BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Անգլուհիների և հայուհիների սահմանագծին

Անգլուհիների և հայուհիների սահմանագծին

[1] կայարանի կառամատույցին կուտակվում են աշխատանքի շտապող լոնդոնցիները: Նրանք շարժվում են անդեմ ու գորշ ամբոխի հոծ զանգվածով` պատսպարվելով անձրևանոցների տակ: Նրանց աչքերը հակված են վար, գլուխները` կախ, կարծես բոլորը տրվել են ամենազոր ճակատագրին և հլու մղվում են տաժանակիր աշխատանքային օրվան ընդառաջ:
Բոլորն անխտիր` և´տղամարդիկ, և´ կանայք, հագնված են համեստ, առանց աչքի ընկնող դետալների, ընդգծված աշխատանքային:
Եվ այսպես շարունակվում է ամբողջ շաբաթ: Բայց ահա վրա է հասնում ուրբաթ առավոտն, ու ինչ-որ բան փոխվում է: Ամբոխի մեջ սկսում են առկայծել խնամված բարձրակրունկները, գորշ փեշերի ու ջինսերի միջից դուրս են պրծնում նուրբ ոտիկներ` ցանցկեն գուլպաներով, երևում են վեր պարզած գլուխներ, շողարձակող աչքեր: Եվ այդ ժամանակ նույնիսկ հնարավոր չէ ասել` անձրև տեղո՞ւմ է, թե՞ ոչ, քանի որ մգլած եղանակը կորցնում է իր ակտուալությունը. Լոնդոնում արդեն ուրբաթ է:
Ու թեև մարդիկ սովորականի պես շտապում են աշխատանքի, բայց արդեն զգացվում է, որ նրանց ներսում ինչ-որ բան փոխվել է:
Գրասենյակի կենտրոնում` սեղանին, երեկոյան ժամը 5-ին մոտ հայտնվում է մի քանի շիշ գարեջուր ու մի երկու փաթեթ չիպս: Որտեղի՞ց դրանք, ո՞վ բերեց: Գոնե ես երբեք չեմ նկատել, թե ովքեր են «մոգերի այդ ընծաները» բերողները: Սեղանի շուրջ աստիճանաբար խմբվում են աշխատանքային շաբաթվա ընթացքում մի լավ հոգնած մարդիկ: Մի կես ժամ նրանք շշերով կում-կում ըմպում են գարեջուրն ու խռթխռթացնում են չիպսը: Իսկ հետո բոլորը մի մարդու պես տեղափոխվում են մոտակա փաբ:
Այնտեղ նույնպես շարունակում են չիպսի հետ հաճույքով խմել գարեջուր (կամ գոնե կարմիր, անապակ գինի):
Ու քանի որ այս հանպատրաստից բանկետը սոված փորին է, իսկ գարեջուրն էլ այստեղ չափում են պինտերով[2], մարդկանց գլուխները շուտով սկսում են պտտվել:
Հարևան սեղանի աղջիկը դառնում է ավելի ու ավելի գեղեցիկ, նրա մարմինը` ավելի ու ավելի գայթակղիչ: Տղամարդիկ փայլում են իրենց զուտ անգլիական հումորով, կանայք բարձր ծիծաղում են ու ցածրաձայն կչկչում: Մի խոսքով` գարեջուրը հոսում է գետի պես, երեկոն անցնում է ջերմ մթնլորտում:
Երբ գալիս է փաբը փակելու պահը, այցելուների մի մասը դեռ կարողանում է իրեն ոտքի վրա պահել: Մոռանալով նրանց մասին, ովքեր դա չեն կարողանում անել, նրանք ճոճվելով հեռանում են` ճանապարհ բռնելով դեպի սիրելի ակումբ կամ «յուրայիններից» մեկի տուն`պարելու:
Թե ինչ է լինում հետո` ոչ ոք այնուհետև չի հիշում. քաղցած փորին ալկոհոլը շատ-շատ է եղել: Շաբաթօրյա առավոտը սովորականից ուշ է սկսվում: Նախորդ երեկո փաբը գրոհածներն արթնանում են, նայում շուրջբոլորը («այս որտե՞ղ եմ ես»), ծանոթանում… Ու եթե պարզվի, որ նրանք միմյանց դուր են գալիս, միասին կնախաճաշեն ու կշարունակեն հաճելի ծանոթությունը: Իսկ եթե ոչ, ուրեմն շնորհակալություն կհայտնեն իրար` հաճելի անցկացրած գիշերվա համար, ու կգնան իրենց գործերով:
Կիրակին ընտանեկան օր է: Վաղ առավոտից` եկեղեցի, հետո` հանդիպում ծնողների հետ, լվացք, մաքրություն տանը… Երկուշաբթի ամեն բան սկսվում է սկզբից. աչքերը`վար, գլուխը` խոնարհած, դեմքին` համակերպում ճակատագրի հետ, ամբողջ կերպարում` աշխատանքային նոր շաբաթվա անխուսափելիության զգացում:
Սա, անշուշտ, միանգամայն ընդհանրացված, ուրեմն նաև ոչ միշտ ճշմարիտ պատկեր է: Բայց նրանք, ովքեր կես տարուց ավելի են ապրել Լոնդոնում, այսինքն էքսպերտները, կարող են հավաստել. հենց նոր նկարագրվեց ուրբաթ երեկոն անցկացնելու ամենահավանական տարբերակներից մեկը: Մյուս տարբերակներում այցերն են ռեստորան, կամ ծանոթներին, կամ մեկ ուրիշ տեղ… Բայց հետո բոլորն էլ սովորական հունի մեջ են մտնում. ակումբ, պարեր, հետո էլ այն, ինչ արդեն գիտենք:
Անգլուհիների սառը բնավորության մասին անեկդոտներ ու լեգենդներ են պտտվում: Դրանց մեծ մասը պատմական հենք ունի: Լեդի Հիլինգթոնն իր օրագրում 1912-ին գրում էր. «Ուրախ եմ, որ Չարլզն այժմ իմ ննջարան ավելի հազվադեպ է գալիս, քան նախկինում: Եվ երբ ես լսում եմ նրա ոտնաձայները, պառկում եմ մահճակալին, փակում եմ աչքերս, բացում եմ ոտքերս ու մտածում Անգլիայի մասին»:
«Աչքերդ փակիր ու մտածիր Անգլիայի մասին» ֆրազը վերագրվում է նաև Վիկտորիա թագուհուն, որն, իբր, այսպես էր խրատել իր դստերը` պատրաստելով հարսանեկան առաջին գիշերվան:
Այս անեկդոտները` իրական, թե հորինած, հրաշալի բնութագրում են պուրիտանական և կեղծ բարեպաշտական բարքերը, որոնք վիկտորիանական դարաշրջանում տիրապետում էին բրիտանական կղզիներում: Բայց այդ ժամանակները վաղուց անցյալում են: Իմ տան դեմ-դիմաց ապրող կնոջ սիրային զբաղմունքի մասին գիտեր ամբողջ փողոցը. նա բավականաչափ ինքնամոռաց, ռիթմիկ ու բուռն էր աղաղակում այն պահերին, երբ նրա նախատատերը մտածում էին Անգլիայի մասին:
Իսկ սա նշանակում է, որ անգլիական ավանդույթներն, իրոք, ամուր են և հարատև, բայց անգլիացիները միշտ նպատակամղված են դեպի ապագան: Ահա ինչու նրանք համարվում են նորաձևության և նորարարության օրենսդիրներ, թելադրողներ նաև փոփ-երաժշտության մեջ, որը նրանք այնքան սիրում են լսել ուրբաթ երեկոները:
Ու թող որ այս ամենը կարդան անգլուհիները: Ես համաձայն եմ:
 
Հեղինակ՝ Մարկ Գրիգորյան
------------------
[1] Charing Cross – Ուեստմինստեր-Ուայթհոլլ, Ստրենդ և Փալ Մալ գլխավոր փողոցների խաչմերուկը` Թրաֆալգարյան հրապարակի հարավային կողմից:  Լոնդոնի աշխարհագրական կենտրոնն է, որտեղից սկսվում է քաղաքի մյուս հատվածների հեռավորության հաշվարկը:
[2] 1 անգլիական պինտ = 0,56826125 լիտր
 

Տարածել