Ինչպիսի՞ն էր 2019 թվականը newmag-ի համար
Newmag-ի համար 2019-ի առաջին խոշոր ձեռքբերումը գրքերի մեծ թափով թարգմանությունն ու հրատարակությունն էր։ Այս տարի newmag-ը հրատարակեց 15 գիրք, որոնք պարբերարաբար հայտնվում էին ամենավաճառված բեսթսելլերների ցուցակներում։
«Հիմնականում փորձում էինք ուսումնասիրել շուկան։ Հայտնաբերեցինք, որ երկու գրքից ավելի նույն ամսում պետք չէ նոր գիրք հրատարակել, որովհետև երկուսից ավելիի դեպքում գրքերը կարող են խանգարել մեկը մյուսի վաճառքին։ Չպետք է նաև դադար տայինք ամռանը։ Մենք հուլիսին և օգոստոսին գիրք չհրատարակեցինք, և դա սխալ էր բիզնեսի տեսանկյունից, որովհետև հրատարակչությունը սիրում է անընդհատականություն», - ասում է հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը։
Երկրորդ ամենախոշոր ձեռքբերումը ժանրերի ընդլայնումն էր։ Բացի սպորտային և ինքնաճանաչողության մասին գրքեր հրատարակելուց, newmag-ը հրատարակեց նաև առողջապահական, պատմական, քաղաքագիտական և հուշագրության ժանրի գրքեր։
«Մեզ համար անակնկալ էր Փոլ Իգնեշիուսի գրքի հաջողությունը, որովհետև նա անհայտ հեղինակ է։ ԱՄՆ պետական գործիչ է, որը գործել է 20-րդ դարում և պատմում է Միացյալ նահանգներում իր և ամերիկահայ համայնքի մասին։ Տեսանք, որ հայ ընթերցողը հետաքրքրված է հայկական սփյուռքի պատմությամբ», - ասում է newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը։
Ամիսը երկու նոր գիրք հրատարակելու սկզբունքը պահելով՝ newmag-ը բազմաթիվ գրքերի հրատարակություն տեղափոխեց 2020 թվական։ Պատճառն այն է, որ ընկերությունը չի ցանկանում շուկան ծանրաբեռնել։ Ընդհանուր առմամբ, newmag-ը թարգմանել և հրատարակել է 19 գիրք։
«Ամբողջությամբ սպառվել են «Թքած ունենալու նուրբ արվեստը», «Աղջիկ ջան, ուշքի արի», «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր», «Մեսսի» և Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» ու «Մեղմ Շշուկով» գրքերը։ Վերջանում է նաև «Ռոնալդու» և «Ի՞նչ է պոպուլիզմը» գրքերի տպաքանակները», - ասում է Արտակ Ալեքսանյանը։
Գրքերի ընտրության հարցը կատարվում է շատ մանրակրկիտ։ Սովորաբար բոլոր հրատարակվող գրքերն ընթերցում է հրատարակչական թիմը։ Ընտրությունը կախված է դրա կարևորությունից, թե ինչպիսի՞ն է արձագանքը հրատարակված երկրում և վաճառքի ի՞նչ ցուցանիշներ է ունեցել այդ երկրում։
«Աշխատում ենք ընտրել այնպիսի գրքեր, որոնք ոչ միայն հետաքրքիր են մեզ, այլ նաև հետաքրքիր են մեծ զանգվածի համար, որը, ըստ ստացած կրթության և քաղաքակրթական աստիճանի, ի վիճակի է ընկալել դրա կարևորությունը, պատրաստ է գնել այն և սեփական պատկերացումը կազմել այն բոլոր երևույթների վերաբերյալ, որոնք արտահայտված են այդ գրքում։ Գրքի տարածումը, հատկապես թարգմանական գրականության տպագրումը և վաճառքը, քաղաքակրթական ակցիա է», - ասում է newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։
Newmag-ի բոլոր գրքերն ընթերցողների շրջանում դառնում են պոպուլյար։ Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ դեռ չեն եղել գրքեր, որոնք չեն հավանել ընթերցողները։ Բացառություն են միայն ֆուտբոլիստների գրքերը։
«Օրինակ՝ Ռոնալդուի երկրպագուները սկզբունքորեն չեն գնում Նեյմարի և Մեսսիի մասին գրքերը, կամ Մեսսիի երկրպագուները սկզբունքորեն չեն գրում «Ռոնալդուն» և «Նեյմարը»։ Այս իմաստով՝ սպորտային գրականությունը ոչ միայն ունի մեծ լսարան, այլ նաև ճամբարների է բաժանված», - ասում է Արտակ Ալեքսանյանը:
Այս տարի newmag-ը բացի թարգմանական գրականությունից, ներկայացրեց «100 մոնոլոգ» գիրքը: Newmag-ի 100 մոնոլոգները մի քանի սերնդի հետաքրքիր ներկայացուցիչների փսիխոգենեզի ցուցիչներ են, որոնք ուղեկցվում են սև, սպիտակ լուսանկարներով:
