«Ինչ է պոպուլիզմը» Ֆրասնիայում. Ազգային ճակատն ու Մարինը
Ֆրանսիայի «Ազգային Ճակատ» աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի քաղաքական կարիերայում 2017 թվականի նախագահական ընտրությունները որոշիչ էին: Ազգայնամոլ Լե Պենը պարտվեց կենտրոնամետ Մակրոնին, բայց ստացավ իր կուսակցության պատմության մեջ ռեկորդային թվով քվե: Քարոզարշավի ընթացքում Լե Պենն առատորեն օգտվում էր պոպուլիզմի ամենաազդեցիկ գործիքներից:
Ով կամ ինչն է մեղավոր - Կրկին միգրանտներ, իսլամաֆոբիա և քսենոֆոբիա: Եվրոպական երկրներում պոպուլիստների գլխավոր թիրախը: Լե Պենը հայտարարում էր` զանգվածային միգրացիայի հետևում աղետալի ահաբեկչություններ են թաքնված: Նա նաև ընդգծված եվրոսկեպտիկ է: Քարոզարշավի ընթացքում «Ազգային Ճակատ»-ի առաջնորդը պնդում էր, որ Եվրոպական Միության կազմում Ֆրանսիայի ինքնիշխանությունն է նվազում, իջնում են աշխատավարձերը և խրախուսվում է միգրացիան: Լե Պենի համոզմամբ` մրցունակ լինելու համար ֆրանսիացիները պարտավոր չեն չինացիների նման աշխատել օրը քսան ժամ:
Հակառակ իսթեբլիշմենթին - 2017-ի ընտրություններում Լե Պենը պարտվեց, բայց փոխարենը հաղթանակ տարավ երկու տարի անց` Եվրոպական խորհրդարանի ընտրություններում: Նրա կուսակցությունը մեկ տոկոսով առաջ անցավ և 23 տեղ ապահովեց խորհրդարանում: Սա հնարավոր դարձավ, որովհետև Լե Պենը ընտրությունը վերածեց հակակառավարական բողոքի ալիքի: Նախագահ Մակրոնին ներկայացրեց որպես հասարակությունից կտրված էլիտայի ներկայացուցիչ և սկսեց պայքարել միջազգային բյուրոկրատների ու տեղի էլիտայի դեմ: Այս հաղթանակից հետո, Լե Պենը պաշտոնապես հայտարարեց` չի բացառում իր մասնակցությունը Ֆրանսիայի 2022 թվականի նախագահական ընտրություններին:
newmag-ում կարդացեք նաև․
«Ինչ է պոպուլիզմը» Իտալիայում
«Ինչ է պոպուլիզմը» Ուկրաինայում
«Գիրքը պոպուլիզմի կոնցեպտուալ նկարագրությունն է». Յան-Վերներ Մյուլլեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեդիայի հետ հարաբերություններ - Լե Պենի քաղաքական կարիերայում լրատվամիջոցները միշտ են որոշիչ դեր ունեցել: Նա հիմնականում հաջող ելույթներ է ունեցել, բայց վատ դրության մեջ է հայտնվել դեբատների ընթացքում: Քաղաքագետները պնդում են, որ նախագահական ընտրության երկրորդ փուլին ընդառաջ Մակրոնի հետ հեռուստատեսային բանավեճը որոշեց ընտրության ելքը: Լե Պենի խարիզմատիկ ելույթների հետևում թաքնված կցկտուր տնտեսական ծրագիրը օգնեց Մակրոնին տապալել Լե Պենի ստեղծած պոպուլիստական կերպարը:
Բարդ խնդիրներին հեշտ լուծումներ - Քարոզարշավի ընթացքում Լե Պենն առաջարկում էր լուծումներ, բայց որևէ կերպ չէր բացատրում դրանց հասնելու ճանապարհը: Նա առաջին փուլում մեծ թվով ձայներ ստացավ գյուղական համայնքներում, որտեղ մարդիկ անտեսված էին զգում բազմազգ ֆրանսիական քաղաքների կողքին: Նրանց չէին հետաքրքրում փախստականները, փոխարենը Լե Պենն առաջարկում էր բարձր թոշակներ և գյուղատնտեսական բարեփոխումներ: Այս ծրագրերը հստակ էին միայն բանավոր խոսքում, իսկ թե ինչպես էին այդ հեղափոխական փոփոխություններն արվելու կամ ինչպես էին ֆինանսավորվելու` դեռ չէր քննարկվում:
Առաջնորդը ժողովուրդն է - «Ազգային Ճակատ»-ը հայտարարում է, որ ներկայացնում է ժողովրդի շահերը և պաշտպանում նրանց իրավունքները: 2017-ի նախագահական ընտրության երկրորդ փուլում Լե Պենը հայտարարեց` եկել է միավորվելու պահը: Ընտրությունը Ֆրանսիայի ապագայի դեմ է կամ կողմ, երրորդ ճանապարհ չկա: Մակրոնին հաղթելու համար աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդը նույնիսկ փորձեց ստանալ ձախ ծայրահեղականների աջակցությունը: Փոխեց իր կարգախոսը` «Խաղաղված Ֆրանսիա»-ն դարձնելով «Ժողովրդի Անունից»:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև

Լայնեզր գլխարկով, գոթական ոճով բարոնուհին ու էքսցենտրիկ գրող Ամելի Նոտոմբը (տեսանյութ)

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)

Տեղի ունեցավ մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույցի՝ «Դյութէ»#2-ի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Ինչպես Ռեյ Դալիոն դարձավ ամերիկացի հայտնի ֆինանսիստ, ներդրող, ձեռներեց (տեսանյութ)
