Հանձնվել չկա՛. Անի Քոչարի ուղերձը՝ օվկիանոսից այն կողմ (լուսանկարներ)
07/28/2025
Օրերս Կալիֆոռնիայի Գլենդելի «Արարատ» կենտրոնում կայացել է հուզիչ հանդիպում լրագրող, գրող և մոտիվացիոն խոսնակ Անի Քոչարի հետ։ «Հանձնվել չկա՛» և «Կյանքը երկրորդ փորձից» գրքերի հեղինակը, որն իր անձնական ապրումներն ու ոգեշնչող ուղերձները տարիներ շարունակ փոխանցել է հայաստանյան լսարանին, այս անգամ հանդիպել է ամերիկաբնակ ընթերցողների հետ՝ ջերմ մթնոլորտում խոսելով հույսի, ուժի և ապրելու երկրորդ հնարավորության մասին։
Օրերս ԱՄՆ-ում (Կալիֆոռնիա, Գլենդեյլ, «Արարատ») կայացավ հանդիպում «Հանձնվել չկա՛» և «Կյանքը երկրորդ փորձից» գրքերի հեղինակ Անի Քոչարի հետ: 2020-ից ի վեր (կրկնակի վերապրելուց և մոտիվացիոն գրքեր հեղինակելուց ի վեր) լրագրող հեղինակը Հայաստանի ամբողջ տարածում հանդիպումներ է ունենում իր լսարանի հետ և փոխանցում իր գրքերի կարևորագույն ուղերձները:
Հերթը ամերիկաբնակ լսարանինն էր, ու չնայած արձակուրդային շրջանին միջոցառումը կայացավ և անցավ շատ հուզիչ և ջերմ մթնոլորտում: Գրքերի վաճառք չիրականացավ (քանզի մեր ամերիկաբնակ հայրենակիցները կարող են Newmag-ի կայքից օնլայն պատվիրել), սակայն հեղինակը վիճակահանությամբ ներկաներից մի քանիսին նվիրեց իր գրքերից և սիրով մակագրեց նրանց գրքերն, ովքեր արդեն իսկ ունեին:
Ներկաներից առաջարկ եղավ գրքերն անգլերեն թարգմանելու և կարևորագույն ուղերձները նաև անգլալեզուներին մատուցելու: Օվկիանոսից այն կողմ էլ հեղինակը վստահեցրեց, որ «Հանձնվել չկա՛» և կա՛ «Կյանքը երկրորդ փորձից»:
Անի Քոչարը, թեև զբոսաշրջային այցով էր ԱՄՆ-ում, սակայն չի մերժել և սիրով մասնակցել է նաև այլ միջոցառումների որպես խոսնակ, հյուրընկալվել տեղի հայկական լրատվամիջոցներին և այցելել տարեցների ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ ևս քաջալերող խոսքով է հանդես եկել:
Անի Քոչար
5800 ֏
Նկարագրություն
Անիի երկրորդ գիրքը նրա երկրորդ կյանքի, երկրորդ ամուսնության, երկրորդ երեխայի ու կյանքի ընձեռած երկրորդ հնարավորության մասին է։ Մոտիվացիոն այս գիրքը իրական պատմության օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր հաղթել մահվանը, կոտրել կարծրատիպեր, հրաժարվել անձնական թուլություններից, վախերից ու տագնապներից, թե ինչպես կարելի է սեփական ճակատագրին ևս մեկ հնարավորություն տալ, կրկին հավատալ սիրուն, հաջողությանը, հրաշքներին։
Այս պատմությունը չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձառությունը, որը կարող է հուզել, ոգեշնչել և լավ օրինակ ծառայել։
Այս գիրքն այն մասին է, որ հնարավոր է հաջողության հասնել նաև երկրորդ փորձից, նույնիսկ եթե դա անհնարին է թվում։ Այս գիրքը մարդկանց կօգնի վերագտնել իրենց հավատը, հույսը, պայքարելու ոգին և կրկին սիրելու համարձակությունը։
Անի Քոչար
5800 ֏
Նկարագրություն
2018-ի մայիսին Անին պարզում է, որ արյան քաղցկեղ ունի: Գերմանիայում բնակվող մորն այս շոկային լուրն անհավանական է թվում։ Բայց բժիշկները խորհուրդ են տալիս բուժումը սկսել առանց հապաղելու։ Այնքան հապշտապ է արվում ամեն ինչ, որ նույնիսկ գործերը կարգի բերելու ժամանակ չի լինում։ Հոսպիտալացումից 2 օր անց պարզվում է, որ Անիի արյան քաղցկեղն ամենաբարդ տեսակն է։ Ապաքինման հավանականությունը շատ ցածր էր։ Այնուամենայնիվ, նա որոշում է սկսել ու շարունակել բուժումը։ Կանցնի մի քանի ամիս, եւ Անին կորոշի դադարեցնել բուժումն ու գնալ տուն... Վավերագրությանը բնորոշ անկեղծությամբ գրված այս դրամատիկ հուշագրությունը ներկայացնում է երիտասարդ կնոջ պայքարի բարդ ուղին, բախտորոշ որոշումներ կայացնելու դժվարությունները, ծանր մտորումները կյանքի ու մահվան սահմանագծին։ Այս պատմությունը չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոփոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձը, որը կարող է հուզել, վախեցնել, բայց նաեւ ոգեւորել եւ օրինակ ծառայել։ Առաջին անգամ հայ կինը հրապարակավ խոսում է իր ամենածանր հիվանդության, ամենակուլ վախի ու ամենամեծ հաղթանակի մասին։
Կարդա նաև
Ջերմ ու հաճելի միջավայրում Քրիստինա Սիմոնյանը ներկայացրեց իր փիլիսոփայական ֆանտաստիկ վեպը՝ «Արևի ընծաները» (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գիրքը (թրեյլեր)
«Սուպերհաղորդակցվողներ» գրքի հեղինակ Չարլզ Դահիգը ողջույնի խոսք է հղել հայ ընթերցողին (տեսանյութ)