newmag-ը հրատարակել է համաշխարհային բեսթսելլեր. ինչի՞ մասին է «Սիրո 5 լեզուները»
Սա հաճելի ընթերցանության ձեռնարկ է ամուսնացած զույգերի համար: Հեղինակը փորձում է ամուսիններին օգնել ծանր հարաբերությունները «բուժելու» գործում: Նա առաջարկում է 5 բաղադրատոմս, սիրո 5 լեզու՝ «խրախուսանքի խոսքեր ասելու, օգտակար լինելու, նվերներ անելու, միասին ժամանակ անցկացնելու և ֆիզիկապես շփվելու» հորդորներով:
«Սիրո 5 լեզուներ» գրքում Գերի Չեփմենն իր անձնական օրինակով հաստատում է երջանիկ հարաբերությունների բանաձևը։ Իր կնոջ հետ ամուսնությունը, չնայած բազմաթիվ խոչընդոտներին, բարեկեցության խորհրդանիշ է: Նա Քերոլինի հետ մեծացրել է երկու երեխաների և հիմա ուրախանում է թոռներով:
Գերի Չեփմենը գրականություն է բերել նոր բանաձև: Նրա տեքստերը զգուշորեն «նորոգում են» ներընտանեկան հարաբերությունները։ Չեփմենի ստեղծագործությունների բազմաթիվ վերահրատարակումները և 38 լեզվով թարգմանությունները փաստում են. նրա խորհուրդներն էֆեկտիվ են, օգնում են ամուր ընտանեկան կապեր ստեղծել և պահպանել դրանք։ Սա ունիվերսալ ձեռնարկ է՝ խորհուրդների ու օրինակների մեծ պաշարով: Սիրո 5 լեզուները կարող են կարդալ բոլորը, այն չի ճանաչում սեռ, տարիք և ազգություն:
Գիրքը թարգմանել է Լիլիթ Գիրգորյանը: Նա կարծում է, որ գիրքը հատկապես կարևոր կարող է լինել հայ տղամարդկանց համար.
«Կոչ է արվում փոխադարձաբար սիրել միմյանց: Ոչ թե միայն կինը ծառայի ամուսնուն, դրական խոսքեր ասի նրան, այլև այդ ամենը լինի փոխադարձ: Մեր միջավայրում, կարծում եմ, տղամարդիկ կբարդույթավորվեն իրենց կանանց կենցաղում օգնելու մտքից: Բայց լավ կլինի, որ այս գրքի շնորհիվ սկսեն մտածել այս մասին»:
«Սիրո 5 լեզուները» գրքի հայերեն տարբերակը խմբագրել է Տաթևիկ Նալբանդյանը։ Նրա խոսքով, գիրքը խմբագրելիս, ամենամեծ մարտահրավերը հեղինակի անմիջական լեզուն պահելն էր.
«Գիրքը նման է երկխոսության ընթերցողի հետ և պետք էր այնպես խմբագրել, որ այն լինի հասկանալի, մտքերը՝ պարզ ու հստակ, բայց մյուս կողմից չընկալվի որպես պարզունակ խորհուրդ»։