«Քաղաքացիական պարտքը ենթադրում է, որ դու քեզ համարում ես այս երկրի տերը». Ռուբեն Բաբայան
newmag-ը 2016-ին զրուցել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի հետ: Նրա մենախոսությունը հրատարակվել է 100 մոնոլոգ գրքում:
փողկապի մասին - Ամեն տարիք իր մոտեցումն է թելադրում հագուստի նկատմամբ: Չեմ սիրում երիտասարդներին, որոնք ժամանակից շուտ են մեծանում, և չեմ սիրում ծեր մարդկանց, որոնք շատ երկար են մնում երիտասարդ (նկատի ունեմ իրենց աշխարհընկալման մեջ): Երիտասարդ տարիներին փողկապը տանել չէի կարողանում, բայց հետո տարիքի հետ եկավ փողկապ կապելու հաճույքը: Երբ փողկապը պարտավորություն է, ճնշում է: Երբ զգեստի կարևոր մաս է, որը ցույց է տալիս քո՝ այդ օրվա տրամադրությունը, վերաբերմունքն այն միջոցառմանը, որին մասնակցում ես, այն կապելը հաճելի է: Անկախ նրանից, թե հագուստի որ մասն է կամ ինչ հագուստ է, պետք է հաճույք պատճառի և ոչ թե պարտադրված լինի: Ես չեմ սիրում պարտադրանքներով ապրել:
քննադատություն - Ամեն ինչին քննադատաբար մոտենալը ճիշտ հատկություն է, և ճիշտ է, որ այն առաջին հերթին ուղղում ես ինքդ քեզ: Ընդհանրապես կյանքը մեզ տրված է նրա համար, որպեսզի փորձենք կատարելագործվել: Ի՞նչն է բացում աչքերդ. միայն քո հանդեպ քննադատական մոտեցումը: Եվ դու հասկանում ես, որ անսխալական չես, բազմաթիվ սխալներ ես թույլ տվել, և քո սխալների աղբյուրը չես փնտրում քեզնից դուրս: Երբ քո քննադատության սլաքն ուղղված է դեպի ներս, դու հաստատ ավելի շահեկան վիճակում ես հայտնվում: Քննադատությունը, որը դեպի ներս է ուղղված, նաև մարդկանց հետ անկեղծ շփվելու հնարավորություն է տալիս. մարդն այդ ժամանակ դուրս է գալիս սովորեցնողի, բարոյախոսի կարգավիճակից, դառնում ուղղակի երկխոսության մասնակից: Մեր հարստությունը մեր զանազանությունն է, ոչ թե միօրինակությունը: Մեր ընդդիմախոսները մեր թշնամիները չեն:
ես կարողացել եմ հրաժարվել - Հրաժարվելը դժվար բան է, բայց պետք է անել, եթե ուզում ես կայանալ: Բազմաթիվ պաշտոններից եմ հրաժարվել: Ժամանակին հրաժարվել եմ թատրոնի փոխտնօրենի պաշտոնից: Ստեղծեցի ազգային թատերական ստեղծագործական միավորում, 2 տարուց հրաժարվեցի: Ըստ իս՝ ավելի օգտակար մարդ զբաղեցրեց այդ պաշտոնը: Հիմա հասկանում եմ, որ ճիշտ որոշում կայացրի, որ հրաժարվեցի: Մեկ-մեկ հրաժարվում եմ բեմադրություն անելուց և այդ հնարավորությունը տալիս եմ երիտասարդներին. մեծագույն հաճույք եմ ստանում դրանից: Երբ մարդը շարժվում է ու միայն առաջ է նայում, հրաժարվելը հեշտ է լինում: Մի բանից կառչած մնալը խանգարում է առաջ գնալուն: Կյանքը չի կարող միայն ձեռքբերումներով լինել, կյանքում ամեն ինչ բալանսի մեջ է. և՛ ձեռքբերումները, և՛ կորուստները պետք է իրար հավասարակշռեն: Առանց կորուստների իմաստնություն ձեռք չեն բերում:
քաղաքացիական պարտք - Յուրաքանչյուրն իր ձևով է ընկալում, թե ինչ է նշանակում քաղաքացիական պարտք: Հաճախ մենք քաղաքացիական պարտքը շփոթում ենք քաղաքական կողմնորոշման կամ քաղաքական հայացքների հետ: Մեկը մյուսի հետ բոլորովին կապ չունի։ Քաղաքացիական պարտքը դիրքորոշում է, որը ենթադրում է, որ դու քեզ համարում ես այս երկրի տերը, անտարբեր չես այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է այս երկրում: Քո հայացքներին կարող են համամիտ չլինել իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը: Եթե քո անձնական կարծիքը կապում ես տարբեր կողմնորոշումների հետ, քո քաղաքացիական պարտքը չես կատարում. դու պարզապես դառնում ես որոշակի քաղաքական ուղղվածության հոսքի մի անդամ: Քաղաքացիական պարտքը չի կարող դրսևորվել ժամանակ առ ժամանակ, սա մշտական պրոցես է:
newmag #71 հուլիս - օգոստոս, 2016
Նյումեգ
4800 ֏
Նկարագրություն
Newmag-ի 100 մոնոլոգները մի քանի սերնդի հետաքրքիր ներկայացուցիչների փսիխոգենեզի ցուցիչներ են, որոնք ուղեկցվում են սև-սպիտակ լուսանկարներով: Այդ ֆոտոները զերծ են գունային խաբկանքից և մեր հերոսներին պատկերում են իրենց բնական հոգեվիճակում: Լուսանկարներն արվել են ըստ գործող անձանց խոստովանության տարեթվերի և այս գրքում չեն փոխարինվել նորերով:
Նպատակը մեկն է. մեր ժամանակների հերոսներին պատկերել՝ պահպանելով իրենց ապրած օրերի դիմագիծը, ոչ հեռավոր անցյալին բնորոշ խոհերն ու հասարակական այն դերը, որը նրանք ստանձնել էին Newmag-ի համարներում հայտնվելու շրջանում: Ահա ինչու յուրաքանչյու մոնոլոգի կողքին արձանագրված են Newmag-ի համարը, ամիսը, ամսաթիվը: Բարի գալուստ անցյալ, բարի գալուստ 100 պարզ անհատականության բարդ ներաշխարհ: