[100 մոնոլոգ] Պարտություն է, երբ հանկարծ կյանքիդ օրերը դառնում են միօրինակ. Մուրադ Ջանիբեկյան

[100 մոնոլոգ] Պարտություն է, երբ հանկարծ կյանքիդ օրերը դառնում են միօրինակ. Մուրադ Ջանիբեկյան

Դերասան Մուրադ Ջանիբեկյանը 2010-ին newmag-ի հետ զրուցել է հաղթանակի, պարտության և հեքիաթների մասին:

հաղթանակ – Ամեն մի արվեստագետ գոնե մեկ անգամ պետք է ոտք մեկնի աշխարհի հետ: Երբ իմ ֆիլմը՝ «Համլետը», Նյու Յորքի միջազգային կինոփառատոնում արժանացավ «Լավագույն արտիստ», իսկ Լոս Անջելեսում՝ «Լավագույն ռեժիսոր» մրցանակին, ես արագ վերցրի հեռախոսս ու զանգահարեցի տուն, որ մորս ասեմ՝ մեծ մրցանակը վերցրել եմ: Բայց զանգը երկար գնում էր ու պատասխանող չկար: Մտածեցի՝ գուցե քնած է կամ էլ նորից հիվանդ է, չի կարողանում մոտենալ, եւ հանկարծ երկար դադարից հետո հիշեցի, որ չորս ամիս է, ինչ մայրս մահացել է: Սարսռացի: Չգիտեի, թե ում եմ զանգում: Նրա կորուստը շատ ծանր եմ տանում: Սա բառերով չես փոխանցի: Կարոտն օդում անբռնելի մի բառ է, բայց այն շատ իրական է: Մարդիկ կարոտում են իրար նաեւ ֆիզիկապես:

պարտություն – Պարտություն կա, որ հաղթանակից ավելին արժե: Բոնապարտն ասում էր. «Իմ 40 մեծագույն հաղթանակներից հիշվեց միայն Վաթեռլոոն, որտեղ ես պարտվեցի»: Պարտությունը կատակ չէ. դա հզոր բան է,  ու պետք է այն ընդունել տղամարդավարի, թասիբով, արժանավայել: Մինչեւ առաջիկա հաղթանակն ամեն ինչ պարտություն է: Հենց հաղթեցիր, փառավորվում ես: Դրանից հետո նորից սկսում ես պարտվել մինչեւ նոր հաղթանակ: Պարտությունը պետք է լինի, որ հասկանաս հաղթանակի գինը: Երբ ես լույս աշխարհ եկա, այնպիսի վառ երազներ ունեի, ու իմ երազներում պարտություն չկար: Բոլորը հաղթանակներ էին: Այնքան լավ երազներ էին, որ ես ինձ աչքո՞վ տվեցի, թե՞ ուրիշը նախանձեց. իմ երազանքներից շատ քիչ բան մնաց, ու պարզ չէ՝ դրանք կիրականանա՞ն, թե՞ ոչ: Շատերն ասում են՝ ոչ, ես դեռ պայքարում եմ, իսկ ես մի քիչ հոգնել եմ ու, հենց որ պատնեշի առաջ եմ հայտնվում, հետ եմ կանգնում: Իմ կյանքում շատ վատ բաներ եմ տեսել՝ նեղություններ, կորուստներ, տապալումներ, որ չեմ հասկանում՝ հաղթանակն ինչ է: Ինձ կյանքում համարել եմ պարտվող: Հաղթանակներ տարել եմ բեմում, բայց կյանքում շատ եմ պարտվել: Միօրինակ մի բան կա շրջապատում: Ընդհանուրից զատվելու համար պետք է տարբերվես շրջապատից: Երբեմն ինձ ասում են՝ բնական եղիր, որ հետաքըրքիր լինի: Սուտ է, երբ դուրս ես գալիս փողոց, հազար տիպի մարդ կա, եւ բոլորն իրենց բնական վիճակում են: Բայց դու չես նայում ոչ մեկին: Իսկ բավական է՝ մի գեղեցիկ աղջիկ, գիժ, հարբած մարդ երեւա, ու դու հենց նրան ես նայում: Պարտություն է, երբ հանկարծ կյանքիդ օրերը դառնում են միօրինակ: Պարտությունը վատության նման բան է, շատ դժվար է լավություն անելը: Եթե ոչինչ չես կարողանում անել, դա էլ պարտություն է: Իր մարդկային տեսակի մեջ Հիտլերը վատն  էր, բայց հզոր էր, իսկ ընդհանրապես ոչինչ չլինել, չկարողանալ ոչինչ անել, դա էլ իր ձեւի մեջ պարտություն է…

լինում է, չի լինում – Մի քիչ սիրում եմ հորինել, ու իմ հորինածն ինձ դուր է գալիս: Այդպես մի անգամ հեքիաթ էի հորինել ու ներկայացումից հետո իմ սենյակում երկար սպասում էի նրան, ով այդպես էլ չեկավ: Լինում է, չէ՞, որ ճանապարհները չեն խաչվում: Երբեմն ինձ թվում է, թե այս պահին նա՝ այդ աղջիկը, անցնում է փողոցով, ու ես չեմ նկատում: Այսինքն՝ ինքն իր մտքում արդեն պարտվել է, որովհետեւ երբ դու սպասում ես այդ հեքիաթի լինելուն, իսկապես չի լինում: Ես այդ հեքիաթում սպասում էի լինելուն, ու չեղավ: Բայց առանց «Լինում է, չի լինում»-ի հեքիաթ չկա: Եթե չի լինում, հեքիաթ չէ, եթե միայն լինում է, էլի հեքիաթ չէ: Ամենաշատը գայթակղվել եմ հեքիաթներով: Երբեմն հեքիաթի հերոսներին հանում էի ու տեղն ինձ էի դնում: Ամենակարողություն կա հեքիաթի մեջ. նա գնաց ու հաղթեց. չի լինում, չէ՞, որ գնա ու պարտվի: Դրա համար էլ «լինում է, չի լինում»:

newmag #18 ապրիլ, 2010


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում


 

Գրել կարծիք