Գլխավոր Հոդվածներ

Ինչո՞վ է արժեքավոր Ազնավուրի գիրքը և ինչո՞ւ որոշեց

Ինչո՞վ է արժեքավոր Ազնավուրի գիրքը և ինչո՞ւ որոշեցինք այն թարգմանել

Ինձ թվում է, որ մեր բոլորի ամենամեծ խնդիրը փորձի պակասն է։ Բայց ոչ այն փորձի, որ լսում ենք լուրերով, ոչ էլ հմտության, կամ տեխնիկական գիտելիքի։ Ի վերջո, ժամանակի ու տրամաբանության խնդիր է, թե որքան արագ կյուրացնես հաջողված օրինակները։ Խոսքը մարդկային հարաբերություններում ձեռք բերած փորձի մասին է. այն, ինչ ապրել ու տեսել են, ու կարող են մեզ փոխանցել։


Հայ ժողովրդի պատմության ամենադառը շրջանները եղել են ամեն ինչ պարբերաբար ու հարկադրաբար սպիտակ էջից սկսելու փուլերը։ Հայոց Ցեղասպանության ամենամեծ հարվածը մեր մարդկային կապիտալի ոչնչացումն էր: Կործանումն այն էլիտայի, որը ձևավորվել էր հարյուրամյակներով։ Բոլշևիկյան հեղափոխության ու ստալինյան ռեպրեսիաների ամենամեծ վնասը 1-ին հանրապետության պետական, հասարակական, մշակութային գործիչներին ոչնչացնելն էր։ 1990-ականների սկզբին էլ մենք կորցրինք խորհրդայի՛ն շրջանում նոր-նոր ձևավորվող էլիտայի՝ տասնամյակների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքը։ Եվ այս չդադարող մարդկային կապիտալի վակուումի մեջ Սփյուռքը մեզ համար ժամանակակից իդեաների նոր աղբյուր է, նոր հայացք ու նոր փորձ։


Ազնավուրի այս գիրքը, ու նրա ընդհանրապես գրքերը երաժշտության մասին չեն: Մեծ աշխարհում մրցունակ լինելու, ժամանակի ռիթմը զգալու և պահանջները հասկանալու մասին են։ Մի փորձ, որը մենք չունենք։ Ի վերջո, Ազնավուրը որպես արվեստագետ կայացավ, որովհետև կարողացավ պահպանել իր ինքնությունը: Որպես ֆրանսիացի և որպես հայ՝ նա հաջողության հասավ անգլախոս ու ռուսախոս աշխարհում, հասկանալի դարձավ շատերի համար։

Ազնավուրի փորձը գլոբալ աշխարհում հայ լինելու և դրանով հանդերձ՝ հաջողելու մասին է։ Էթնիկ պատկերացումներով Չսահմանափակվելու մասին է: Դրանց կողքին մյուս ազգերի արժեքները տեսնելու և դրանք գնահատելու մասին է: Չտրվել կարծրատիպերին, բաց լինել բոլոր մշակույթների առջև և անկեղծ լինել օտարների հետ – հուշում է Ազնվուրը: Փող աշխատել հրեաների հետ և պահանջատեր լինել թուրքերից – համոզում է Ազնավուրը։ Պարզ, հստակ, ռացիոնալ: Առանց պրովինցիալ բարդույթների։



Ազնավուրը երբեք չի հավակնել աշխարհի մեծագույն գրողների շարքին դասվելուն։ Բայց նա ֆրանկոֆոն աշխարհի ամենահայտնի հայն է։ Նրա գրքերի համաշխարհային վաճառքի ցուցանիշը զիջում է միայն Ուիլյամ Սարոյանի ստեղծագործությունների վաճառքին։ Սփյուռքահայ հեղինակների սանդղակում, իհարկե: Ազնավուրը գրել է այն, ինչ զգացել է. ըստ տրամադրության: Երբեմն արձակ, երբեմն չափածո։ Բայց սա անկեղծ զրույց է, խորհրդածում՝ ընթերցողի հետ։


[embed]https://youtu.be/QVxbfo4ll7c[/embed]

newmag–ի նպատակն է ներկայացնել այս զրույցները, պատմությունները, փորձը՝ գրքերի միջոցով։ Ի վերջո, մեր հասարակությունը պետք է փորձի տասնամյակներ առաջ պլանավորել մեր կյանքը, որպեսզի հաջորդ սերունդները հարկադրված չլինեն հերոսաբար հաղթահարել մեր՝ այսօրվա անփորձության հետևանքները։ Ահա ինչու որոշեցինք թարգմանել Ազնավուրին։


Մենք առաջարկում ենք մեծ պոետի մահից հետո էլ շարունակել բացահայտել նրան, «ճանաչել իմաստությունը, հասկանալ հանճարի խոսքը»: Եվ Ազնավուրի փորձը՝ նրա երգերի ու գրքերի միջոցով փոխանցել մեր սերունդներին։




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել