BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

ARMCOMEDY. Տոնամարտ

ARMCOMEDY. Տոնամարտ

Սերգեյ/Նարեկ
Ս. - Ապրիլի 7-ը ռազմահայրենասիրական ա. հենց հայ կանանց և հայեցի գեղեցկությունն ենք տոնում:
Ն. - Մարտի ութը գոնե համարյա ամբողջ աշխարհում են տոնում, այլ ոչ թե մենակ մի երկրում:
Ս. - Բայց Մարտի ութը շատ սովետական տոն ա: Ու դա ոնց որ հարգանքի տուրք լինի Լենինին: Հիմա, քանի թարմ պետություն ենք, գուցե թարմ տո՞ն ունենանք:
Ն. – Հա՛, թարմ տոն: Դրա համար հեթանոսական արմատներով Ապրիլի 7-ը ավելի հարմա՞ր ա: Մարտի ութին կարող ես գոնե մի քանի արտասահմանցու շնորհավորել:
Ս. - Ապրիլի 7-ը էնքան հայկական ա, որ կարող ես որպես նվեր տոլմա նվիրել կամ թզբեհ: Ա՛յ, էդքան ռազմահայրենասիրական տոն ա:
Ն. - Մարտի 8-ը խորը նստած ա բոլորիս ենթագիտակցության մեջ: Եթե քեզ գիշերը քնից արթնացնեն ու խնդրեն կանանց ինչ-որ տոն ասել, կասես` Մարտի 8:
Ս. - Ապրիլի յոթին կարող ես ոչ թե թանկանոց ռեստորան գնալ, այլ կարգին շաուրմա ուտելու: Կամ աջարական խաչապուրի:
Ն. - Մարտի 8-ին էլ կգնաս շաուրմա ուտելու. արդյունքը լինելու է նույնը, ինչ ապրիլյոթյան շաուրման` զայրացած զուգընկերուհի:
Ս. - Ապրիլի 7-ին շեշտվում ա մայրությունն ու գեղեցկությունը: Այսինքն` երբ մեկին շնորհավորում ես, նկատի ունես, որ կա՛մ մայր է, կա՛մ գեղեցիկ է: Իսկ եթե Մարտի 8-ն ես շնորհավորում, նկատի ունես, որ դիմացինդ ուղղակի կին ա:
Ն. - Փաստորեն ապրիլի 7-ը խտրականության և լուքիզմի տոն է (անգլ. lookism - երբ մարդու մասին դատում ես արտաքին տեսքով): Իսկ Մարտի 8-ը գնահատում է բոլոր կանանց` անկախ նրանց տեսքից և ընտանեկան կարգավիճակից: Այսպիսով՝ մարտի 8-ն ավելի պոլիտկոռեկտ, ժողովրդական ու մարդասիրական տոն է:
Ս. – Դե՛, տնտեսական հարցեր էլ կան: Ապրիլի 7-ը ավելի տաք եղանակ ա ենթադրում, այսինքն՝ ծաղիկներն ավելի շատ են ու ավելի էժան:
Ն. - Իսկ Մարտի 8-ն ավելի խորհրդանշական ա նրանով, որ գարնան սկիզբն ա. վերածնունդ, ջերմություն, արթնացած լիբիդո: Հետո՝ զուտ 8 թիվը ինձ թվում ա շատ ավելի գեղեցիկ դիզայներական լուծումով, քան 7 թիվը: Իհարկե, երկուսն էլ ավելի լավն են քան, 9-ը, որը, անշուշտ, ալարկոտ դիզայների գրդոն արած 6-ն ա, բայց, ինչևէ, 8-ը 7-ից գեղեցիկ է:
Ս. - Ապրիլի 7-ը ավելի հեռու ա հայրենիքի պաշտպանի օրից: Այսինքն՝ ավելի հավանական ա, որ մոռացած կլինեն իրենց նվերը, ու ակնկալիքները ավելի քիչ կլինեն:
Ն. - Արի իրականությունն ընդունենք, Սերգե՛յ: Պաշտպանի կամ բանակի օրվա կապակցությամբ նվերներ գրեթե չեն տրվում: Տոնը անցավ շնորհավորական փուլ: Կորցնելու բան չկա:
Ս. - Ապրիլի 7-ն ավելի մոտիկ ա Զատիկին: Կապ չունի ոչ մի բանի հետ, բայց հավես ա:
Ն. - Մարտի 8-ն իդեալական հեռավորության վրա է գտնվում և՛ Սուրբ ծնունդից, և՛ Զատիկից: Նաև հագեցնում է տոների ծարավը:
Ս. - Ապրիլի 7-ը լավ ա նրանով, որ ծնունդիս օրն ա, ու նվեր ավելի շատ եմ ստանում, քան տալիս եմ:
Ն. – Այսինքն՝ դու օբյեկտիվ չես կարող լինել Ապրիլի 7-ը գնահատելու գործում, քանի որ քո բոլոր փաստարկները կողմնակալ էին: Մնում է միայն մեկ հետևություն. ես հաղթեցի: Ո՞ւր է իմ մրցանակը:
 

Տարածել