Հայաստանում հեռուստատեսությունը մնում է տեղեկությունների ստացման հիմնական աղբյուր

Հայաստանում հեռուստատեսությունը մնում է տեղեկությունների ստացման հիմնական աղբյուր

Բրեվիսի հետազոտությունը պարզել է նաև բնակչության շրջանում տեղեկատվության աղբյուրների կարևորությունը։

Ըստ Reuters ինստիտուտի 2018 թ. թվային հաշվետվության` տարիներ շարունակ տեղեկատվության հիմնական աղբյուր հանդիսացող հեռուստատեսությունը տարեցտարի զիջում է իր դիրքերը որպես վստահելի աղբյուր և համաշխարհային մակարդակով արդեն վաղուց հետ է մնում սոցիալական ցանցերից։ Միաժամանակ տեղի է ունենում վստահելի սոցիալական ցանցերի դիրքերի վերաբաշխում․ այսպես Ֆեյսբուքը, որը երկար ժամանակ համարվում էր առաջատար, իր տեղը զիջում է Ինստագրամին, WhatsApp-ին և Snapchat-ին։ Սրա վառ ապացույցն է համաշխարհային լրատվական հսկայի՝ BBC-ի վերաթիրախավորումը Ինստագրամով հաղորդակցության։

Տեղեկատվության աղբյուրները Հասյատանում

Չնայած վերոնշյալ համաշխարհային միտումներին՝ Հայաստանում պատկերը մի փոքր այլ է․ 2019 թ․ Բրեվիսի կատարած հետազոտությունների համաձայն տեղեկատվության աղբյուրներն ըստ առաջնահերթության հետևյալն են․

1. հեռուստատեսություն (80.8%),

2. համացանց (առանց Ֆեյսբուքի՝ 45.7%),

3. Ֆեյսբուք (46.9%)։

Ընդ որում, հետաքրքիր է այն փաստը, որ 2018 թ. արդյունքների համեմատ հեռուստատեսության մասնաբաժինն աճել է 6.3%-ով։ Աճի ցուցանիշ է գրանցել նաև Ֆեյսբուքը (2.2%), իսկ համացանցի (առանց Ֆեյսբուքի) նկատմամբ վստահությունը վերջին տարում նվազել է 4.2%-ով։

Զուգահեռաբար, Reuters-ի վերոնշյալ հաշվետվությունից պարզ է դառնում, որ երիտասարդներն աստիճանաբար անցում են կատարում մեսինջերներին (օրինակ՝ WhatsApp-ին)։ Նրանց մոտ կեսը նախընտրում է տեղեկություններ ստանալ նման աղբյուրներից։ Սա բացատրվում է այն հանգամանքով, որ օգտատերերը գերադասում են ընկերների միջոցով ստացվող ավելի անձնավորված տեղեկությունները Ֆեյսբուքում տարածվող և լայն հանրությանն ուղղված նորություններից։ Միաժամանակ հարցումները պարզել են Ֆեյսբուքում կեղծ լուրերի ավելացման միտումը հատկապես նշանակալի իրադարձությունների (օրինակ՝ ընտրությունների) ընթացքում։


Կարդացեք նաև.


Հայաստանում անձնավորված տեղեկություններ ստանալու աղբյուրները («Ընկերներ, բարեկամներ, աշխատակիցներ, հարևաններ» և «Ընտանիքի անդամներ»), դեռևս լայն տարածում չունեն (համապատասխանաբար 35% և 29.4%), չնայած դրանց մասնաբաժինը 2-2.5 անգամ գերազանցում է ռադիոյին և լրագրերին։ Փաստորեն, վերջիններիս արդիականության նվազման համաշխարհային միտումը նկատելի է նաև Հայաստանում։

Բրեվիսի հետազոտությունը պարզել է նաև բնակչության շրջանում տեղեկատվության աղբյուրների կարևորությունը։ Այս դեպքում նույնպես հեռուստատեսությունն առաջինն է․ բնակչության կեսից ավելին՝ 50,8%-ը, առաջնային կարևորություն է տալիս դրան։

Իհարկե, նորություն չի լինի այն, որ կարևորությամբ երկրորդ աղբյուրը Ֆեյսբուքն է, որն առաջնային է հարցվածների 24.9%-ի համար։

Մյուս բոլոր աղբյուրները զգալիորեն զիջում են հեռուստատեսությանն ու Ֆեյսբուքին։

Պատկերն ավելի հետաքրքիր է դառնում, երբ այս վիճակագրությունը զուգակցվում է գովազդների արդյունավետության մասին վիճակագրության հետ։

breavis.com


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք