Ինչի՞ մասին է Յուրի Ջորկաեֆի «Ֆրանսիական ֆուտբոլի օձը» գիրքը
Գրքի մասին
«Snake. Ֆրանսիական ֆուտբոլի օձը» գիրքը լույս է տեսել 2006-ի մայիսին, ֆրանսերենով։ Ջորկաեֆը գիրքը գրել է ֆրանսիացի սպորտային լրագրող Առնո Ռամսեի համագործակցությամբ:
Գրքի գլուխների համար նախաբանները գրել են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Դեսային, Լիզարազուն, Բլանը, Թյուրամը, Լաման, Դեշամը, Դյուգարին, Անելկան, Պետին, Բոգոսյանը, Անրին, աշխարհահռչակ թենիսիստ Յանիկ Նոան, մարզիչներ՝ Էմե Ժակեն և Ժան Ջորկաեֆը:
Հատուկ անդրադարձ Հայաստանի ու Հայաստան կատարած այցերի, պատմությունների, հիշողությունների մասին: Հայերեն տարբերակը բնօրինակի առաջին թարգմանությունն է այլ լեզվով:
Ինչու էին Snake անվանում
90-ականների Ֆրանսիայում շատ էին տաղանդավոր ֆուտբոլիստները. Զիդան, Թյուրամ, Դեսայի, Դյուգարի. գրավիչ եւ՛ խաղով, եւ՛ արտաքինով։ Ջորկաեֆը բարձրահասակ չէր, ոչ էլ առանձնապես մկանոտ, սակայն ուներ այլ հաղթաթուղթ։ Ամրակազմ ու աթլետիկ չէին նաեւ Մարադոնան, Պելեն, այդպիսին չէ նաեւ Մեսսին։ Ջորկաեֆի գրավչությունը կայանում էր նրա պարզության եւ արդյունավետության մեջ։ Նա թիմային ֆուտբոլիստ էր, սառնասիրտ հարվածող, որ խնամքով էր վարվում գնդակի հետ ամեն հպման հետ։ 90-ականներին մոդայիկ չէր մականուններ տալը կամ այդպես անում էին հազվադեպ. նա եվրոպական ֆուտբոլի այն հազվագյուտ խաղացողներից էր, որն այնքան հաստատուն էր դաշտում եւ այնքան արդյունավետ, որ ստացավ մականուն։ Նա փոքրամարմին էր, բայց սահուն ու վտանգավոր ինչպես օձը։ Ակրոբատիկ ցատկերով շրջադարձ հարվածներ, սոլո անցումներ, անորսալի հարվածներ. Snake մականունը նա հաստատում էր գրեթե բոլոր խաղերում։
Հաջողակ կարիերայի գլխավոր գաղտնիքը
Նրան խանգարել ցանկացողները շատ են եղել. չի կարողացել ոչ ոք։ Գերմանիայում հանդես գալու տարիները Ջորկաեֆի կարիերայի այն հատվածն էր, որը սիրով ֆուտբոլիստը կջնջեր։ Սակայն ինչպես սպորտային արդյունքն է անհնար մաքրել, այնպես էլ դրան ուղեկցող պատմությունները։ Ջորկաեֆի հաջողակ կարիերայի գլխավոր գաղտնիքը նրա համեստ կերպարի մեջ էր։ Նա դուրս էր ֆուտբոլը որպեսի բիզնես տեսնող 90-ականների աստղաբույլից։ Հատուկներից, որը մտածում էր միայն ֆուտբոլի մասին՝ մի կողմ դնելով փառքը, որը կարող էր պատել աշխարհի չեմպիոն դառնալուց հետո։ Ֆինանսական կողմը նրանը չէր. դրանով զբաղվում էր ավագ եղբայրը։ Նա հիանալի կարիերա ունեցավ հայրենիքում, Իտալիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում։ Սակայն «Կայզերսլաուտերնում» հանդես գալու տարիներին նրան հանդիպեց կարիերայի գլխավոր թշնամին՝ մարզիչ Անդրեաս Բրեմեն։ Ինչո՞ւ հետապնդեցին ոստիկանները եւ ինչպե՞ս փախավ Գերմանիայից՝ հանուն այլ ակումբում խաղալու։ Պատմության մասին չկա նույնիսկ մամուլում. գրքում դրանք ներկայացված են մանրամասն։ Բրեմենի հետ տարաձայնությունը համարվում է Յուրիի կարիերայի ամենասկանդալային հատվածը։
Կարդացեք նաև.
- Ինչպես անցավ Յուրի Ջորկաեֆի գրքի շնորհանդեսը
- Յուրի Ջորկաեֆի «Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը»
- Ալին ու Բիթլզը․ ինչո՞վ էր Ալին լեգենդար
Հայաստանի ու Ֆրանսիայի դեսպանը սպորտում
Նա Հայաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը, իրեն կոչում հայ-ֆրանսիական ֆուտբոլի դեսպան։ Պաթետիկ չէ եւ ոչ էլ չափազանցված, որ Ջորկաեֆը Հայաստան-Ֆրանսիա խաղում Հայաստանի հիմնը լսելիս հազիվ է զսպել, որ չերգի նաև մեր օրհներգը։ «Մեր հայրենիքը» նա սովորել էր անգիր։ Ֆրանսիայի հավաքականի կազմում Երեւան մեկնելուց առաջ դրամահավաք է կազմակերպել խաղընկերների շրջանում. 25 հազար ֆրանկով Հայաստանում 2 դասարան կառուցվեց։ Դեպքի նախապատմությունը գրքում ավելի հետաքրքիր է ներկայացված։ Ջորկաեֆը Հայաստան այցելում է գրեթե ամեն տարի, մասնակցում բարեգործական եւ սպորտային միջոցառումների։ Այս ինքնակեսագրականը ուղեցույց է սփյուռքում ապրող հայ մարզիկների համար, թե ինչպես կարելի է փառահեղ կարիերային զուգահեռ չմոռանալ արմատների մասին։
Երազանքին հասնելու Ջորկաեֆի բանաձևը
Նրա մարզական գլխավոր երազանքն աշխարհի չեմպիոն դառնալն էր։ Դրան գումարեց Եվրոպայի չեմպիոնությունը 2000-ին։ Սակայն ռոմանտիկ երազանքը Նյու Յորքն էր... ընտանիքի հետ։ Ջորկաեֆը եվրոպական ֆուտբոլից գնաց ԱՄՆ ու կասկած չկար, որ այդպես էր արել հանուն նյույորքյան երազանքի։ Բայց ԱՄՆ տեղափոխվելը չգցեց նրա՝ մարտիկ-ֆուտբոլիստի կարգավիճակը։ Նույնիսկ կարիերայի մայրամուտին նա այնպիսի ֆուտբոլ էր ցուցադրում, որ էկրաններից այն կողմ երազում էին դեռահասները։ Նա ուներ երազանքը՝ Նյու Յորքը, ու կիրքը՝ ֆուտբոլը համադրելու եւ հաճույք ստանալու հստակ բանաձեւ։ Եվ այնպես չէ, որ գաղտնի է պահել բաղադրատոմսը. պատմել է գրքում։
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում