Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու ևս մի նախագիծ ձախողվեց
Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու ևս մեկ իրական նախագիծ, ըստ երևույթին, դատապարտված է ձախողման: Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղիների ղեկավարները Թբիլիսիում համաձայնագիր են ստորագրել այն մասին, թե ինչպես ակտիվացնել Պարսից ծոցը և Սև ծովը միավորող երթուղին:
Համաձայնագիրն ստորագրել է «Իրանի երկաթուղիների» տնօրեն Սաիդ Մոհհամադզադեի և նրա վրացի ու ադրբեջանցի գործընկերներ Մամուկա Բախտաձեի և Ջավիդ Գուրբանովի բանակցությունների արդյունքում:
Վրաստանում Իրանի դեսպանատան նախաձեռնությամբ անցկացված հանդիպմանը կողմերը ընդգծել են երեք երկրների համատեղ ծրագրերի իրագործման հարցում համագործակցության, նաև այդ երթուղու ամենավաղ ժամկետում գործարկման անհրաժեշտությունը: Իրանի ներկայացուցիչն ընդգծել է երեք երկրների հնարավորությունների համակարգված օգտագործման անհրաժեշտությունը՝ ակտիվացնելու Պարսից ծոցից դեպի Սև ծով ճանապարհը, նաև միջազգային նախագծի ավելի ուշ փուլերում ենթակառուցվածքի ընդլայնման պահանջը: Նա նաև ընդգծել է, որ այդ ճանապարհն օգուտ կբերի ոչ միայն մասնակից երկրներին, այլև երթուղում գտնվող պետություններին, քանի-որ նվազեցնում է ծախսերը և արագացնում ապրանքների տեղափոխումը:
Երթուղին առաջին հերթին երկաթուղով Եվրոպայից Պարսից ծոց, այնուհետև Հնդկաստան ապրանքների տեղափոխման նպատակ ունի: Սև ծովն աշխարհի ռազմավարական կարևոր ջրատարածքներից մեկն է, որը ջրային սահմաններ ունի Ռուսաստանի, Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի և Վրաստանի հետ: Սև ծովից Իրան, իսկ հետո մինչև Պարսից ծոց տարանցիկ երթուղու ստեղծումը կարող է հանգեցնել միջազգային և անդրմայրցամաքային առևտրատնտեսական համագործակցության զարգացման:
Հայ փորձագետների կարծիքով, բարձր ճանապարհային վճարը Հայաստանի տարանցիկ հեռանկարներին խոչընդոտող գործոններից մեկն է: Ճանապարհային վճարը Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով «Ճանապարհային վճարի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է: Սակայն, չհիմնավորված բարձր վճարը վանում է տրանսպորտային ընկերություններին: Օրինակ, Իրանից ավտոմեքենաներն Հայաստան մուտք գործելու համար ստիպված են վճարել շուրջ 300 դոլար: Փոխարենը հայկական կողմը չի տրամադրում ոչ բարձորակ ճանապարհային ենթակառուցվածք, ոչ հարակից ծառայությունների պատշաճ որակ:
Իրավիճակը հատկապես տխուր է հարևան երկրների համեմատ: Վրաստան մուտք գործելիս անհրաժեշտ է կատարել 80 դոլար միաժամանակյա վճարում ու վերջ: Ադրբեջանի դեպքում տեսնում ենք համակարգ, որը կարող է տրանսֆորմացվել՝ ի պատասխան մարտահրավերներին: Իրավիճակի անհեթեթությունը հասնում է այն բանին, որ վարորդները նախընտրում են ավելի երկար ճանապարհ, քանի-որ Հայաստանով ճանապարհային ծախսերը չեն փոխհատուցվում: Անհեթեթ իրավիճակ է ստեղծվում. բեռնատարը Իրանից մեծ շրջապտույտ է կատարում Թուրքիայով և ապրանքները բեռնում Թբիլիսիում, բայց Հայաստանով չի ընթանում, քանի որ ձեռնտու չէ:
Ավելի վաղ Իրանն առաջարկել էր տարածաշրջանի երկրներին միջանցք կառուցել Պարսից ծոցի և Սև ծովի միջև: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ նման միջանցքը մեծ հնարավորությունների սկիզբ կդնի տարածաշրջանային համագործակցության ամրապնդան համար: Նա հատկապես նշել էր, որ «փոխադրումների արժեքը բավականին ցածր կլինի»:
2016 թվականի նոյեմբերի 23-ին Իրանը Հայաստանի տարածքով, Եվրոպայից եկող տրանսպորտային միջանցքով, ստացել է առաջին բեռը, որը եկել է Գերմանիայից: Հեռանկարում նախատեսվում է, որ այս ուղին կփոխարինի Թուրքիայի տարածքով գնացող ճանապարհին: «Երկու բեռնատար կոնտեյներ Իրան է ժամանել Հայաստանի սահմանով: Կոնտեյներներն ուղարկվել են Համբուրգից` թուրքական երթուղու համեմատ ավելի կարճ ճանապարհով:
Թեհրանն ու Անկարան արդեն վաղուց տարանցման շուրջ տարաձայնություններ ունեն երկու հարևան երկրներում վառելիքի տարբեր գների առնչությամբ: Բացի այդ, ընդհանուր սահմանը հաճախ ճանապարհային խցանումների ասպարեզ էր տարանցիկ բեռնատարների համար: Սահմանին հերթը հասնում է 15 կմ: Հարևան երկրների մաքսային մարմինների պաշտոնատար անձանց ստորագրած համաձայնագրերն այդպես էլ չկարողացան լուծել այդ խնդիրը: Իրանի կառավարությունն Անկարայից անվտանգության երաշխիքներ է պահանջել իրանական բեռնատարների համար, սակայն արդյունքն անբավարար էր, ինչը հանգեցրել է անբավարար վստահության, որ Թուրքիան ի զորու է դադարցնել բռնությունը: Հետևաբար, Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարությունը ցամաքային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններին խորհուրդ է տվել խուսափել Թուրքիայի տարածքով անցնող երթուղիներից: Նախարարությունը բեռնատարների վարորդներին հորդորել է օգտագործել երկու այլընտրանքային երթուղի. մեկը` Ադրբեջանով, Ռուսաստանով և Բելառուսով, մյուսը` Հայաստանով, Վրաստանով, Սև ծովով, այնուհետև Ռումինիայով կամ Բուլղարիայով:
Պարզվել է, որ Հայաստանի տարածքով անցնող նոր երթուղով բեռնափոխադրումների արժեքը 1-2%-ով էժան է` համեմատած թուրքական երթուղու հետ: Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Իտալիայի և Հունաստանի հետ վերջին բանակցությունները կենտրոնացած էին այդ երկրների մասնակցությամբ տարանցիկ միջանցքի շուրջ: Ըստ երևույթին, Ադրբեջանի առաջարկած փոխադրումների արժեքն ավելի ցածր է եղել՝ այն բանի համեմատ, ինչ ծախսվել է Եվրոպայից Իրան փոխադրումներ կատարելիս: Այսպիսով՝ կարելի է փաստել, որ բանակցություններն ավարտվել են ոչ հօգուտ Հայաստանի: Պետբյուջեի եկամտային մասն ամեն գնով համալրելու Հայաստանի իշխանությունների ցանկությունը, ըստ երևույթին, ավելի բարձր է ակնկալվող հեռանկարներից: