S01 E11. Քարե երազներ. հայատյացության պերճանքն ու թշվառությունն Ադրբեջանում
11/04/2026
Քաղաքակիրթ աշխարհը հիշում է գերմանացի բանաստեղծ Հայնրիխ Հայնեի խոսքերը. «Այնտեղ, որտեղ այրում են գրքեր, ի վերջո սկսում են այրել մարդկանց», բայց ողբերգությունն այն է, որ Ադրբեջանում դեռ վերջերս այրում էին մարդկանց, իսկ հիմա՝ այդ հանցագործությունները դատապարտող գրքերը:
«Մանդելայի էֆեկտի» 11-րդ թողարկումը չի փորձում ապացուցել, որ յուրաքանչյուր ադրբեջանցի հայատյաց է։ Գրող Աքրամ Այլիսլիի գոյությունն արդեն հերքում է այդ պարզունակ ընդհանրացումը։ Այս թողարկումը փորձում է կոնկրետ օրինակով հասկանալ, թե ինչպե՞ս է Ադրբեջանում հայատյացությունը կառուցվում որպես պետական քաղաքականություն։ Ինչպե՞ս է այն փոխանցվում իշխանությունից լրատվամիջոցներին, լրատվամիջոցներից՝ դպրոցներին և համալսարաններին, իսկ այնտեղից՝ հասարակական առօրյային։
Ինչպե՞ս է հայի կերպարը ծառայեցվում պատերազմի արդարացմանը, պատմության վերաշարադրմանը և նույնիսկ Ադրբեջանի ներսում այլախոհ մարդկանց լռեցմանը։ Եվ վերջապես՝ ինչո՞ւ Ադրբեջանում մի գրող, որը պարզապես համարձակվել էր հայի մեջ մարդ տեսնել, դարձավ Ալիևների դինաստիական ռեժիմի թիվ մեկ թշնամին:
Թողարկումը փորձ է հասկանալու, թե ինչպես է Ադրբեջանում ատելությունը վերածվում գաղափարախոսության, գաղափարախոսությունը՝ պետական քաղաքականության, իսկ պետական քաղաքականությունը՝ մի ամբողջ սերնդի աշխարհընկալման։