Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Աննա Մելիքյան. Մի քիչ հեռացիր ինքդ քեզնից

Աննա Մելիքյան. Մի քիչ հեռացիր ինքդ քեզնից

’Աննա Մելիքյանի բոլոր հերոսուհիները տարված են իսքեյփիզմի անհագ ցանկությամբ: Խնդիրը միայնությունն է, միօրինակ առօրյան, սիրո պակասը և պարզապես կնոջ երջանկության բացակայությունը: Էմիգրանտական տրամադրությունը, եվրոպական տրագիկոմեդիայի հոտն ու յուրահատուկ գույնավոր կոնտրաստը ռուս կինեմատոգրաֆի հայ ջրահարսի ֆիլմերը դարձնում են արտասովոր և ռոմանտիկ:
Աննա Մելիքյանը ծնվել է Բաքվում, սակայն նրա մանկությունն անցել է երկու տարբեր մայրաքաղաքներում՝ և ծննդավայրում, և Երևանում: Ինտերնացիոնալ շունչն այսօր զգացվում է ամեն ֆիլմի մեջ, որտեղ ապրում են տարբեր ազգությունների մարդիկ: Ընտանիքում կինեմատոգրաֆիստներ չկային, ֆիլմ դիտելու սովորույթը նրա մեջ արմատովորել է հայկական մի հեռուստաալիք, որը հեռարձակում էր համաշխարհային կինոյի գլուխգործոցները:
¶ Կինոսեր դառնալու մասին
«Սերն առ կինեմատոգրաֆ ծնվել է ծովահենային ֆիլմերի շնորհիվ, որոնք հեռուստաէկրանին էին, կամ էլ շատ հաճախ VHS կասետները բերում էին հենց աշակերտները և հանձնում դասղեկին, որի ամուսինն աշխատում էր հեռուստաընկերությունում: Այդպես ֆիլմը վիդեովարձույթի սրահից հայտնվում էր հեռուստաէկրանին, իսկ ապագա ռեժիսորն անգիր էր անում համաշխարհային դասական կինեմատոգրաֆը: Զիլ արտհաուսը դառնում է նրա առօրյա ուղեկիցը, իսկ մի քանի տարի անց, ВГИК-ի պատերի ներսում դասախոսները պատմում են Ֆելինիի և Տարկովսկու մասին, ցուցադրում այն ֆիլմերը, որոնք արդեն իսկ ծանոթ էին երևանյան պատանեկության շնորհիվ: Այսօր, լինելով ռեժիսոր և ստույգ իմանալով հեղինակային իրավունքների մանրամասները, ես գիտակցում եմ հետսովետական Հայաստանի հեռուստատեսության աբսուրդ կառուցվածքը, որի շնորհիվ ծանոթացա իսկական կինոյի հետ»:
Տարիներ անց Մելիքյանը կիմանա, որ այդ հեռուստաալիքի ֆիլմերի ցուցադրության «մեղավորը» ռուսական կինովարձույթի կարևոր դեմքերից մեկն է՝ Արմեն Բադալյանը (այժմ ապրում և աշխատում է Մոսկվայում): Հուզված ռեժիսորը չի կարողանում բաց թողնել իր սինեֆիլային պատանեկության համար շնորհակալություն ասելու հնարավորությունը և առանց նախնական պայմանավորվածության շտապում է Բադալյանի աշխատավայր:

¶ Կինոքննադատների և ոլորտի մյուս ներկայացուցիչների մասին


Հայկական շուկան դեռ սովոր է չէ մասնագիտական քննադատությանը, իսկ ռուսաստանյան իրականության մեջ կինոգետներին, լրագրողներին և քննադատներին նույնիսկ հարգում են: Մելիքյանը համաձայն է, որ կինոյի մասին գրագետ խոսելն ու կինո ստեղծելը տարբեր բաներն են, որոնք պահանջում են տարբեր մոտեցումներ:
«Հայտնվել են բազում ինտերնետ-պարբերականներ, գրեթե բոլոր ժամանցային կայքերը գրում են կինոյի մասին: Ինչ-որ տեղից հայտնվում են ոչ պրոֆեսիոնալ և չարացած մարդիկ, ովքեր ոչ թե անալիզի են ենթարկում, այլ զբաղվում են անհասկանալի ինչ-որ գործողություններով: Իսկ ռեալ կինոքննադատներին, որոնց կարծիքը հետաքրքիր է, կարելի է հաշվել մի ձեռքի մատների վրա. Դոլին, Պլախով, Աբդուլաևա… Ամեն ֆիլմի ավարտից հետո ես կանչում եմ Զառա Աբդուլաևային և խնդրում, որպեսզի նա հայտնի իր կարծիքը: Իրականում նա ինձ սիրում է և չի փնովում, ասում է, որ կարող է ցանկացածին ուղարկել գրողի ծոցը, բայց ինձ հետ այդպես չի վարվում:
Սիրել կինոն, զգալ այն, հասկանալ և վերլուծել՝ մի բան է, կարողանալ այն ստեղծել՝ ուրիշ: Դրանք երկու շատ տարբեր մասնագիտություններ են, թեկուզ և սերտ կապակցված. համաշխարհային կինեմատոգրաֆում միայն ֆրանսիական «Նոր ալիքի» ներկայացուցիչներն են քննադատից վերածվել մեծ ռեժիսորների: Կան մարդիկ, որոնք շատ լավ գիտեն կինոյի պատմությունը, այդ ոլորտի մասին գիտեն ամեն ինչ: Նրանք երբեմն կարծում են, որ կարող են ստեղծել դա: Կա ստեղծողի, արարչի տաղանդ. չնայած մեկ-մեկ նայում ես այդպիսի ստեղծագործողին ու հասկանում, որ նա ոչ խելացի է, ոչ էլ ինտելիգենտ, իր հետ խոսելու բան առանձնապես չկա, ոչ էլ լավ մարդ է, բայց գլուխգործոց է նկարահանում: Եվ կինոքննադատները այդ մարդուց հարցազրույց են վերցնում, հասկանում իր ով լինելը: Սակայն պետք է հստակեցնել. դա Աստծո պարգև է, իրեն տրված է, իրենց՝ ոչ: Այսօր սցենարիստների մի ամբոխջ բանակ նկարահանում է կինո. նրանց թվում է, որ իրենք ստեղծում են լավ տեքստեր, իսկ անտաղանդ ռեժիսորները փչացնում են դրանք: Բայց գրեթե չի եղել դեպք, որ սցենարիստը կինոռեժիսորից լավ նկարահանի: Վալերի Տոդորովսկին սցենարիստ էր և դարձավ տաղանդավոր ռեժիսոր, իսկ Լիտվինովան մեգակերպար է, գրում է հրաշալի տեքստեր, և արտակարգ դերասանուհի է, մոդել: Ես կարծում եմ, որ նրան պետք չի դիտարկել պարզապես մի կողմից: Բայց օպերատորների´ կինեմատոգրաֆիկ գենն է ավելի ակտիվ արտահայտված, և հենց իրենք են հաճախ կայանում որպես ռեժիսոր»:
Լինելով մայրաքաղաքային բոհեմի, նորաձևության, փակ իվենթների ու սուր քննարկումների կիզակետում, Մելիքյանն ամեն դեպքում ապրում է ռուսաստանյան կատաղի ռիթմով, սենտիմենտներ չի տածում դեպի հայկականը՝ դիտելով ոչ այնքան որակյալ կինոպրոդուկցիա, միայն թե այն լինի ստեղծված «յան» վերջավորությունը կրող ազգանվամբ:
«Հայկական կինոն այսօր աչքովս չի ընկնում: Երբեմն հասնում են ինչ-որ սկավառակներ, այո, այդպես ստացվում է, բայց մեծ հաշվով չեմ դիտում… Այսօր տպավորություն կա, որ վրացական կինեմատոգրաֆը ոտքի է կանգնում: Իսկ ի՞նչ է կատարվում ժամանակակից Հայաստանում՝ ես տեղյակ չեմ և ակտիվություն չեմ զգում: Իսկ Վրաստանում, այո, զգում եմ, որ ինչ-որ բան է կատարվում: Շատ եմ սիրում հին հայկական ֆիլմերը, սիրում եմ պոետիկ վրացական կինոն, օրինակ՝ Իոսելիանիի ֆիլմերը»:
¶ Գեղեցկության մասին
«Ջրահարսի» հաջողությունից հետո միայն ալարկոտը չէր, որ նմանություն էր գտնում ֆրանսիական «Ամելիի» հետ: Բոլոր քննադատներն ու կինոմանները մելիքյանական Ալիսան անվանում էին մի քանի կուլտային գրական և կինեմատոգրաֆիկ հերոսուհիների ռուսական սինթեզ, որն արժանի պատասխան է և´ Օդրի Տոտուի ամենահայտնի էկրանային կերպարին, և´ Թոմ Թիքվերի Լոլային, և´ անդերսենական Արիելին: Էսթետիկան, կինոլենտի կերպարային համակարգը և կիզակետային ուրբանիստական ճակատը դարձել են ռեժիսորական ոճի կարևոր բաղադրիչ, որը գրեթե միշտ ունի վառ արտահայտված վիզուալ տարր, ինչն էլ մասամբ թույլ է տալիս կարևորել պատմության գեղեցիկը, ձևը, տեսքը: Լրագրողները հաճախ են կին ռեժիսորի ստեղծածը պիտակավորում ըստ իգական կինոյի, կարևորում էսթետիկ բաղադրիչը, բայց Մելիքյանը հերքում է զուտ ֆուտլյարային տարբերիչը` մի քանի անգամ նշելով, որ միշտ կարևորում է պատմությունը:
«Ինձ հետաքրքիր չէ պարզապես գեղեցիկ կինոն: Ես այն չեմ բաժանում և չեմ դիտարկում այդպես՝ վիզուալ գեղեցիկ: Կինոն մի ամբողջ աշխարհ է, որտեղ պետք է հետաքրքիր լինի նյութը, թեման, պատմությունը: Կինոն առաջին հերթին հետաքրքիր պատմությունը ճիշտ պատմելու կարողություն է, որը հանդիսատեսի հոգում զգացմունքներ կծնի: Իսկ պարզապես գեղեցիկ կադրը ոչինչ է: Դրա փոխարեն գնացեք թանգարան և նայեք գեղեցիկ նկարները: Ես չեմ կարծում, որ էստեթիկ կինոյում շեշտը դրված է լինում միայն վիզուալի վրա, իսկ սցենարն անցնում է երկրորդ պլան. այդպես է ստացվում արդյունքը»:

¶ Ցանկությունների մասին


Սանդենսում և Բեռլինալեյում Մելիքյանի հաղթանակները հանգիստ կարող են եվրոպացի և ամերիկացի դերասանների հետ գործակցելու հնարավորություն տալ. չէ՞ որ ցանկացած տաղանդավոր, համաշխարհային դերասանական անուն լոկալիզացված հեղինակի հաջորդ պատմությունը կդարձնի ավելի լայնամասշտաբ և ճանաչելի: Սակայն Մելիքյանի հետսովետական և ռուսախոս աշխարհը դեռ պատրաստ չէ նման առաջխաղացման: Ռեժիսորը ստեղծում է այն հերոսներին, որոնք հոգեհարազատ են իրեն և գրում է այն սյուժետային գծերը, որով, կարծես, արդեն յուրացրել է:
«Երբ ինձ հարցնում են` կուզե՞մ նկարահանել այս կամ այն դերասանին, ես միշտ պատասխանում եմ՝ գաղափար չունեմ. ամեն ինչ սկսվում է պատմությունից, ծնվում է գաղափար և հետո սկսում ես որոնել այն դերասանին, որը քեզ անհրաժեշտ է տվյալ պարագայում: Արտասահմանյան դերասանների մասին չեմ մտածել, որովհետև իմ պատմությունները ռուսական են, այդ պատճառով ես դերակատարներին փնտրում եմ մեր շուկայում: Չկա ստույգ ուղղվածություն դեպի ամերիկյան շուկա: Երբ լինի՝ կմտածեմ այդ ուղղությամբ»:

¶ Դետալների մասին


Վառ արտահաստված իրային ոճաբանությունը, լինեն` ռետրո-վինտաժային հագուստը, մինիմալ շպար ունեցող գլխավոր հերոսուհիները, թե կոլորիտային ֆելինիա-կուստուրիցայական երկրորդական կերպարները, մեսիջներ ունեցող քաղաքի սթրիթ արթը կամ գովազդային պաստառները, ամեն տեղ կա հեղինակային, փառատոնային և եվրոպական կինոյին հատուկ դետալիզացիան: Մելիքյանը նշում է, որ երբեմն ողջույններ է ուղարկում իր վարպետին՝ ռեժիսոր Սերգեյ Սոլովյովին: Իսկ առարկաները շատ հաճախ հատուկ նշանակություն չունեն, դրված են հենց այնպես, առանց ենթատեքսի:
«Կինոն թիմ է, ընտանիք: Այդ ընթացքի անդամներին ես թույլ եմ տալիս որոշակի անձնական դետալ տեղավորել կինոկադրում: Այդպես նայում ես և միայն դու գիտես, որ, օրինակ՝ այն իրը քեզ է նվիրել պապիկդ: Իմ քսան տարվա ընկերը` «Ադաջիոյի» պրոդյուսերը, ի տարբերություն ինձ գիտի ամբողջ կինոյի պատմությունը: Նա բերեց և կադրում կախեց Դե Սիկայի ֆիլմի պաստառը: Այն հատուկ նշանակություն չունի, նա պարզապես բերեց և կախեց այն, ես էլ ասացի՝ թող կախած մնա: Ինձ միշտ հարցնում են՝ «Այն պաստառն ի՞նչ նշանակություն ունի»: Երևի պետք է մի բան հնարել, բայց ինձ շատ է դուր գալիս, որ կինոյում կան այդպիսի առարկաներ, որոնք ոչ մի նշանակություն չունեն, բայց հանդիսատեսը, խելացի դիտորդը միշտ մտածում է, թե դա ինչ-որ համակարգ է, հատուկ նշանների կոդ և որոշակի մեսիջ ունի»:
 

¶ Զարգացման մասին


Այսօր շատ հեղինակների մեղադրվում են ժամանակի հետ իրենց հոգին հոլիվուդյան սատանային ծախելու մեջ. որոշ արտ-մեյնսթրիմային վարպետներ ձևաչափով դառնում են գրեթե լիովին կոմերցիոն, լղոզում են առանձնահատուկ շտրիխները, հենց դրանք, որոնց շնորհիվ ժամանակին հեղինակները դարձան այդքան յուրօրինակ: Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն ունեցավ շատ տարբեր ռեվյուներ, որոնց մեծ մասը նշում էր մոսկվայաբնակ ռեժիսորի խիստ «մայրաքաղաքայինասնդուսային» ֆոնը, ինչը տարբերվում է հարմարավետ և հարազատ դարձած «Ջրահարսից»:
 «Հոլիվուդ տեղափոխված ռեժիսորը միշտ չէ, որ դառնում է ուրիշ: Ռեժիսորը մարդ է, զարգացող էակ: Ինձ թվում է, որ օրինակ` Ինյարիտուն, որն այսօրվա ամենատաղանդավոր ռեժիսորներից է, որոնման մեջ է: Նա չի ուզում կրկնվել, նստում է և ասում՝ «Բըրդմեն», հետո մեկ ուրիշ բան: Նա փոխվում է, նա նկարիչ է, նա որոնում է: Կամերային «Բըրդմենից» հետո այդպիսի մասշտաբային կինո նկարելը նորմալ է»:
«Սիրո մասին»-ի ժամանակ ես ուզում էի հեռնալ ինձնից: «Աստղում» ես վերցրի դոկումենատալիստ օպերատորի (ես չափից ավելի գեղարվեստական եմ, այդ պատճառով իրեն առաջարկեցի գնալ ուրիշ կողմ): Որպես արվեստագետ դու ամեն անգամ փորձում ես մի կողմ գնալ ինքդ քեզնից, մի քիչ հեռանալ: Բայց քանի որ քո մեջ կա որոշակի մեխ, մարդիկ այն ամեն դեպքում ճանաչում են: Եվ դա նորմալ է, և իհարկե լավ է»:
¶ Ռուսական կինոյի մասին
Վերջին տարիներին ռուսաստանյան կինեմատոգրաֆն ունի նկատելի վերելք, որտեղ իր դերն ունի նաև մելիքյանական փառատոնային կինոն, որը դառնում է նաև համացանցային հիթ: Հայաստանում ապրելով մի փոքր բարդ է զգալ, թե որ կողմ է շարժվում հարևան երկրի կինոգործիչների ահռելի զանգվածն իր երբեմն զավեշտալի բլոքբասթերային նմանակումներով և հաճախ վառ արտահայտված, սպեցիֆիկ սլավոնական կենցաղով:
«Չի կարելի ասել, որ այսինչ երկրի կինոն որոշակի ընդգծված դիմագիծ ունի: Կինոն ռեժիսորներն են: Ռեժիսորները տարբեր են` նեղացկոտ, շատերը ցավոտ անցյալով, բարդ մանկության հուշերով, նրանք նկարահանում են տարբեր բաներ, և դրանք շատ տարբեր աշխարհներ են: Իսկ այսօր ռուսական կոմերցիոն կինո եկել են խելացի և հետաքրքիր ռեժիսորներ. կարծում եմ` հիասքանչ է. Խլեբնիկովն այսօր ունի կոմերցիոն սիթքոմ, բայց նա արտհաուսային ռեժիսոր է: Ռումինովը, օրինակ, ուզում է թաքցնել իր ուղեղը. նա գրում է մասսայական կինոյի համար, բայց ամեն դեպքում թաքցնել չի ստացվում, և դրանից միայն շահում են այդ բլոքբասթերներն ու մեյնսթրիմն առհասարակ»:

¶ Նախնական թեմայի և կինոյի համար ստեղծվող պատմության մասին


Այսօր բոլոր երկրների պրոդյուսերները, ռեժիսորներն ու դերասանները տանջվում են իսկապես հետաքրքիր սցենարի պակասից: «Արդեն եղել է» հավերժական մեղադրանքը դառնում է անտանելի: Շատ բեմադրիչներ նստում են սցենարիստական աթոռին, քշտում վերնաշապիկի թևքերը և տրվում անձնական փորձի էմոցիոնալ կողմին: Չէկրանավորված գեղարվեստական բազում ստեղծագործություններ մնում են փոշոտված, հոլիվուդյան պրոդյուսերների մտքով էլ չի անցնում ստեղծել վաղուց մոռացված կամ անհայտ նովելի ու պատմվածքի ժամանակակից  ինտերպրետացիան:
«Ինձ առանձնապես չի հետաքրքրում դասական գրականությունը: Ես նայում եմ առաջ, որոնում և հետաքրքրվում ժամանակակից պատմություններով: Ուսանողական տարիներին մի սցենար ունեի հայկական գյուղական թեմայով: Ըստ իս` դա լավագույնն է, ինչ ես գրել եմ: Մի տղայի մասին է, տղա, որն ուներ ոչխար ընկեր և հին “Playboy” ամսագիր”: Մի օր նա ծառի վրա ցանկության ժապավեն է փաթաթում և երազում այդ ամսագրի մոդելի մասին: Բայց ամսագրի համար հին է, և նա «ստանում է» ծեր կնոջ: Այդպիսի կատակերգական պատմություն: Այդ տարիներին իմ կուռքը Կուստուրիցան էր, ամեն ինչ պատկերացնում էի իր ոճով: Դեր կար
Արմեն Ջիգարխանյանի համար. մի խոսքով` պոետիկ կինո: Չնչին գումար էր պետք ընդամենը, չէ ՞որ մենք ուսանող էինք և ամեն ինչ կնկարեինք անվճար: Պետք էր ուղղակի մի քիչ օգնել մեզ, բայց հայ մեծահարուստները, որոնց դիմել էի, գրեթե նույն բանն էին ասում՝ «Այ` եթե լիներ ֆիլմ Ցեղասպանության մասին` ուրիշ»: Ըստ նրանց, ոչխարի մասին ֆիլմը չի կարող լինել հայկական կինոյի դեմքը: Ափսոս այդպես էլ չնկարեցի այդ պատմությունը, կստացվեր զվարճալի հայկական ֆիլմ… Այսօր չեմ անի դա, փոխվել եմ… Այնպես որ` այո, ինձ հետաքրքրում են փոքր մարդկանց մասին պատմությունները: Իհարկե, Ցեղասպանության մասին ֆիլմեր պետք է լինեն, բայց հայկական կինեմատոգրաֆին անհրաժեշտ են նաև պատմություններ այսօրվա մասին, այսօրվա խնդիրների, այսօրվա մարդկանց մասին: Անցել է քսան տարի, բայց ոչինչ չի փոխվել: Ցեղասպանության թեման հասկանալի է, այն կա ամեն ընտանիքում, բայց եթե խոսում ենք ազգային կինոյի զարգացման մասին, պետք է նայել ուրիշ կողմ, գնալ առաջ»:


Աննա Մելիքյան վառ և ճնշող անձնական պատկերացումներով ռեժիսոր է: Նա մասամբ մնացել է մանկության ու պատանեկության մեջ: Սիրում է մեծ կյանքի փոքր ուրախությունները, երազկոտ է ու կարող է հանգիստ վարակել սոցռոմանտիզմով, սակայն նրա բոլոր զավեշտալի, յուրահատուկ, միայն իրեն տիպիկ կանացի պատմություններն ունեն աննշան դառնության ետնահամ, որից հետո անկախ ամեն ինչից տխրում ես: Տրագիկ բաղադրիչն անհոգ և երիտասարդ հանդիսատեսին, կարծես, մատնացույց է անում այն փաստի վրա, որ կյանքը հիասքանչ է, իսկ գիշերային գողացված անանասը կամ կապույտ խնձորները կյանքի ամենապարզ հաճույքներից են, որոնք պետք է ըմբոշխնել՝ չկենտրոնանալով արհեստական խնդիրների վրա:

Տարածել