«100 մոնոլոգը newmag-ի ամսագրային անցյալը գրքի տեսքով ամփոփելու նախաձեռնություն էր։ Այն ներկայացնում է որպես ամսագիր իր լավագույն էջերից մեկի՝ մոնոլոգների հավաքածուն։ Այդ առումով՝ փորձեցինք այս գրքով փակել newmag-ի ամսագրային կենսագրությունը», - ասում է newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը։
Newmag-ը հրատարակչական տարին փակում է՝ ընթերցողներին յուրահատուկ խոստում տալով։ Ամեն տարի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան և մահվան օրերին, newmag-ը հայ ընթերցողներին կներկայացնի շանսոնիեի գրքերի նոր թարգմանությունները։ Երկուսն արդեն թարգմանվել են՝ «Կյանքից կառչած»-ը և «Մեղմ շշուկով»-ը։
«Պարզվեց, որ ժողովուրդը և ընթերցողները ոչ միայն սիրում են լսել Ազնավուրին, այլ նաև՝ ընթերցել։ Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ Ազնավուրը բեսթսելլեր հեղինակ է, որովհետև նրա երկու գրքերն էլ, երկու տպաքանակներն էլ ամբողջությամբ վաճառված են», - ասում է Արտակ Ալեքսանյանը։
Հրատարակչությունների համար տարվա գլխավոր միջոցառումը Գրքի երևանյան փառատոնն էր, որն առանձնացավ հյուրերի և այցելուների մեծ հոսքով։ Newmag-ը նույնպես մասնակցեց այս փառատոնին, որի շնորհիվ ընթերցողների հետ անմիջական շփման հնարավորություն ստեղծվեց, գրանցվեցին վաճառքի լավ ցուցանիշներ։ Այս փառատոնի շրջանակում newmag-ը նաև ներկայացրեց «Ալի․ աշխարհի արքան» սպորտային բեսթսելլերը։
«Ընդհանուր առմամբ, շատ ակտիվ ցուցահանդես էր, իհարկե, ցանկալի կլիներ, որ հրատարակիչների համար մի քիչ ավելի լավ շենքային պայմաններ լինեին, որովհետև բավականաչափ ցուրտ էր, թիմի բոլորը անդամները հիվանդացան, և երկրորդը` շատ դժվար էր ցուցադրել բոլոր գրքերը, որովհետև տարածքը շատ փոքր էր, և հրատարակիչները միմյանց խանգարում էին», - ասում է Արտակ Ալեքսանյանը։
Ի՞նչ հրատարակեց newmag-ը 2019 թվականին
Տարին հարուստ էր հրատարակչական կուլտուրայի ձևավորմամբ և զարգացմամբ։ Newmag-ում անընդհատ ուսումնասիրում են ռուսական և արևմտյան հրատարակչությունները, որոնք օրինակելի են։ Գլոբալ շուկայում մրցակցությանը կիրառելի չափանիշներ են տալիս՝ կազմի ձևավորման և գրքի կառուցվածքի առումով։
«Թարգմանված գրքերի վերնագրերի հայերեն ադապտացիայի ժամանակ նոր տառատեսակներ են ստեղծվում։ Դրանցից կառանձնացնեի «Ալի․ աշխարհի արքան» գիրքը, որի վերնագիրը, շապիկի դիզայնից մինչև վերնագրի տառատեսակ, հեղինակային է։ Newmag-ի գրքերի շապիկների հայերեն ադապտացիան՝ բնօրինակին համարժեք, նույնիսկ, բնօրինակից ավելի լավ շապիկ ստանալն իմ նշաձողերից մեկն Է։ Ընթացքում ծնվում են տառատեսակներ, որ պետք են ինձ, բայց չկան հայկական տառատեսակադարանում», - ասում է newmag-ի դիզայներ Էդիկ Պողոսյանը։
Ընդհանուր առմամբ, 2019 թվականը փորձ կուտակելու տարի էր։ Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանի խոսքով` սա տարի էր, երբ եղան սխալներ, սխալ հաշվարկներ, բայց, դրա հետ մեկտեղ, բավականին ակտիվ, գերհագեցած ժամանակաշրջան։ Ձևավորվեց newmag-ի ընթերցողների բանակը։ Վերջնական տեսքի են բերվել newmag-ի էլեկտրոնային հարթակները․ ինստագրամը, թվիթերը, ֆեյսբուքը և կայքը։ Այս տարվա վերջին նորությունն արտասահմանում ապրող ընթերցողների համար էր։ Newmag-ն ընդլայնել է գրքերի առաքման աշխարհագրությունը: Այսուհետև գրքերը կարող եք ստանալ աշխարհի ցանկացած կետում: Երևանում գրքերն առաքվում են անվճար, մարզեր և Արցախ՝ 1000 դրամ, արտասահման՝ 5000 դրամ: Newmag-ի գրքերը պատվիրելու համար կարող եք այցելել books.newmag.am կայք:
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում