Օպերայի լեգենդ. այսօր ապրում ենք մեզ ո′չ վայել, անկիրթ ու անմշակույթ երկրում
դավաճանություն և ներում
Դավաճանությունն ու ստորությունը հատուկ են շատերին, և դրանցից խուսափելն անհնար է: Սակայն պետք է կարողանալ նաև ներել: Իմ կյանքում եղել է մի դեպք, որն ինձ սովորեցրեց ներել: Վաղուց էր, խորհրդային տարիներին. ես մեկնելու էի արտասահման համերգային շրջագայության:Արդեն կար պայմանավորվածություն, հայտնի էր հյուրախաղերի երկիրն ու մեկնելու ժամանակը: Սակայն օրերն անցնում էին, բայց` ոչ մի լուր: Հանկարծ զանգահարում են համապատասխան կազմակերպությունից և հրավիրում հանդիպման, որի ժամանակ հայտնում են, որ իմ փոխարեն ուղարկելու են մեկ այլ երգչուհու: Վրդովված դուրս եմ գալիս, այլայլված քայլում եմ փողոցով: Պատահաբար հանդիպում եմ ընկերներիցս մեկին, որը, նկատելով հուզմունքս հարցնում է` քեզ ի՞նչ է պատահել: Ասում եմ` չգիտեմ, ես այդ կնոջը պիտի սպանեմ կամ մի շատ վատ բան անեմ: Ընկերս կանխում է. «Արա′քս, իսկ չե՞ս կարծում, որ դրանով քեզ ավելի կվնասես»: Նստեցինք` այն ժամանակ մոդայիկ «Կազիրյոկ» սրճարանում, որը հայ արվեստագետների հավաքատեղին էր: Եվ ընկերս սկսեց պատմել նմանատիպ դեպքերի մասին: Ես աստիճանաբար փափկեցի ու հասկացա. կարող ես` գործն ինքդ արա, չես կարող` ուրիշին մի մեղադրիր: Պահանջվեց ընդամենը ընկերական մի քանի պարզ խորհուրդ, որ ես սփոփվեմ ու ներեմ... Սեփական անհաջողության պատճառը փնտրիր քո ներսում, և ավելի հեշտ կլինի ներելն ու կրկին Սիրելը: Ներելը նույնպես պետք է սովորել:
ճաշակ
Վերջերս վարսավիրանոցում էի և հարցնում եմ երիտասարդ վարսահարդարներին. «Դուք դիտո՞ւմ եք Վյաչեսլավ Զայցևի «Նորաձևության դատավճիռ» հաղորդաշարը»: Ասում են` ո′չ, ժամանակ չունենք, մինչդեռ հեռուստացույցը միացրած է, և հայկական ալիքով կամ բրազիլական սերիալ, կամ էլ հայկական որևէ ապաշնորհ տեսահոլովակ է ցուցադրվում: Իսկ չէ՞ որ Զայցևի հաղորդաշարը հագուստի, վարսահարդարման և դիմահարդարման ճաշակ է զարգացնում, և հենց իրե′նց է պետք ամենից առաջ: Ցավոք չեմ հավատում, թե մոտ ապագայում մեր ՙհամընդհանուր ու հատկապես երաժշտական ճաշակն էլ այնքան կբարձրանա, որ եթերում, տրանսպորտում, սրճարան-ռեստորաններում և այլուր հնչի բարձրաճաշակ երաժշտություն: Եթե ոչ մեր հայկական դասականը կամ առավել ևս` Մոցարտ, Շոպեն ու Շտրաուս, ապա գոնե` հենց մեր շոու բիզնեսի լավագույնը:
բամբասանք
Բամբասանքը հզոր բան է: Բամբասանքները լինում են տարբեր: Կա անվնաս բամբասանք, որն ուղղակի ժամանց է: Իսկ կա բամբասանք, որը կարող է մարդ սպանել: Արտիստական միջավայրում կան մարդիկ, որ բամբասանքի տեղիք չեն տալիս, քանի որ ամբողջովին տարված են իրենց աշխատանքով: «Մասնագիտական բամբասանքն» այնուամենայնիվ անխուսափելի է. այսինչ կատարողը նոտան ճիշտ չերգեց կամ ռիթմը խախտեց, կամ մատը սայթաքեց: Բայց դա′ էլ բնական է: Անձնական կյանքին առնչվող բամբասանքներն առավել հատուկ են շոու բիզնեսին: Հաճախ արտիստն ինքն է բամբասանքի առիթ տալիս, որ դեղին մամուլը գրի իր մասին: Դեղին մամուլը հենց բամբասանք տարածելով է զբաղված: Մեծ ստորություն է, երբ լրագրողը քեմղում է անկեղծ զրույցի, սակայն չարաշահում է քո անկեղծությունն ու վստահությունը: Այդ պատճառով ես մեծ բծախնդրությամբ եմ դրան վերաբերվում, աշխատում եմ բամբասանքի առիթ չտալ ու չշփվել անազնիվ լրագրողների հետ:
սովորել ունկնդրել
Թվում է` բոլորն էլ կարող են երաժշտություն լսել: Սակայն դասական երաժշտություն ունկնդրելն անհրաժեշտ է Սովորել: Անծանոթն ու անճանաչելին ինչպե՞ս սիրես: Ճանաչելն ու կրթվելը բարդ գործ է, և հետո` ամեն բան չէ, որ հենց սկզբից հաճելի է: Երբեմն ծուլանում ես, հոգնում, ձանձրանում: Բայց եթե անհրաժեշտ ջանք ես թափում ու հաղթահարում այդ ամենը, ՙվարձատրվում՚ ես իսկական ոգեղեն բերկրանքով ու գիտելիքով, որոնք կարող է տալ միայն դասական երաժշտությունը: Նախկինում գոյություն ուներ դպրոցականի ֆիլհարմոնիա, որի աբոնեմենտներն անվճար բաժանվում էին երաժշտական դպրոցների սաներին: Չեմ կարծում, թե անհնար է վերականգնել այս կարևոր ավանդույթը. Էականն այն մթնոլորտն է, որում կգտնվեն ու դրանով իսկ կկրթվեն ապագա և′ երաժիշտները, և′ ունկնդիրները: Պարտադիր չէ բոլորին սովորեցնել երգել կամ նվագել, բայց շատ կարևոր է սովորեցնել Ունկնդրել դասական երաժշտություն, այսինքն` կրթել, պատրաստել գրագետ ունկնդիր:
զրույց
Ես շատ շփվող եմ, չեմ սիրում լռել և կարող եմ անգամ անծանոթի հետ խոսքի բռնվել տրանսպորտում, խանութում կամ փողոցում: Երևի նրանից է, որ շփման մեծ կարիք ունեմ: Մյուս կողմից` ճանաչված լինելն ինչ-որ չափով սահմանափակում է անկաշկանդ շփվելու ազատությունը: Մինչդեռ ոմանց առավել դուր է գալիս հանրահայտ լինելը, քան մարդկանց հետ շփվելը:
վերադարձ
Իմ վերջնական վերադարձը պայմանավորված չէ նյութական բարեկեցությամբ: Չեմ կեղծի, իհարկե, դա էլ է կարևոր: Սակայն հնարավոր է, որ իմ երկրում բարեկեցություն լինի, բայց ես լինեմ ուրիշ երկրում: Ես հաճախ մեկնում եմ այլ երկիր, քանի որ բավարար վճարվող ու հետաքրքիր աշխատանք չունեմ այստեղ: Հնարավոր է նաև, որ այդ ամենը Հայաստանում լինի, բայց այստեղ ապրելը կրկին դյուրին չլինի: Իսկ ամենավատն այն է, որ չես կարող ասել այն, ինչ մտածում ես. սկսվում են վիրավորանքներ, տհաճ խոսակցություններ, իբր «իրենց չես հասկանում»: Չկարողացանք, իսկ գուցե չցանկացանք Գոհար Գասպարյանի նման համաշխարհային հռչակ վայելող երգչուհուն պատշաճ հրաժեշտ տալ: Ժամանակի մեծագույն հայ դիրիժոր Օհան Դուրյանի 85-ամյակի առթիվ Լայպցիգում համերգային դահլիճ են կոչում նրա անունով: Իսկ այստեղ, Հայաստանում...ինչո՞ւ ոչ մի նման բան չարվեց: Որովհետև լինելով մշակութային ազգ, այսօր, ցավո′ք, ապրում ենք մեզ ո′չ վայել երկրում, անկիրթ ու անմշակույթ երկրում, արժեքների արժեքը չգիտցող երկրում: Իսկ այդպիսի հասարակության մեջ, անկեղծ ասած, չափազանց ծանր է ինձ համար ապրելը: Շատ եմ ցանկանում օր առաջ ընդմիշտ վերադառնալ իմ երազած` մշակույթի երկիր Հայաստան...