Դավիթն ապագա միջազգայնագետ է: ԵՊՀ-ոմ սովորեց մեկ տարի, հետո զորակոչվեց բանակ: Իր վաշտի հրամանատարը 22 տարեկան է, իր հետ ծառայում է 25 տարեկան զինվոր: Համարում է, որ 18 տարեկանում ծառայելն օգնում է ինտեգրվելուն. արագ ես քո տեղը գտնում վաշտում:
«Մայրիկի ծնունդն ամենանվիրական օրն է բանակում»:
Ունի օրացույց, որտեղ նշել է ծնողների ու ընկերների ծննդյան օրերը: Երբ ժամանակը գալիս է, կեսգիշերից ուղիղ մեկ րոպե անց զանգահարում է տուն, շնորհավորում, թեև ընտանիքի բոլոր մաղթանքներն անգամ այդ օրերին իրեն են ուղղված՝ խաղաղություն, անփորձանք ծառայություն: Այս տարի մայրիկին շնորհավորել են մտերիմ ընկերները, իր անունից ծաղիկ են նվիրել: Դավիթի համար ծննդյան օրը հարազատին գրկելն ու համբուրելը գուցե ավելի լավ նվեր լիներ, սակայն ծառայությունն էլ չի խանգարում, որովհետև ինքը նվիրում է սիրելիին խաղաղություն՝ պահելով սահմանը:
«Ամանորին 50 գրամ խմելն ամենաթանկ կենացն է»:
Դավիթն ու ընկերները պատրաստվել են Ամանորին, զարդարում են զորանոցը: Միակ օրն է, որ զորքն արթուն կլինի մինչև կեսգիշեր: Կհավաքվեն ճաշարանում, սեղանը սովորականից շքեղ կլինի, յուրաքանչյուր սեղանին՝ մեկ շիշ օղի՝ տասը հոգու համար: 0:00 ժամին կգա հրամանատարը, կշնորհավորի: Հետո մի քանիսը կքնեն, մի քանիսը կհավաքվեն մի անկյունում ու կամփոփեն տարին:
Զինվորի համար օրացուցային 365 օրը կանցնի մեկ ակնթարթի պես, ավելի երկար կխոսեն գալիք տարվա ու ծառայության մնացած մյուս օրերի մասին: Դավիթը զորացրվելու է ամռանը:
«Կարտոֆիլի տապական ու մայրիկի ուղարկած բլիթը վեր է բոլոր ուտեստներից»:
Հայերը կարտոֆիլ շատ են սիրում, մանավանդ, երբ հավաքվում են կապտյորկայում (պահասենյակ): Դավիթի համար, սակայն, ավելի համեղ է իրենց տան պատրաստած քաղցրավենիքը: Երբ դիրք են բարձրանում, մայրը բլիթներով կապոց է ուղարկում, դիրքում ընկերներով ընդմիջում են անում, մյուսներն էլ իրենց տան ծանրոցն են բացում: Դրանից համեղ ուտեստ չես գտնի:
«Ընտանի՛ք կազմիր, երբ քեզ ապահովել ես»:
Ծրագրել է կյանքը, ամեն տարին: Ուսումը կշարունակի զորացրվելուց ու ամառային արձակուրդներից անմիջապես հետո: Գտնելու է աշխատանք, պետք է ապահովի իրեն ու պատրաստ լինի ընտանիք կազմել. ընտրյալը սպասում է: Հեռու լինելը դժվար է, տխրում ես: Մյուս կողմից՝ օգտակար է, ոգևորիչ, որ սիրելիիդ պաշտպանն ես:
«Մեկ օր պարի եմ գնացել»:
Դավիթը սպորտում էր դեռ բանակից առաջ. 5 տարի գնացել է կարատեի, բռնցքամարտի: Ծնողները պարի ուղարկեցին, բայց հաջորդ օրը հրաժարվեց գնալ: Զորամասում մարզվելու հնարավորություն կա. ամեն օր՝ չէ, բայց հաճախ է պարապում, որ մկանները չթուլանան, մնացած ազատ ժամանակը նվիրում է ընթերցանությանը: Գրականությունը հիմնականում ռազմական է, բայց գեղարվեստական գրքեր նույնպես ունեն:
«Գիտեմ, որ վնասակար է, բայց ծխելը կարծես հանգստացնում է… Թողնե՞մ»:
Բանակում ծխելը և ընդհանրապես ծխելը սխալ է: Զինվորի կարծիքով՝ եթե բանակում ծխում ես, ուրեմնքեզ հետ ինչ-որ բան այն չէ: Այստեղ բոլորը քարոզում են առողջ ապրելակերպ, մարզումներ, առողջ մարմնում առողջ հոգի, բայց ծխում էլ են: Ալկոհոլից հրաժարվել է: Չի սիրում:
«Բանակում հետաքրքիրը սննդակարգն է, երբ ամեն ինչ չափաբաժին ունի»:
Տանն ուտում ես այնքան, ինչքան ցանկանում ես, կարող ես: Մինչդեռ բանակում կանոնադրությամբ են ժամը, ժամանակը, սննդակարգը: Դավիթի գրպանում սննդացանկն է, չափաբաժինը: Բանջարեղենի ռագու՝ 450 գրամ, մսաբուծական պահածո՝ 150 գրամ, մինչև 50 գրամ պանիր, կարագ, երշիկ, մարինադ: Բանակում քաղցած չես մնա, եթե սնվես միայն ճաշարանում: Զինվորներ կան, որ խանութից են ուտելիք առնում, մանավանդ ծառայության առաջին օրերին, երբ անսովոր է բանակի ճաշը, հետո սիրով համտեսում են:
«Զինվորի ռոճիկը խորհրդանշական աշխատավարձ է»:
Դավիթն ու ընկերներն այդ գումարը ծախսում են ծխախոտի վրա, էլեմենտներ են առնում, անհրաժեշտ իրեր, որոնք էժան են, և կարիք չկա ընտանիքին այդ մասին տեղեկացնել: Դիրքեր բարձրանալիս են գնումներ կատարում: 3400 դրամ ստանում է շարքային զինվորը, 4000 դրամ՝ կրտսեր սերժանտը, սերժանտը ստանում է մի փոքր ավելի՝ 4500 դրամ, ավագ սերժանտին տալիս են 5000 դրամ:
Միհրան Բուլղադարյան
«Բանակում դասական եմ լսում»:
Բանակում երաժշտական ճաշակը բազմազան է, զինվորները լսում են ռազմական, էստրադային, ռաբիս երգեր: Միհրանը դասականի սիրահար է. թեև քչերն են իր ոճի երգեր նախընտրում, բայց քթի տակ կլասիկ մեղեդիներ են երգում: Ընկերները մի օր բռնեցրել են Ջովանի Մարադի երգելիս, ասել է՝ իտալացի կոմպոզիտոր է, հանգիստ են թողել:
Բանակում դժվար չէ, դժվարը երկու տարի հետո կլինի
«Զորամասում սովորում ես ճանաչել քեզ ու մարդկանց»:
Մինչև զորակոչվելը Միհրանը մարդկանց հետ շփվել չէր կարողանում, ավելի զուսպ էր, լռակյաց, միայնակ: Զորամասում բարդույթները վերացան, երբ զինակից ընկերների հետ ճաշեց, տխրեց, ուրախացավ, հասկացավ, որ պետք է միասին ու առանց նեղսրտելու դիրք պահել: Երբ մտածում ես, որ հակառակորդի հարձակման րոպեներին միակ փրկօղակն ինքդ ես ու կողքիդ անփորձ, բայց հավատարիմ զինվորը, բոլոր թերություններդ մոռանում ես: Դիրքում անգամ ամենաբացասական կերպարները մոռանում են թերություններն ու բարդույթները, դառնում են անմիջական, ընկերական, որովհետև դիրքում գործ ունես հակառակորդի գերսպառազինված խմբի հետ: Ծառայության 11 ամիսների ընթացքում շատ ընկերների ճանապարհել են, շատերին ընդունել իրենց շարքերը, մոռացել դառնությունները:
«Պատերազմի ժամանակ ես ճշգրտելու եմ հակառակորդի գտնվելու վայրը»:
Հրետանու հետ գործ ունի հետախույզ-հեռաչափորդը: Միհրանը լինում է դիտակետում, ընդունում է նշանակետերը, հեռավորությունը փոխանցում հրանոթներին, որպեսզի հրետանային կրակով աջակցի առաջնագծի զինվորներին: Հրաձիգների համեմատ անվտանգ է, սակայն չափազանց պատասխանատու, որովհետև գործ ունես ճշգրիտ զենքի հետ, և պետք է տեղեկությունը առավելագույն չափով ճշտված լինի: Անհրաժեշտ են մաթեմատիկական գիտելիքներ:
«Բանակում հիգիենայի պահպանումը կարևոր է բոլորի համար»:
Լողանալը, սափրվելը, մազերը կտրելը անհրաժեշտ են ծառայությունը բավարար կատարելու համար: Միհրանի խոսքով՝ կարգապահությունը նաև այլ խնդիրներից զերծ մնալու համար է. որ զինակիցներդ չդըժգոհեն ու իրենց վատ չզգան, որ հրամկազմը բարձր գնահատի վաշտի մաքրությունը, որ մեկի պատճառով չտուժեն մյուսները: Միհրանի մաշկը զգայուն է, բայց միշտ սափրված լինելը կոկիկ բնավորության ցուցիչն է: Լավ ես քեզ զգում, երբ շարքում կանգնում ես՝ ասում են՝ աչքին հաճելի է:
«Զինվորական արձակուրդը մայրիկին տանը տեսնելու հաճելի առիթ է»:
Երբ գնում է տուն, պարտադիր տեսնում է ընկերներին՝ ուսանողական ու դպրոցական, թեկուզ մի քանի րոպեով: Ժամանակի մեծ մասն անցկացնում է ընտանիքի հետ, բակի ընկերներին պատմում է բանակային կենցաղի մասին, հատկապես ասելիք շատ է լինում ծառայության մեկնողներին: Տասն օրը քիչ չէ, եթե պլանավորում ես՝ ինչպես անցկացնել, այլապես մեկ ամիսն էլ չի բավարարի:
«Բանակում դժվար չէ, դժվարը երկու տարի հետո կլինի»:
Միհրանին այս նախադասությամբ է ճանապարհել եղբայրը, հիմա նույն միտքը ինքն է փոխանցում նորակոչիկներին: Դժվարություններ, իհարկե, կան, սակայն դրանց մասին արագ մոռանում ես, երբ հարմարվում ես: Պարտավոր ես յուրաքանչյուր քայլից առաջ մտածել՝ եթե արեցիր այդպես, ինչ կզգա մայրդ, ինչ կմտածեն նրանք, ովքեր սպասում են քեզ: Դիրքում մտածում ես այն մարդկանց մասին, որոնք հույսը քեզ վրա են դրել:
«Կուզեի՝ գեղարվեստական գրքեր լինեին զորամասում»:
Զորամասի գրադարանն աղքատ չէ, պարզապես մեծ մասը ռազմական ձեռնարկներ են: Միհրանի ցանկությունն է, որ արտասահմանյան գրականություն լինի, ավելի շատ հայ գրականություն, մի քիչ՝ ռոմանտիկ ստեղծագործություններ: Ունես ազատ ժամանակ՝ լավ է. կարող ես հետևել գրական ստեղծագործության կերպարի կյանքին, ճակատագրին: Միհրանի սիրելի հեղինակը Բալզակն է:
«Զորակոչվում ես ակամա, ծառայում սպասումով, զորացրվում կարոտով»:
Իսահակյանի միտքը` բանակային վերաձևակերպմամբ, բնորոշում է 2 տարին: Այս միտքը վերհիշում է ծննդյան օրը: Շարքային Բուլղադարյանի՝ իր իսկ տարեդարձին ինքը ընդգրկված էր աշխատանքային վերակարգում, հետո հասավ բարի լուրը. ծնողներն են եկել: Բանակում ստացած ամենամեծ նվերն էր: Ամենաբարձր պարգևը հրամանատարի մեկ բառն է՝ շնորհակալություն: Բարեխիղճ ծառայության համար: