[100 մոնոլոգ] Արտակ Անանյան. «Պատասխանատվության զգացումը ցանկացած մարդ պետք է ունենա»
չեմ հասկանում - Աշխատանքում չեմ հասկանում այն մարդկանց, որոնք ասում են՝ չեմ հասկանում, և այդ խնդիրը կամ ծանրությունն ինձ համար չեն: Ցանկացած իրավիճակում, պարագայում պետք է հասկանալ, ընկալել և լուծումներ գտնել:
«Չեմ հասկանում» արտահայտությունն ինձ համար ընդունելի չէ աշխատանքային հարաբերություններում:
Բայց եթե ավելի խորիմաստ, չեմ հասկանում այն մարդկանց, որոնք երդվում են ընկերության և բարեկամության մեջ ու դավաճանում են, երբ խոստանում են ու հաջորդ օրը մոռանում կամ դրժում են իրենց խոստումը, չեմ հասկանում այն մարդկանց, որոնք մեջքից հայհոյում ու վատաբանում են մարդուն, սակայն դեմքին նայելով կարող են գրկախառնվել և համբուրել: Միգուցե կյանքիս փորձն է քիչ, կամ ստացած դաստիարակությունս այն չէ:
պատասխանատվություն - Պատասխանատվությունն իմ մեջ մտցրել են ծնողներս դեռևս մանուկ հասակում, դպրոցական տարիներին: Պատասխանատվության տարբեր աստիճաններ են լինում կյանքի ընթացքում: Երեխա ժամանակ քո պարտականությունը և պատասխանատվությունը դպրոցում լավ սովորելն է, դասերն են, որ պետք է անես ժամանակին:
Հետո՝ տարիքի հետ, մեծանում է մարդու պատասխանատվությունը՝ աշխատանքի, ընկերների և իր ընտանիքի հանդեպ:
Աշխատանքի ես անցնում, պատասխանատու ես լինում այն գործի համար, որը մարդիկ վստահել են, երեխաներ ես ունենում պատասխանատու ես դառնում նրանց ապագայի հանդեպ և այլն: Այդ զգացումը ցանկացած մարդ պետք է ունենա, ամեն ծնող դա պետք է ներարկի իր երեխաներին: Առանց դրա՝ հաջողության հասնելը դժվար կլինի: Մարդը պատասխանատվություն է կրում իր արած գործերի համար, իսկ ղեկավարի պարագայում ավելի մեծ պատասխանատվություն ես կրում չարած գործերի համար ևս:
ծնողներս - Ավաղ, հայրս 11 տարի առաջ մահացել է: Ինձ համար ամենացավալին այն է, որ հորս կորցրել եմ երիտասարդ տարիքում. նա իմ աշխատանքային հաջողությունները չի տեսել: Ե՛վ հայրս, և՛ մայրս մեծ գերդաստանների զավակներ են և իրենց ընտանիքում ամենափոքր զավակներն են: Ծանոթացել են ուսանողական տարիներին, ընտանիք են կազմել: Ծնվել եմ այստեղ: Հայրական կողմից հինգ, մայրական կողմից յոթ երեխա են եղել: Երբ փոքր էինք, ընտանիքով, երեխաներով, քույրերով, եղբայրներով հավաքվում էինք ու 70-80 հոգի էինք լինում: Ցավոք, ավագ սերունդն այլևս չկա:
Ծնողներիս սերմանած արժեքները ենթագիտակցորեն եմ փոխանցել երկու որդիներիս:
Կարծում եմ՝ նրանք պատվով կրում են այդ արժեքները: Երկուսն էլ ուսանող են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և մեր երկիրը, ազգը պատվով ներկայացնում են այդ երկրում: Ինչպես մեծ փիլիսոփա և մտածող Կոնֆուցին է ասել, լավագույն զավակները նրանք են, ովքեր իրենց ծնողներին կարող են տխրեցնել միայն իրենց հիվանդությամբ: Փառք Աստծո, ես դեռ չեմ տխրեցրել իմ ծնողներին, և տա Աստված՝ իմ զավակները չտխրեցնեն ինձ:
ինձ մի՛ ստիպեք - Ոչ աշխատանքային օրը չի կարելի ինձ առավոտ շուտ արթնացնել: Աշխատանքային օրերին ես առանց զարթուցչի ինքս իմ կամքով շատ շուտ արթնանում եմ, բայց ոչ աշխատանքային օրերին լիցքավորվում եմ:
Ինձ չի կարելի ստիպել անել մի գործ, որը ես չեմ սիրում:
Այդ դեպքում ընդդիմանում եմ, ըմբոստանում: Իհարկե, պարտականություններս գիտեմ, բայց որևէ բան ստիպողաբար անել չեմ սիրում, նույնիսկ երեխա տարիքում ստիպողաբար դասերս չեմ արել և դպրոցն ավարտել եմ գերազանցությամբ:
Արտակ Անանյան
«Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ
newmag.am մարտ, 2019
Նյումեգ
4800 ֏
Նկարագրություն
Newmag-ի 100 մոնոլոգները մի քանի սերնդի հետաքրքիր ներկայացուցիչների փսիխոգենեզի ցուցիչներ են, որոնք ուղեկցվում են սև-սպիտակ լուսանկարներով: Այդ ֆոտոները զերծ են գունային խաբկանքից և մեր հերոսներին պատկերում են իրենց բնական հոգեվիճակում: Լուսանկարներն արվել են ըստ գործող անձանց խոստովանության տարեթվերի և այս գրքում չեն փոխարինվել նորերով:
Նպատակը մեկն է. մեր ժամանակների հերոսներին պատկերել՝ պահպանելով իրենց ապրած օրերի դիմագիծը, ոչ հեռավոր անցյալին բնորոշ խոհերն ու հասարակական այն դերը, որը նրանք ստանձնել էին Newmag-ի համարներում հայտնվելու շրջանում: Ահա ինչու յուրաքանչյու մոնոլոգի կողքին արձանագրված են Newmag-ի համարը, ամիսը, ամսաթիվը: Բարի գալուստ անցյալ, բարի գալուստ 100 պարզ անհատականության բարդ ներաշխարհ: