[100 Մոնոլոգ] Գենետիկ հիշողությունից չես ազատվի. Արմեն Ջիգարխանյան
բազում Համլետներ և ոչ մի Լիր - Միամիտ հայերս հավատացած ենք, որ Շեքսպիրը մեր հեղինակն է: Հայաստանում չկա թեկուզ մեկ փոքրիկ թատրոն, որտեղ «Համլետ», «Օթելլո», «Մակբեթ» խաղացած չլինեն: Մի հաստատուն համոզմունք կա, որ հայերը կարողանում են Շեքսպիր խաղալ: Ես համաձայն եմ: Եվ Շեքսպիրի հայերեն թարգմանություններն էլ գերազանց են... դրանցում այնպիսի պոետիկ ուժ կա, այնպիսի հզոր ներշնչանք: Այդ պատճառով էլ Հայաստանում շատ են տարածված Համլետ, Օֆելյա, Դեզդեմոնա անունները: Բայց դե հիմա միայն գյուղերում են մնացել այդ անունները, քաղաքում քիչ են: Իսկ Լիր արքայի բախտը չի բերել... հայերի մեջ ոչ մի Լիր անուն չկա... Անհարմար բան կստացվի...
էներգիայի պահպանման օրենքը - Վաղուց, երբ նկարահանվում էր «Պարգևատրում» ֆիլմը, կարճ ժամանակով եղա Յուրմալայում: Այդ ժամանակ այնտեղ հանգստանում էր Արկադի Ռայկինը: Այնպես ստացվեց, որ հարևան սենյակներում հայտնվեցինք: Նա, անշուշտ, չէր տառապում երիտասարդ դերասաններին խրատներ տալու մարմաջով, սակայն մի առիթով ինձ ասաց. «Դերասանի գործում ամենադժվարն էներգիան պահպանելն է»: Այլ մասնագիտությունների տեր մարդիկ սա չեն հասկանա: Շատ տարիներ անց Խորեն Աբրահամյանի հետ եկանք Ռայկինի ներկայացմանը: Ռայկինին խնդրեցի, որ թույլ տա՝ մտնենք իր դիմահարդարման սենյակ: «Լավ, մտեք...»: Մտանք ու տեսանք, որ, Աստված, դիակի պես պառկած է թախտին: Ես սոսկում ապրեցի, ինչպե՞ս է այս վիճակում կրկին բեմ բարձրանալու: Վերադարձանք դահլիճ, լույսերը մարեցին, վարագույրը բացվեց, և բեմ նետվեց Ռայկինը՝ փայլուն, ինչպես միշտ, էներգիայով լի, շշմեցուցիչ ժպիտով: Նա ո՛չ թախտին էր ձևեր թափում, ո՛չ էլ բեմում: Բայց ծանր հիվանդ լինելով՝ մեկուսի խնայում էր էներգիան, պահպանում էր, հավաքում, որպեսզի այն ծախսի բեմում:
գեղարվեստական ղեկավարը - Երբ ես թատրոնում փորձեր եմ անում, ամեն բան անցկացնում եմ իմ միջով: Բոլորի և յուրաքանչյուրի դերը ներքուստ խաղում եմ: Եվ այդ ամենից «դերասանական հաճույք» եմ ստանում: Բայց տարօրինակ ոչինչ չկա: Ոչ ոք դեռևս չգիտի, թե թատրոնի ինչին է պետք գեղարվեստական ղեկավարը, և որն է նրա դերը:
Կարդացեք նաև.
- [100 մոնոլոգ] Սոս Սարգսյան. իմ թեկնածությունը որպես նորանկախ Հայաստանի նախագահ
- 100 մոնոլոգ. Հովիկ Չարխչյան
- 100 մոնոլոգ. Արտաշես Ալեքսանյան
ազատագրվել ներքուստ - Մի շատ լավ արտիստ կա՝ Վոլոդյա Կապուստինը... Փորձի ժամանակ նրան ասում եմ. «Ապտակի՛ր ինձ, ուժեղ ապտակի՛ր»: Իսկ նա. «Չեմ կարող, Արմեն Բորիսովիչ...»: Ես մազոխիստ չեմ, իմ երազանքը չէ, որ ինձ ապտակեն: Բայց ինձ պետք է, որ նա բացվի, ազատի իր էներգիան: Իսկ նա չի կարող իր պարտնյորի՝ ինձ հետ դա անել: Բայց երբ նրանք բոլորը բեմում են, իսկ ես՝ դահլիճում, նրանք իրենց լավ են զգում:
մինչև գաղտնիքը չբացվի - Գենետիկ հիշողությունից չես ազատվի: Մի ծանոթ ունեմ՝ Անդրյուշան: Հայ է, 45 տարեկան, 40 տարի Ամերիկայում է ապրում: Ասում եմ. «Անդրյուշա՛, գնանք, շատ լավ քյաբաբ ուտենք»: Ոգևորվում է. «Իսկ ո՞ւր գնանք»: Ասում եմ. «Շատ լավ ռեստորան կա՝ «Ստամբուլ»: Խոժոռվում է. «Երբեք: Ոչ մի գնով չեմ գնա «Ստամբուլ» անունով ռեստորան»: Նրա ոչ մի ազգական չի տուժել Ցեղասպանությունից, բայց նա ապրում է ուրիշի հիշողությամբ, իր ազգակիցների հուշերով... Հարցեր շատ կան, իսկ մենք նստել ու փորձում ենք գլուխ հանել: Ոչինչ էլ չի ստացվի, մինչև Աստված գաղտնիքը չբացի:
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում