[100 մոնոլոգ] «Զայրանում եմ, որ հայերը հանգստանում են Թուրքիայում»․ Վանուշ Խանամիրյան

[100 մոնոլոգ] «Զայրանում եմ, որ հայերը հանգստանում են Թուրքիայում»․ Վանուշ Խանամիրյան

ՀՀ ժողովրդական արտիստը newmag-ին պատմել է չծերանալու, գաղտնիքերի և միայնակ ու զայրացած լինելու մասին։

միայնակ ու զայրացած – Միշտ զայրացել եմ, երբ ինձ ինչ-որ բան են խոսք տվել ու չեն արել: Այդ պահերին շատ եմ զայրանում: Իմ շրջապատում, պարային խմբերում այդպիսի մարդիկ շատ կային մի ժամանակ, բայց հիմա ինձ ճանաչելով սկսել են փոխվել, որ չզայրանամ: Ես ընդհանրապես հանգիստ մարդ եմ, ուշ եմ զայրանում, ու հենց այդ պատճառով էլ զայրույթս ուժգին է լինում: Տարօրինակն այն է, որ ամբողջ կյանքում զայրացել եմ ամենատարբեր առիթներով. գները բարձրանում են՝ զայրանում եմ, հայերը գնում են Թուրքիայում հանգստանալու՝ զայրանում եմ… Ու միշտ միայնության մեջ ինքս ինձ հետ եմ կռիվ տալիս: Այսօր էլ ոչինչ չի փոխվել՝ ո՛չ պատճառները, ո՛չ էլ իմ սովորությունը:

ի հեճուկս – Ինձ ատողները շատ են: Միշտ զարմանում եմ. այս հասակիս ինչո՞ւ են ինձ ատում: Ինձ ատողներից շատերն էլ այն մարդիկ են, որոնց համար ես ճանապարհ եմ հարթել: Բոլորն էլ երիտասարդ են: Այդ մարդկանց երբեք չեմ հասկացել: Չեմ հասկացել այն մարդուն, որը կարողանում է դիմացինին ատել: Իսկ ես, կարծես ամեն ինչին հակառակ, կյանքումս հաճախ եմ այդպիսի մարդկանց հանդիպում: Այսքան տարիների ընթացքում տարբեր պարային խմբեր եմ ստեղծել… Ուրախանալու փոխարեն նախանձում են: Ինչո՞ւ: Չգիտեմ: Ախր ես երբեք ոչ մեկին չեմ խանգարել ու չեմ էլ ցանկացել խանգարել: Երբեք չեմ էլ ասել, թե ես ամենալավն եմ: Ամենևին, ես ամենալավը չեմ: Բայց ինչի հասել եմ, հասել եմ ինձ ատողների շնորհիվ: Հաջողության հասնելու ճանապարհին հաճախ եմ ամեն ինչ արել ի հեճուկս նրանց: Եթե ինձ միշտ գովեին, ասեին՝ դու ամենալավն ես, գուցե այս ամենին հասած չլինեի:

հսկաները – Իմ ընկերները բոլորը գնացին, հեռացան: Նրանք այլևս չկան: Ու դա իմ ամենամեծ կորուստն է: Բոլորը գնացին, բոլորն էլ հսկաներ էին՝ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը… Երբ ման էինք գալիս Երևանով, ամեն ինչ միանգամից մաքուր էր սկսում թվալ, եթե նույնիսկ փողոցները կեղտոտ էին: Նրանց հետ կարծես ուրիշ քաղաքում հայտնվեինք: Նրանք բոլորն էլ գնացին, իսկ ես մնացի: Ես իսկապես մենակ մնացի, որովհետև հայրիկիս գնդակահարեցին 1937-ին, ու չհասցրի նրա համար որևէ լավ բան անել, որևէ բարի գործ, ափսո՜ս… Հետո մայրիկս էլ գնաց: Բայց բոլոր կորուստներիցս հետո գտա կնոջս:


Կարդացեք նաև․


գաղտնիք չկա – Երկար ճանապարհ եմ անցել: Ու այդքան տարիների ընթացքում թիկունքիս այդպես էլ ոչ ոք չունեցա. ամեն ինչ ինքնուրույն արեցի: Ու դրանով այսօր հպարտանում եմ ու հենց դա էլ համարում եմ իմ հաջողության գաղտնիքը: Ես ինքս էլ մինչև հիմա հաստատ չգիտեմ, թե ինչպես ստացվեց՝ «Սասունցի Դավիթ» պարեցի, «Սպարտակ» պարեցի, ու բոլորը զարմանում էին: Բայց ավելի շատ ե՛ս էի զարմանում, թե ինչպես եմ կարողանում, ախր ես շատ ցածրահասակ էի: Ով եկել է ինձ մոտ, սովորեցրել եմ իմ գիտեցածը, նույնիսկ շպար անել եմ սովորեցրել ջահելներին: Երևի դրա համար էլ հիմա չեմ հասկանում, թե որն է իմ հաջողության գաղտնիքը:

չեմ ծերանա – Նոյեմբերին կդառնամ 84 տարեկան, բայց չեմ զգում, որ ծերացել եմ: Հոգիս ջահել է. նոր դառնում եմ 30 տարեկան: Տարիքս է անցնում. հենց դա էլ ինձ մեծացնում է: Բայց ներքուստ ես հին Վանուշն եմ, որ պարում էր կրակոտ Սպարտակի պարը: Ինչքան պարում եմ, այնքան ավելի ջահել եմ զգում ինձ: Չեմ պատկերացնում, որ մի օր էներգիաս կվերջանա, կամ կզգամ, որ արդեն ծերացել եմ: Այդպիսի բան լինել չի կարող, ուղղակի չի կարող…

newmag #24 հուլիս – օգոստոս 2011


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում


 

Գրել կարծիք