Հայկական ArCa քարտով հնարավոր կլինի օգտվել Ռուսաստանում. Ի՞նչ է դա նշանակում
ԱՊՀ երկրները ընդհանուր վճարային տարածք ձևավորելու ճանապարհին են: Առաջին քայլն անում է Հայաստանը: Հայկական վճարային լոկալ քարտերը շուտով կիրառելի կդառնան Ռուսաստանում: Ռուսաստանի Ազգային բանկը պաշտոնական հայտարարություն է տարածել, ըստ որի Հայաստանն և Ռուսաստանն արդեն պայմանավորվել են, որ հայկական ազգային ArCa պլաստիկ քարտերը կսպասարկվեն Ռուսաստանի «Միր» վճարային համակարգերի բանկոմատներում, իսկ ռուսական «Միր» քարտերը կշրջանառվեն Հայաստանի ArCa-ի բանկոմատներում:
Ի՞նչ է ArCa-ն
ArCa քարտերը «Արմենիան Քարդ» միասնական վճարային համակարգին պատկանող քարտերն են, որոնց գործածումը հնարավոր է միայն Հայաստանի տարածքում: Դրանք կարող են թողարկել միայն «Արմենիան Քարդ» համակարգի անդամ առևտրային բանկերը: ԱրՔա քարտերը կարող են լինել ինչպես դեբետային, այնպես էլ վարկային և տրամադրվում են միայն դրամով:
Ինչպե՞ս կարող եմ իմանալ, իմ բանկային քարտը ArCa՞ է
Տեղական քարտի վրա մեծատառերով նշված է ARCA, սակայն լինում են դեպքեր, երբ քարտապանները անուշադրության պատճառով չեն նկատում այդ գրառումը: Պարզելու համար, քարտը լոկալ ArCa է, թե միջազգային MasterCard, Visa, AmEx կամ այլ, ընդամենը պետք է դիմել քարտը թողարկող բանկ, և հենց սպասարկման բաժնի աշխատակցուհին կտա սպառիչ պատասխան:
Ի՞նչ հնարավորությունն է տալիս
ArCa-ն լոկալ է, բայց դրա հնարավորությունները սահմանափակ չեն, լայն են և տարաբնույթ: Ահա թոփ հնգյակը.
- ՀՀ տարածքում կանխիկի ստացում բանկոմատներից, որոնց վրա փակցված է լինում ArCa համակարգի նշանը:
- ՀՀ տարածքում գտնվող առևտրի և սպասարկման կետերում (որոնք սպասարկում են ArCa քարտեր) ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց վճարումների իրականացում:
- Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների իրականացում բանկոմատների միջոցով
- Վիրտուալ քարտի միջոցով կոմունալ վճարումների իրականացում, քարտային հաշվի մնացորդի և քարտով գործարքների վերաբերյալ տեղեկատվության ստացում ինտերնետով
- Ձեր քարտից մեկ ուրիշի ԱրՔա, ՄաստերՔարտ և Վիզա քարտերին (որոնք գտնվում են ԱրՔա վճարային համակարգում) քարտին գումարների փոխանցում
Ե՞րբ է հնարավոր կլինի օգտվել Ռուսաստանից
Թե երբ հնարավոր կլինի տեղական ArCa քարտերով գործարքներ կատարել Ռուսաստանում, դեռ հստակ չէ: Պաշտոնական Հայաստանը և Ռուսաստանը դեռ խուսափում են հստակ ժամկետներ նշել: Առայժմ հայտնի է միայն, որ երկու երկրների պրոցեսինգային համակարգերը նախապատրաստական փուլում են: Ենթադրվում է, որ մինչև ամառ աշխատանքը ավարտված կլինի, և մինչև տարեվերջ ArCa վճարային քարտերը կսպասարկվեն Ռուսաստանում, ռուսական Միրն էլ Հայաստանում:
Ինչպե՞ս է դա լինելու
Եվ շատ սովորական կարգով` քարտը ներբեռնելով բանկոմատ: Ճիշտ այնպես, ինչպես Visa-ն կամ Master Card-ը, Ռուսաստանի տարածքում դուք հնարավորություն ունեք վճարելու նաև հայկական քարտով: Ավելին, լինելով մեկ միասնական համակարգում, այլևս գումար փոխանցելու կարիք չի լինի, քանի որ դուք Ռուսաստանում կարող եք դնել այն ԱրՔա-ի վրա, որը ցանկանում եք: Այդ գումարը կստանան Հայաստանում Ձեր բարեկամները կամ հակառակը: Սակայն սա դեռևս տեսական է, թե ինչ միս ու արյուն կստանա համակարգը և ինչ առավելություններ կունենա` ցույց կտան բանակցությունները: Գլխավոր խնդիրը կանխիկացումից պահումներն են և դրամ-ռուբլի հաշվարկային փոխարժեքը: Միայն դրանց զրոյական կամ շատ ցածր տոկոսադրույքի դեպքում վճարային միասնական համակարգը կլինի արդյունավետ և օգտակար: