գործոնների ազդեցությունն է. այն` ինչը դուք չեք կարող կառավարել: Սա շատ փխրուն է դարձնում ձեր ինքնագնահատականը: Ձեզ կարող է  կործանել ամենափոքր բանը, որը ցույց կտա, որ դուք չեք համապատասխանում արտաքին աշխարհի չափանիշներին: Անգամ տհաճ խոսակցությունը կամ խեթ հայացքը ձեզ կստիպեն հարցականի տակ դնել ոչ միայն ձեր ինքնագնահատականն, այլ նաև կյանքի արժեքն ընդհանրապես:



Կարդացեք նաև.



 Ինչպե՞ս ստեղծել առողջ ինքնագնահատական
 Պետք է փոխել վարքագիծը: Ասելը հեշտ է, անելը` դժվար: Ուստի առանձնացրել եմ մի քանի պրակտիկ ցուցում.

  1. Մի պահ ընդունեք ձեր ցածր ինքնագնահատականը 


Էմոցիաները ժամանակավոր են: Հասկացեք, թե ի՞նչն է ձեզ խանգարում այս պահին, ազատվեք սխալվելու բարդույթից ու ձեր գլխում խնդրի լուծման համար տեղ ազատեք:

  1. Կարեկցեք ինքներդ ձեզ


Ցածր ինքնագնահատականով մարդիկ շատ խիստ են իրենց նկատմամբ: Նրանք ամեն բան խիստ անձնավորված են ընդունում:
«Ինչ հիմար եմ, ո՞նց կարող էի նման բան ասել»
«Էլի սխալվեցի, ես անուղղելի ապուշ եմ»
Հարց. երբ ձեր ընկերն է սխալվում, դուք այսկե՞րպ եք արձագանքում:
Իհարկե ոչ: Դուք  մխիթարում եք նրան ու հիշեցնում, որ բոլորն էլ սխալվում են, որ նա ահավոր մարդ չէ, այլ պարզապես մարդ է ու կարող է սխալվել:
Ինչո՞ւ նույնը չեք անում ձեր դեպքում: Հաջորդ անգամ, երբ նման իրավիճակում լինեք, մի պահ կանգ առեք: Իրավիճակին նայեք ձեր լավագույն ընկերոջ տեսանկյունից ու հարց տվեք ձեզ` իրո՞ք ամեն ինչ այդքան վատ է: Եվ հիշեք` բաներ կան, որոնք դուք իսկապես չեք կարող կառավարել:

  1. Ընդունեք ձեր թերությունները


Առողջ ինքնագնահատականի ցուցանիշ է ոչ թե այն, որ ձեզ անթերի եք համարում, այլ այն, որ ընդունում եք ձեր թերությունները: Առողջ ինքնագնահատական ունեցող մարդիկ չեն մտածում, որ լավագույնն են ամեն հարցում: Հենց դա է գաղտնիքը: Ընդունիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս:
 


Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում





 

Տարածել