Փաշինյան-Պուտին հանդիպում. կրկին մեկ ժամ ուշ
Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական ճգնաժամից եւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո երկու երկրների լիդերների առաջին հանդիպումն է: Հենց այդ պատճառով, այն առաջին հերթին միմյանց հետ ծանոթանալու նպատակ ուներ: Հանդիպման սկզբում Վլադիմիր Պուտինը հույս հայտնեց, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան նույն կերպ, ինչպես մինչև հիմա:
Ցանկանում եմ հաջողություններ մաղթել Ձեզ կառավարության ղեկավարի պաշտոնում, և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները նույնպիսի զարգացում կունենան, ինչպես եղել է մինչև այժմ:
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես տարածաշրջանում մերձավոր գործընկերոջ և դաշնակցի: Նա հատուկ հայտարարեց, որ խոսքը վերաբերում է և՛ տնտեսական համագործակցությանը, և՛ անվտանգության հարցերին:
Մենք կշարունակենք միասին աշխատել նաև միջազգային կազմակերպություններում` սկսած ՄԱԿ-ից, որտեղ մենք աջակցում ենք միմյանց, վերջացրած տարածաշրջանային կազմակերպություններով:
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ
Վարչապետ նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ունի մեծ էներգիա` նոր իմպուլս հաղորդելու Ռուսաստանի հետ հարաբերություններին և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտներում:
Մենք հույս ունենք մեր հարաբերությունները զարգացնել նաև ռազմաարդյունաբերության ոլորտում:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ
Լրագրողների ներկայությամբ այս հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի ամբողջ ընթացքում Պաշտոնական Մոսկվայի հավասարակշռված հայտարարություններին: Իմ քայլը նախաձեռնության հենց սկզբից Ռուսական կողմը հանդես եկավ չեզոք դիրքորոշմամբ:
Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի ընթացքում:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ
[gallery ids="51976,51975,51973"]
Անդրադառնալով տնտեսական հարաբերություններին Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստան այցելող ռուս զբոսաշրջիկների մասին: Վարչապետը շնորհավորեց Ռուսաստանի նախագահին Հաղթանակի տոնի առթիվ և նշեց, որ Հայաստանում հետևել են այդ առիթով կազմակերպված ռազմական շքերթին և հիացել ռուսական ռազմաարդյունաբերության ձեռքբերումներով: Այնուհետեւ երկկողմ հանդիպումը շարունակվել է փակ դռների հետեւում:
Նիկոլ փաշինյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգայի նախագահ Տիգրան Սարգսյանի, Մոլդովայի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահների հետ:
[gallery columns="4" link="file" ids="51981,51980,51979,51978" orderby="rand"]
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը սկսվեց ընդհանուր լուսանկարահանման արարողությամբ: Սա այս տարի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն էր: Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես հյուր` Մոլդովայի նախագահը:
[gallery columns="4" ids="51983,51984,51985"]
Նեղ կազմով, այսինքն միայն անդամ երկրների ղեկավարների մասնակցությամ նիստը բացեց Վլադիմիր Պուտինը, ԵԱՏՄ առաջնորդների ներկայությամբ շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու առիթով:
Նախևառաջ ցանկանում եմ ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մեր այսօրվա օրակարգը շատ հագեցած է, պետք է ամփոփենք ԵԱՏՄ գործունեության արդյունքները և ընդունենք ռազմավարական ինտեգրումը խորացնելու որոշումներ:
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ
Այս հանդիպումից անմիջապես հետո ԵԱՏՄ երկրների առաջնորդները նիստը շարունակեցին փակ դռների հետեւում: Օրակարգում մեդիայի համար հաջորդ բաց միջոցառումն ընդլայնված կազմով հանդիպումն էր, որտեղ առաջին անգամ հայտարարությամբ հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը: Գլխավոր ուղերձն այն էր, որ Հայաստանը մտադիր է շարունակել ակտիվ փոխգործակցությունը ԵԱՏՄ գործընկերների հետ:
Հաստատում եմ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների լիակատար հանձնառությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ԵԱՏՄ միասնական շուկայում եղած վարչական խնդիրները, անցումը նոր ընդհանուր կարգավորիչ մեխանիզմներին, բիզնեսի խոչընդոտները և արդյունքներ ստանալու ակնկալիքները:
Հայաստանը շահագրգռված է ելնում նրանից, որ, նախ և առաջ անհրաժեշտ է ապահովել առևտրատնտեսական համագործակցության աճ, շեշտը դնել բարձր և նոր տեխնոլոգիաների վրա, տնտեսվարող սուբյեկտների համար գործնականում ապահովել հավասար պայմաններ: Եթե տնտեսական ակտիվության ցուցանիշները քաղաքացիների համար տեսանելի չեն, վերածվում են վիճակագրության:
Գագաթնաժողովը եզրափակվեց քննարկվող փաստաթղթերի ստորագրմամբ, որից հետո Վլադիմիր Պուտինը իր գործընկերներին հրավիրեց ոչ պաշտոնական ճաշի:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։