Առաջին անգամ լույս է տեսնում Շառլ Ազնավուրի պոեզիայի ժողովածուն (թրեյլեր)
Շառլ Ազնավուրի ծննդյան 98-րդ տարեդարձի առթիվ Newmag-ը հրատարակել է արդեն 7-րդ գիրքը: Այստեղ ներկայացված է Ազնավուրի պոեզիան, վերնագրված է «Նոր երկիր»՝ բանաստեղծություններից մեկի անունով: Հաստափոր գիրքը նրա պոեզիայի ժողովածուի առաջին մասն է: Պոեզիայի այս ժ
«Նոր երկիր» կոչվող պոեզիայի ժողովածուն ընդգրկում է Շառլ Ազնավուրի 1940-2010 թվականներին գրած 113 երգերի տեքստերը: Այս երգերից շատերը հայտնի են, բայց մեծ մասին հայ ընթերցողը կծանոթանա առաջին անգամ: Նա գրական աշխարհ մտնելով՝ իր հետ բերեց սեփական ոճն ու ձայնը: Շառլը, իր իսկ խոսքով, բառախաղերով ֆրանսերեն երգում ու գրում է տխրության, սիրո, բաժանման և կորստի մասին, ինչու ոչ, նաև խաբեության, խաղամոլության մասին. «Բառերի օգնությամբ միշտ ցանկացել եմ հորինել մի պատմություն, այդ պատմությամբ հրապուրել հանդիսատեսին՝ ազատություն տալով իմ երևակայությանը»:
Պոեզիայի ժողովածուի հայերեն թարգմանության առաջին մասում ներկայացված է 113 ստեղծագործություն։ Հատուկ ֆրանսախոսների համար հայերեն թարգմանության հարևանությամբ նաև ֆրանսերեն բնագիրն է։ Ազնավուրը գրում է պարզ, բայց նրա տեքստում կան թաքնված իմաստներ, որոնք հայերեն արտահայտելու համար պետք է խորապես ընկալել դրանք: Իսկ իր նախընտրելի երգերի վերնագրերի կողքին գրքում դրել է սրտիկ նշանը։ Այս առիթով Ազնավուրը ժամանակին ասել է. «Ես մշակում եմ, վերամշակում, այնքան եմ «ազնավուրացնում» երգը, մինչև զգում եմ, որ այլևս անկարող եմ ոչինչ փոխել, որ երգն արդեն, ըստ իս, վերջնական տեսք ունի: Նույնիսկ եթե դրա համար հարկ լինի 24 ժամ տքնել բանաստեղծական մի տողի վրա, ո՜չ մի խնդիր»:
[EMBED_POST: 5987]
Ազնավուրը երբեք չի հավակնել աշխարհի մեծագույն գրողների շարքին դասվելուն։ Բայց նա ֆրանկոֆոն աշխարհի ամենահայտնի հայն է։ Նրա գրքերի համաշխարհային վաճառքի ցուցանիշը սփյուռքահայ հեղինակների շարքում զիջում է միայն Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների վաճառքին։ Ազնավուրը գրել է այն, ինչ զգացել է. ըստ տրամադրության: Երբեմն արձակ, երբեմն չափածո։ Բայց սա անկեղծ զրույց է, խորհրդածում՝ ընթերցողի հետ, նրա համար գրելը նշանակում էր փոխել, ստեղծել, քանդել. «Ինձ համար ոչինչ այնքան կարևոր չէ, որքան ճշգրիտ բառը, այն բառը, որը շատ ես ուզում ուրիշ տեղ գործածել, կրճատել կամ այլ բառով փոխարինել, բայց ոչ մի կերպ դա քեզ չի հաջողվում»:
Պոեզիայի ժողովածուն ֆրանսերենից հայերեն է թարգմանել Սամվել Գասպարյանը, խմբագրել՝ Հասմիկ Առաքելյանը: «Նոր երկիր» պոեզիայի ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 23-ին, ժամը 13:00, Փարիզ հյուրանոցի Մոնմարտր սրահում: Մուտքն ազատ է: