ԲԱՑԱՌԻԿ. 20-րդ դարասկզբի Հայաստանը գունավոր լուսանկարներում
Հայացք դրսից, որն ի զորու է նկատել այն, ինչ ամենօրյա կյանքում չեն նկատում այստեղ ապրած մարդիկ: Գուցե հենց այդ պատճառով միշտ հետաքրքիր է, թե մեր երկիրն ինչպիսին են տեսել կամ տեսնում ճանապարհորդները: Եվ եթե լուսանկարիչներին էլ դասենք ճամփորդների շարքին, նրանց աշխատանքները շատ բան կարող են պատմել և' հեղինակների, և' մեր մասին: Մասնագիտության բերումով մնալով կադրի ետևում՝ նրանք էլ են կերտում պատմությունը` կանգնեցնելով ժամանակը: Նրանց շնորհիվ մենք ժամերով կարող ենք նայել նկարներին և տեսնել, թե, ասենք, զբոսայգիներում ի՞նչ ծառեր կային ժամանակին կամ ինչպիսի՞ նստարաններ կային կամ ի՞նչ հագուստ էին կրում մեր տատիկներն ու ո՞ր սանրվածքն էր մոդայիկ:
Այդպիսի վարպետներից մեկը Սերգեյ Միխայլովիչ Պրոկուդին-Գորսկին էր (1893-1944թթ.): Պատկերացրեք գունավոր լուսանկար, որը թվագրված է 1906-1915թթ.: Այս փաստը կարող է ընդամենը ժպիտ առաջացնել, եթե 20-րդ դարի սկիզբը պարզապես զուգորդում ենք սև ու սպիտակ լուսանկարների կամ էլ վայրկյանում 16 կադր արագությամբ համր կինոների և կինոխրոնիկայի ծիծաղելի շարժվող հերոսների հետ: Սակայն գույնը, այդուամենայնիվ, առկա էր այն ժամանակի լուսանկարներում: Սերգեյ Պրոկուդին-Գորսկին` առաջին ռուս լուսանկարիչներից մեկը, փորձարկումներ էր անում լուսանկարների և գույնի հետ: Նա եղել է Մենդելեևի ուսանողը և տաղանդավոր քիմիկոս էր: Սանկտ-Պետերբուրգի Տեխնոլոգիական ինստիտուտն ավարտելուց հետո մեկնել է Բեռլին ու Փարիզ` ուսումը շարունակելու: Սակայն լուսանկարչությունը դարձավ նրա կյանքի իմաստը:
20-րդ դարի սկզբին դեռ չկային բազմաշերտ լուսանյութեր: Ուստի Պրոկուդին-Գորսկին օգտագործում էր սև ու սպիտակ լուսաշերտեր և իր իսկ ստեղծած լուսանկարչական ապարատը: Կարմիր, կանաչ և կապույտ գունավոր լուսաֆիլտրներով նույն սյուժեի հաջորդական երեք արագ նկար էր անում: Ստացվում էր սև ու սպիտակ լուսանկարչական երեք պոզիտիվ: Սրանք համադրելով էլ` ստանում էր լիարժեք գունավոր լուսանկար: Իհարկե, նկարները տեսնելու համար հարկավոր էր հատուկ պրոյեկտոր: Ինչպես այսօր սլայդ ենք ցուցադրում:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)