BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը կհրատարակի քաղցկեղը հաղթահարելու մասին հա

Newmag-ը կհրատարակի քաղցկեղը հաղթահարելու մասին հայ հեղինակի գիրքը

newmag-y-n

Լրագրող Անի Քոչարը հայտնվեց հիվանդանոցում 2 տարի առաջ։ Նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղ։ Այդ ժամանակ նա իր մտերիմներին խնդրեց, որ իրեն բացակա չդնեն, քանի որ վճռական էր տրամադրվել․ պետք էր պայքարել ու հաղթահարել քաղցկեղը։

«Կյանքը հաճախ իր տհաճ և անսպասելի անակնկալներն ունի մեզ համար նախատեսած. փորձությունների, անհաջողությունների, անկումների և դժբախտությունների ոչ դյուրին ճանապարհին ամեն ոք փնտրում է սիրտ տվող, ոգեշնչող, սատարող ու մոտիվացնող մեկին կամ մեկի խոսքը», - ասում է Անի Քոչարը։

Այդ խոսքը կլինի Անի Քոչարինը։ Նա գրել է «Հանձնվել չկա՛» գիրքը, որտեղ պատմում է քաղցկեղը հաղթահարելու, փորձությունների միջով անցնելու և ամուր ոտքերի վրա կանգնելու մասին։ Սա մոտիվացիոն ձեռնարկ է բոլոր նրանց համար, ովքեր ինչ-որ մեկի հոգեբանական օգնության կարիքն ունեն։ Անի Քոչարն իր գրքով բոլորի կողքին կլինի։

«Ես բացառություն չէի, բայց որևէ ոգեկոչող և մոտիվացնող գրականություն հայերեն լեզվով գտնել չհաջողվեց. այսօր դարի չարիքը հաղթահարած եկել եմ ձեզ ասելու, որ երբեք և որևէ պարագայում հանձնվել չկա: Այժմ վերադարձել եմ ասելու` «Հանձնվել չկա՛»», -  ասում է Անի Քոչարը։

Սա ինքնակենսագրական գիրք է, որտեղ հեղինակն ամփոփել է չհանձնվելու իր պատմությունը։ Անի Քոչարի պնդմամբ, գիրքը գրելիս փորձել է ընթերցողի առաջ բաց ու անկեղծ լինել։  «Հանձնվել չկա՛»  գիրքը ներարկելու է ապրելու շատ մեծ ցանկություն, անսասան հավատ և կյանքի ամեն րոպեն գնահատելու մղում:

«Գրելիս երբեմն ինձ հարց եմ տվել. նախապաշարումներով լի մեր հասարակությունն ինչպե՞ս կընդունի այդչափ անձնական սյուժեն: Մի բան հաստատ գիտեմ. իմ կյանքի առաջին գիրքը շատերի համար կարող է օրինակ դառնալ: Թեկուզ հարյուրավոր ձախողումներից հետո էլ չհանձնվելու, պայքարելու և կյանքը սիրելու օրինակ», - ասում է Անի Քոչարը։

Այս գիրքը քաղցկեղի մասին չէ, այլ հզոր հավատի, կյանքը շատ սիրելու, մեծ հավատով ու ապրելու վճռականությամբ պայքարելու և երբեք չհանձնվելու մասին: Չհանձնվել անգամ այն պահին, երբ թվում է, թե ամեն ինչ ավարտված է, երբ չգիտես՝ ևս մեկ լուսաբաց կդիմավորե՞ս, թե՞ ոչ։ Մոտիվացնող գրականության այս մի հատորը կարող է դառնալ կյանքի դժվարին փուլում գտնվող յուրաքանչյուր անհատի սեղանի գիրքը: Անի Քոչարի գիրքն արդեն պատրաստ է և շատ շուտով լույս կտեսնի։

 

Տարածել