FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

«Դրոշմելու ժամանակը». Ինչի՞ մասին է լռում Արտավազդ

«Դրոշմելու ժամանակը». Ինչի՞ մասին է լռում Արտավազդ Փելեշյանը

Կիսամութ կինոսրահի առաջին շարքում տեսա-ֆոտոխցիկները իրար հերթ չտալով կադր են որսում: Մեջտեղում Արտավազդ Փելեշյանն է նստած, կողքին կինն է` տիկին  Աիդան: Նրա հարևանությամբ Տիգրան Մանսուրյանն է:
Վարպետին մոտենում են զգուշորեն:  Նա լուռ գրքերն է ընծայագրում: Վաղուց բոլորը գիտեն՝  նրան հարց տալ չի կարելի: Փելեշյանը չի խոսում:
Մեկ քայլ այն կողմ` Մաեստրոյի շուրջ աշխուժ մթնոլորտ է: Փելեշյանի չպատասխանած հարցերի պատասխանները ուղղվում են Տիգրան Մանսուրյանին: «Դրոշմելու ժամանակը» նա ձեռագիր է տեսել: Երկհատորյակում ամփոփված են Արտավազդ Փելեշյանի մասին գրված հոդվածները, ակնարկները, Վարպետի անցկացրած մաստերկլասները, նկարահանված ու նույնիսկ չնկարահանված ֆիլմերի սցենարները: Դրանք Փելեշյանն է ընտրել, հետևել թարգմանությանը, մասնակցել գրքերը կազմելուն:

-Նրա խոժոռ դեմքին մի´ խաբվեք,- հուշում է Մաեստրոն:- Երբ այդ համառ լռության շղարշն իջնում է, Արտոն այնքա՜ն  մտերմիկ է, ջերմ, անգամ` կատակասեր ու զվարթ:

«Անմատչելի մեծությունը» փորձել էին բացահայտել նաև նրա մասին վավերաֆիլմ նկարահանած Նաիրա Փայտյանը և Հայկ Օրդյանը: «Կինոպոետը» սկսել էին նկարել 7 տարի առաջ: Սկզբում Վարպետը հավանություն չի տվել գաղափարին: Բայց հեղինակների համառությունը  հետո գնահատվել է: Փելեշյանն իր մասին ֆիլմի դիտմանն էր ներկա:
Արտվազդ Փելեյանի «Դրոշմելու ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսն ու «Կինոպոետի» դիտումը կարծես պետք է այդպես էլ ավարտվեր «փելեշյանական լռությամբ»: Բայց բոլորի համար անսպասելի նա բեմին էր, խոսափողի մոտ:
-Հոգնել եք երևի, հա՞:
Դահլիճը լուռ էր, ոչ մի շշուկ` զարմանքի՞ց էր, թե՞ վախից, որ Փելեշյանն այդքանից ավելին չի ասի: Բայց նա շարունակեց: Խոսեց 15 րոպե: Խոսեց իր նոր գրքի, իր կինոյի մասին ու դրանով ամեն ինչ ասաց մեր մասին, մարդկության մասին, աշխարհի մասին:
-Գրքի մասին երկու խոսք ասեմ: Դավիթ Մուրադյանն ասաց, որ այդքան էլ ճիշտ չէ վերնագիրը` «Դրոշմման ժամանակը»: Էմանուել Մանուկյանն ասեց՝ ավելի լավ կլիներ «Տպավորման ժամանակը» լիներ վերնագիրը: Իսկ իմ կարծիքով ավելի հասարակ  բառ կա՝ երևի ճիշտ կլիներ «Գրանցման ժամանակը»: Այսպես թե այնպես` չգիտեմ: Ռուսերեն ճիշտ է` «Время запечатления». հայերեն թարգմանությունն է երևի խնդիրը:
Ինչ նկատի ունեմ: Կներեք, մի քիչ հեռվից պիտի գամ: Իմ կարծիքով կինոն եղել է բոլոր արվեստներից առաջ, բայց տեխնիկապես հայտնվել է բոլոր արվեստներից հետո: Բոլոր քարանձավային նկարների շարժումները կինո են: Մ.թ.ա. 5-րդ դարում կար մի մարդ` Զենոն Էլեյացին: Նա շատ հայտնի է իր պարադոքսալ բանաձևերով, մտքերով: Երևի բոլորդ էլ կհիշեք նրա բանաձևը` «Կրիայի և Աքիլլեսի վազքը», երբ վազքի ժամանակ կրիան հաղթում է Աքիլլեսին: Նա շատ ունի այդպիսի տարբեր բանաձևեր, օրինակ՝ «կեսը հավասար է ամբողջին», իսկ կիոնյին ավելի մոտ՝ նետի թռիչքը անվանում է կանգնած, այն չի թռչում, կանգնած է: Բացատրում է հետևյալ կերպ. վերցնում է թռչող նետը, բաժանում է մասնիկների և ամենավերջին` անբաժանելի մասում տեսնում է նետը` կանգնած վիճակում: Եվ եզրկացություն է անում՝ թռչող նետը ամբողջությամբ բաղկացած է մասնիկներից, իսկ յուրքանչյուր մասնիկում նետն անշարժ է, ուրեմն ամբողջ նետն է անշարժ: Այսօր վերցնենք մի ուրիշ պատկեր կինոյում: Մի մետր կինոժապավենը 52  կադր է: Եթե թռչող նետը նկարենք, կտեսնենք անշարժ նետի 52  կադր: Տեսեք`23 դար առաջ ի՜նչ կինոմտածողություն է ունեցել այդ մարդը: Նա կանգնեցրեց շարժումը: Եկավ Գալիլեյը: Նա էլ իր երթին կանգնեցրեց ժամանակը: Նույն ձևով ժամանակը բաժանեց մասերի և վերջին` անբաժանելի մասը համարեց, որ ամբողջ ժամանակը կանգնած է, չի շարժվում: Կինոն: Կինոն ունի իր առանձնահատուկ վերաբերմունքը ժամանակի նկատմամբ: Իմ գիրքը կոչվում է  երևի դրշոմմա՞ն ասենք, «Դրոշմման ժամանակը»:
Ամբողջ աշխարհում օգտագործվում է մի միտք, որ կինոն դրոշմված ժամանակն է, այսինքն գրանցված ժամանակը: Իսկ ես համարում եմ, որ ժամանակը չի գրանցվում, չի դրոշմվում, այլ կա ժամանակ, որ մենք այդ ժամանակում ժապավենի վրա գրանցում ենք ինչ-որ բան: Ա´յդ  ժամանակի մասին է իմ գիրքը:
Ժամանակը երբեք չի գրացնվում ժապավենի վրա: Կինոն հիշողություն է ժամանակի համար:

Հայերեն լավ խոսք կա,ասում ենք՝ «գնում եմ նկարահանման»: Ի՞նչ է նշանակում «նկարահանման»: Օրինակ՝ «գլխարկս հանեցի»: Ի՞նչը հանեցիր: Գլխարկս: Որտե՞ղից հանեցիր: Գլխիցս: Կինոյում` «նկարահանեցի»: Ի՞նչը հանեցիր: Նկարը: Որտեղի՞ց: Ժամանակի ձեռքից: Ուրիշ տարբերակ ձև չկա, սա է: Միայն ժամանակն է: Նրա ձեռքից նկարը հանեցի:


Արտավազդ Փելեշյան. Դիստանցիոն հարցազրույց





Տոնինո Գուերան մի անգամ ինձ պատմեց հետևյալ պատմությունն Անտոնիոնիի մասին: Անտոնիոնին մեքենայով գնալիս է եղել օբյեկտ ընտրելու` Միջին Ասիայում ինչ-որ տեղ: Երկու ծերունի են եղել ավտոբուսի մեջ: Երբ կագնել է մեքենան, Անտոնիոնին նրանց նկարել է և նկարը անմիջապես տվել մի ծերունուն: Ծերունին նայել է նկարին ու ասել՝ «Ինչո՞ւ կանգնեցրիր ժամանակը»: Անտոնիոնին շատ է զարմացել այդ դիպուկ խոսքից: Ինձ թվում է` ավելի ճիշտ կլիներ, եթե  ծերունին ասեր՝ «Ինչո՞ւ կանգնեցրիր իմ շարժումը և իմ պատկերը հանեցիր ժամանակի ձեռքից»: Դա է: Կինոյում չկա ժամանակ: Կինոն դեմ է ժամանակին:
Տոլստոյը, երբ առաջին անգամ կինո է նայել, վախից լեղաճաք է եղել: Ասել է ՝ «Ա՜յ մարդ, էս ի՜նչ հրեշավոր բան է, ի՞նչ ստվերներ են պատի վրա շարժվում»: Վախեցել է, իրոք, կինոյից:
Ֆրանսիական «Լիբերասիոն» թերթը մի հոդված էր գրել իմ մասին:Դրական հոդված էր: Բայց, ինձ թվում է, ոչ ճիշտ վերանգիր էր դրել` «Փելեշյանը`ժամանակին և բառին դեմ»: Շատ սխալ է: Փելեշյանը շատ փոքր մարդ է, որ դեմ լինի էդ հրեշավոր ժամանակին, էդ հզոր ժամանակին: Ես չեմ  կարող դեմ լինել:
Ժամանակն է  Փելեշյանին դեմ, ոչ թե Փելեշյանն է դեմ ժամանակին:

Խոսքի ու բառի մասին: Նույնպես ես չեմ դեմ: Կան հրաշալի ֆիլմեր` բառերով արված: Վերջերս տեսել եմ Ռուբեն Գևորգյանցի ֆիլմը` Տոնինո Գուերայի մասին: Այն արված է բառերի հիման վրա, որտեղ պատկերը շարունակում է խոսքը, խոսքը շարունակում է պատկերին: Շատ ավարտված ֆիլմ է բառերով: Հետևաբար ես դեմ չեմ բառին:Ես բառեր քիչ եմ օգտագործում նորից ժամանակի պատճառով` խնայելով հանդիսատեսի ժամանակը: Օրինակ, որ մի հինգ նախադասություն բառերով ասես` ստիպված ես էդ 5 նախադասության տևողության ժամանակում պատկերներ ապահովել: Դա ինձ համար անընդունելի է: Ես ուզում եմ խնայել հանդիսատեսի ժամանակը: «Լիբերասիոնի» մի ուրիշ  հոդված իմ մասին, որ գրված է հետևյալ վերնագրով. «Ժամանակն` իր դեմ, իր կինոն` ժամանակի դեմ»: Եթե էս գիրքը կարդաք, հոդվածների տակ կտեսնեք` նշված է օրը, ամիսը, տարեթիվը: Հոդվածները առանձին վերցված քիչ պատկերացում են տալիս ժամանակի մասին: Միայն այդ տվյալներն են օգնում կողմնորոշվել ժամանակի հարցում: Նույնն էլ կինոյի մեջ է` կարևորը պա´հն է նկարահանման:
«Ժամանակը շատ հզոր բան է: Բայց կինոն էլ է իր հնարավորություններով շատ հզոր: Ամեն ինչն է վախենում ժամանակից: Բայց էդ հզոր ժամանակն էլ իր հերթին վախենում է հզոր կինոյից»:

Ծափերը են սկսվում: Փելեշյանը ցույց է տալիս, որ չի ավարտել: Դահլիճը նորից է շունչը պահում:
-Հարցեր ունե՞ք: Ես պատասխանեմ հարցերին: Երևի կցկտուր ստացվեց խոսակցությունը, հա՞:
-Ինչի՞ մասին է լինելու լիամետրաժ  ֆիլմը, - լսվում է համարձակ հանդիսականի հարցը Փելեշյանի ամենամեծ երազանքի` «Հոմոսափինես» լիամետրաժ չնկարված ֆիլմի մասին:
-«Հոմոսափիե՞նսը»: Գրքում գրված է սցենարը, - Վարպետի սրամիտ ու դիպուկ պատասխանից դահլիճը փռթկում է:
- Հա: Բա ո՞նց ասեմ՝ ինչ  է: Մարդու մասին է, նրա կյանքի մասին է, նրա էության մասին, մարդկության մասին: Դա բեր` մոռանանք, որովհետև գրքում կա,  համ էլ` չլինող բան է: Շատ թանկ է, այդ պատճառով չլինող է: Մի անգամ բախտս բերեց, պետք է լիներ: 89 թվականին Մոսկվան պետական պատվեր տվեց այդ սցենարին, մի տարի հետո երկիրը փլվեց:
- Ժամանակը քո դեմ եղավ:
-Այո, բա էդ եմ ասում:
- Էլ չկա՞ն հարցեր: Շնորհակալ եմ բոլորիդ, որ ներկա էիք և այսքան համբերատար լսեցիք այս ամենի մասին: Շնորհակալություն:
Հետո` ամեն ինչ ըստ սցենարի. բարձր ծափեր, ծաղիկներ ու նորից` լռության պատով պատսպարվող Փելեշյան:

Տարածել