BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Աղասի Այվազյան. Չլիներ հիվանդությունը՝ ինձնից երջա

Աղասի Այվազյան. Չլիներ հիվանդությունը՝ ինձնից երջանիկ մարդ չէր լինի

զիգզագներ
Անկումներ ունեցել եմ, բայց միշտ թռչելու, դիմակայելու ցանկություն եմ ունեցել, ընկել եմ, ելել եմ: Զիգզագները, ելևէջները միշտ կային իմ կյանքում: Երկու տարի առաջ անսպասելի հիվանդացա, թոքերս... թեև ես լողորդ էի, շատ ուժեղ թոքեր ունեի: Զարմանում էի՝ ինչպե՞ս է, որ ծերանում եմ և չեմ հիվանդանում: Սա իմ մեծ, ամենամեծ անկումն է, ու փորձում եմ այս փոսից դուրս գալ: Ես 82 տարեկան եմ, դիմացս քիչ է մնացել, բայց էդ քիչն էլ եմ ուզում նվաճել: Երևանն եմ ուզում տեսնել, առաջընթացն ինչքան կլինի: Ինչ-որ բաներ կան, որ տեսնել եմ ուզում, ու հանուն դրա թռիչքի եմ պատրաստ:
Երևանը
Երևանում եմ 1945 թվականից: Գնում-գալիս էի: Սովետական համակարգից դուրս էի, օդում կախված: Կայարանում եմ քնել, շուկայի կտուրին եմ քնել... ուսանող էի: Էդպիսի վիճակներ: Սա կյանքի դրսևորում էր, չեմ դժգոհում, թեպետ դժվար էր. շաբաթներով սոված էի մնում: 45 թվի Երևանն էր, հետամնաց երկիր, էսօրվա նման չէր: Ինձ թվում է՝ հայի բնավորության շնորհիվ է, որ մենք էսօր կանք, անկումներից վեր ենք թռչում: Ուրիշ ազգեր Եղեռնից հետո կարող է գոյություն չունենային, իսկ մենք ծաղկում ենք, քաղաք ենք շինում: Այսինքն, դիմակայելու ունակությունը հայի մեջ ուժեղ է: Դա բջիջն է հայկական ցեղի, հասկանո՞ւմ եք: Յուրաքանչյուրիս մեջ կան ժողովրդի ծրագիրն ու զեները: Մեզնից յուրաքանչյուրը հավաքական կերպար է: Հիմա Հայաստանում ունենք լավ սերունդ, երկար ապրելով՝ ես հետևել եմ, թե ինչպես են գալիս նորերը: Էդ զարգացումը շատ նկատելի է, երկրի հետ մարդիկ փոխվում են կամ իրենք են փոխվում ու երկիրն իրենց հետ փոխում: Հայերին մորթել են, հայերի սերուցքը հանել են, մտավորականությունը, ուղեղը ոչնչացրել: 30-ականներին էլ Հայաստանում գրողներին ոչնչացրին, ստիպեցին չմտածել: Հիմա ազգն ամբողջանում է: Էս նոր սերնդի մեջ կլինի Նժդեհ, Խաչատրյան, Կոմիտաս... էս հանճարները նորից կծնվեն:
ազատություն
Ներքին բարդույթներ կան, որ ունեն բոլորը, հատկապես արվեստագետները: Երբեմն խճճվում եմ էդ բարդույթների մեջ: Շատ ամաչկոտ էի: Բարդույթ էր, ինչ-որ քայլերից նահանջում էի, որովհետև ամաչում էի էդ քայլն անել, թերարժեքության զգացում է երևի: Արվեստագետի խառնվածք կա, որից փախչել չես կարող: Ես ապրել եմ սովետների ժամանակ, ես պիտի հարմարվեի՝ չեմ հարմարվել, չեմ ծառայել ոչ մի սովետական հիմնարկում, նրանք չկարողացան ինձ սովետական մարդ դարձնել: Դա տառապանքի հետ էր կապված, որովհետև մի կերպ պիտի ապահովես կյանքդ, նյութական խնդիրներ կան: Մեր անկախության հետ իմ կյանքում սկսվեց նոր փուլ, ես նոր վիճակի մեջ եմ, չլիներ էս հիվանդությունը՝ ինձնից երջանիկ մարդ չէր լինի: Որովհետև ազատություն եմ գոռացել՝ չհասկանալով՝ ինչ բան է ազատությունը: Ի՞նչ է դա. խիղճ, սեր, այն, որ Աստված ենք ասում՝ ճշմարտություն: Ես գրքեր եմ հրատարակել, որոնցից հրաժարվեցի ինքս, անատամ էին, սենտիմենտալ, այսօր տեր չեմ կանգնում դրանց:
ընկերներս
Ընկեր... ինչ ասեմ... ընկեր... Ալբերտ Կոստանյանի հետ էինք ընկերություն անում, շատ բարդ անձնավորություն էր: Վիգեն Խեչումյանն էր իմ ընկերը, նա բացում էր ինձ, նրա ներկայությունն ամեն ինչ հայացնում էր: Ընկերներ կան, որ գալիս ու գնում են: Հենրիկ Մալյանն, օրինակ, մանկությանս ընկերն էր, միասին «Եռանկյունի» ֆիլմը նկարահանեցինք, մահացավ-գնաց: Ինքը մարդկային որակ էր բերում Երևանի, Հայաստանի կյանք: Իմ ընկերները պիտի ազնիվ լինեն, խելոք լինեն, որովհետև երբ դիմացինդ խելոք է, դու էլ ես խելոքանում, ես ինձ վրա եմ զգացել: Հիմար մարդը պատի պես դիմացդ կանգնում է, մտքերդ դիպչում են պատին ու ոչնչանում: Գնահատում եմ անդավաճան մարդկանց: Ամենակարևորը՝ նախանձ չլինեն, որովհետև ես զուրկ եմ դրանից, և դա ինձ շատ է օգնել կյանքում: Իսկ ամենամերժելին... որ մարդիկ հայությունից հեռանում են: Փոխում են ազգանունը, ասում են՝ ես հայ չեմ, չեն սիրում հայկականը:
իսկական սիրո մասին
Սերը մոր նկատմամբ կանվանեմ սեր: Սերը կնոջ նկատմամբ, եթե դառնում է մշտական, կանվանեմ սեր. սկսում ես գնահատել երկուստեք կապը: Ես ունեցել եմ սեռական պոռթկումներ, էդ ժամանակ խենթանում ես, ինչպես Ռոմեոն և Ջուլիետը, բայց դա սեր չի: Քեզ թվում է, թե սեր է: Եվ բանաստեղծություններ գրում են հենց էդ ժամանակ: Իսկական սիրո մասին բանաստեղծություն չկա աշխարհում, ոչ ոք չի գրում: Շեքսպիրից սկսած, այ էդ սեռական պոռթկումն է, որ պիտի հանգչի: Մի տարի հետո կամ հինգ՝ բայց պիտի հանգչի: Դրանից հետո՝ նոր պոռթկում, մինչև քո սեռական պոտենցիալը պարպես, հետո նոր սկսում ես դատել մարդկային հատկություններով: Իսկ իրական սիրո մեջ, ներշնչանք չեմ ասի, բայց կա մեծ հավատ, որ ներշնչանքից ավելի պետք է: Հավատը քեզ պահում է: Պոռթկումը սուտ է:
անհնարին, անկարելի
Անհնարին բաներ կան. անցնել սեփական եսից, եսը փոխել: Այսինքն՝ իմ եսը ինձ չի պատկանում, պատկանում է Աստծուն, Գոյարարին, Ստեղծողին, Ինքը ստեղծել է էդպես, Ինքը պիտի փոխի, եթե կարող է, Ինքն էլ չի փոխում: Դա անհնարին է, անկարելի է: Մենք դրա տակ թաքնվում ենք: Չեմ խոսում մահվան մասին, մահից խուսափելն անհնարին է:
տարօրինակ է
Մարդիկ կան՝ երկու տող են գրել, բայց էդ երկու տողը ինձ պետք է գալիս: Կարդում էի մարդու անատոմիայի մասին գիրք՝ մարմնի հատկությունները կոսմոսի հետ համեմատելով: Արաբ փիլիսոփաներն են ասել՝ իմացող մարդը, որքան էլ միստիկային է պատկանում, հանդերձյալ աշխարհում գոյություն կունենա, իմաստնությունն է պահում: Սա երբեմն անհեթեթություն է թվում: 85 տարեկան մարդ՝ մեկ էլ լեզու է ուսումնասիրում: Տարօրինակ է, էդ լեզվով որտե՞ղ պիտի խոսես, գերեզմանո՞ւմ, սա մի հարց է, մի պրոբլեմ, որ ինքն էլ չգիտի: Մենք շատ բան չգիտենք և չենք էլ կարող իմանալ: Ինչո՞ւ ենք ծնվում, ո՞ւր ենք գնում, էս խնդիրը բոլորի մոտ դրած է, ինչո՞ւ ենք մահանում... սարսափելի բան է: Չկայի... և պիտի չլինեմ:
զղջում եմ
Որ ասեմ՝ կվախենաք: Զղջում եմ, որ ծնվել եմ: Դեռ փոքր ժամանակից: Ես դժգոհ եմ ինձնից: Սա իմ վերլուծության խնդիրը չի: Երևի թե տառապանք ավելի եմ ունեցել էս կյանքում: Շատ զգայուն էի, և եթե ասեն՝ դու պիտի քո կյանքը նորից ապրես, ես ինքնասպանություն կգործեմ: Ամենամեծ պատիժը կլինի, եթե ինձ ստիպեն նորից ապրել: Իմ հիասթափությունն իմ մեջ է:
Վարպետի վերջին խոհերը՝ մահից օրեր առաջ, գրի է առել Զարուհի Արզումանյանը
Վարպետի վերջին լուսանկարները՝ Վահան Ստեփանյանի

NewMag #03

Տարածել