Արտո Չաքմաքչյանը հեռացավ Հայաստանից, որ շարունակի սիրել այն
Սիրել Հայաստանը
Ես որոշեցի շարունակել սիրել Հայաստանը և այդ պատճառով հեռացա: Ես իմ մեջ կրում էի արդեն հարազատ իմ երկիրը: Տասնյակ տարիներ շրջել եմ մեր երկրում, նկարահանել եմ տարբեր հուշարձաններ: Ինձ շրջապատում էին ազնիվ ու ինձ համար թանկ մարդիկ, բայց երկիրը գերի էր դարձել խորհրդային դոգմաներին, և ցանկացած նոր բան միայն պատի էր դեմ առնում: Երբ հեռացա, հալածված էի, բայց շատ հուսահատ վիճակում չէի, չնայած` որևէ մեկին չէի ճանաչում դրսում: Միայն մի ծրագիր ունեի արտասահմանում. ապացուցել, թե ինչի կարող եմ հասնել: Եվ շատ մեծ եռանդով սկսեցի աշխատել: Հիմա Մոնրեալի իմ եռահարկ առանձնատունը լի է իմ` տարբեր տարիների քանդակներով, բայց երազում եմ դրանք Հայաստան բերել և մի գործող արվեստի կենտրոն ստեղծել:
Ավանդույթն ու նորը
Երբ ուսումնասիրում եմ ավանդույթները, նորը շատ դյուրին է ստեղծվում: Որովհետև ավանդույթների մեջ տարրեր կան, որոնք հուշում են այդ նորը: Այդ նորը հուշողը մի քիչ ավելին է, քան ավանդույթը, շատ ժամանակակից է: Նորը ստեղծվում է շատ դյուրին, եթե ուսումնասիրել եք անցյալը: Որովհետև արվեստը մարդկային է: Մարդկային արվեստը Եգիպտոսից մինչև այսօր չի փոխվել: Փոխվել են աբստրակցիան, սյուրռեալիզմը, իմպրեսիոնիզմը, բայց մարդկային արվեստը կայուն մնայուն է:
Արվեստը` մարդկային լեզվով
Մենք ծնվում ենք նախ մարդ, հետք` հայ: Սրանք շատ կարևոր տարրեր են, որ հաջորդում են միմյանց: Բայց մարդու պարագայում շատ ավելի լայն ենք նայում, և այդ դեպքում մարդն ընդգրկում է մեր գենետիկ ավանդույթի ներսում գտնվող ազգայինը: Որովհետև ազգայինը տեսնելու տարր չէ, այլ` զգալու, ինչը մարդկային արվեստի մեջ միշտ ներկա է: Իսկ ազգային արվեստում մարդկային տարը միշտ չէ որ առկա է: Մենք սխալ կարծիք ունենք, թե փոքր ազգ ենք, և օտարները մեզ չեն ընդունում: Այդպես չէ, եթե մենք խոսում ենք մարդկային լեզվով: Իմ փորձից ասեմ, որ ամբողջ աշխարհում որևէ մեկը չի հարցնում, թե որ երկրից է տվյալ արվեստի գործը, բայց հարցնում են` կապ ունի՞ իրենց հետ այդ արվեստը, թե՞ ոչ:
Դավաճանություն
Արվեստում երբեք չեմ դավաճանել: Արվեստում օճառ չկա ձեռքերը լվանալու համար: Եթե մի անգամ աղտոտվեց, ուրեմն` վերջ: Շատ օրինակներ կան, բազմաթիվ մեծ նկարիչներ, որ իրականում մեծ արվեստագետներ էին, բայց Հայաստանում ստիպեցին, որ փոքրանան… և փոքրացրին`պարտադրելով իրենց ուզած քայլերն անել: Ու երբ իրենց վերջում ցանկացան վերադառնալ իրենց արվեստին և վերադարձնել հինը` չստացվեց: Երբ դու ուզում ես դավաճանել, այդ պահից սկսած` դեռ չդավաճանված, երբ այդ միտքն արդեն իսկ ծագում է քո ուղեղում, հենց այդ պահին արվեստը հեռանում է քեզանից: Դա մեծ ու պարզ ճշմարտություն է. փխրուն մի բան է արվեստը: Արվեստի հետ խաղ անել չի լինի: Ինչքան արժեքավոր մարդիկ մենք կորցրինք միայն այն պատճառով, որ դավաճանեցին արվեստին: Դավաճանությունից ամենաստորը քո ստեղծագործական սկզբին դավաճանելն է, որովհետև արվեստագետը ցանկացած պահ չի ծնվում: 2 հազարից, 4 հազարից , 10 հազարից և 1 միլիոնից մեկն է իսկապես արվեստագետ դառնում, ով օգտակար կարող է լինել և երկրի կենսագրության մաս կազմել: Նրանք քիչ են, շուտ չեն գալիս ու շատ դյուրին հեռացվում են երկրից ու ճանապարհից:
Ինձ էլ դավաճանել են, բայց ես այդ մասին մոռացել եմ: Ես կարող եմ իմ չուզած բաները մոռանալ, դրանք պարզապես չեն մնում իմ գլխում:
Ոգեշնչում
Ես թերություն ունեմ. շուտ եմ ոգեշնչվում: Ոգեշնչվելն ինձ համար խնդիր չէ: Եթե ճիշտ թեման գտնում եմ, շատ շուտ ընկնում եմ ոգեշնչման մեջ, ապրում եմ դրանով: Եթե մարդկային է խնդիրը, մարդկային վիճակը, մարդկային է միջավայրը, ապա ոգեշնչումն արդեն կա. ինձ համար արվեստի անկյունաքարը մարդկայինն է:
Նարեկացի
Ես շատ մարդ չունեմ իմ ցանկի մեջ: Անունները գալիս են ու գնում, բայց երկու ոգիներ ունեմ: Նարեկացին և Կոմիտասը: Նրանք ինձ միշտ ուղեկցում են, և ես շատ գոհ եմ: Իրենք և հայ են, և ինտելեկտուալ են, և մարդկային են: Նարեկացու դեմքն ինձ համար հետաքրքիր չէր, հետաքրքիր էր նրա ատեղծագործությունը: Աղոթքն Աստծո հետ աղոթք է և իր հետ, դա Նարեկացու մենախոսությունն է: Մարդու ամենաիրական վիճակն է, երբ մարդը մենակ է և այլևս կարիք չունի դիմակ օգտագործել: Լավ մարդիկ մեկ դիմակ ունեն, իսկ վատերը` գոնե երեք: Ամենամաքուր վիճակը, երբ մարդը պետք չունի դիմակի` երբ մարդը մենակ է և խոսում է Աստծո հետ: Նարեկացին մենախոսում էր Աստծո հետ:
Կոմիտաս
Կոմիտասը նույնպես մեր ժողովրդի ամենազորեղ դեմքն է, մեր ժողովուրդն է, մեր հոգին է. մեր բանաստեղծությունն է, մեր ամեն ինչն է: Կոմիտասն ինձ միշտ ընկերակցող կերպարն է, մեր երկրի համար իմ ուրախությունը, իմ տխրությունը: Իմ կարոտը ես միշտ Կոմիտասով եմ արտահայտում, որովհետև դա իմ կերպարն է, որ թաղված է իմ սրտի ամենախորքում:
Իմ Կոմիտասները շատ են. բանաստեղծ Կոմիտաս, խելագար Կոմիտաս… այսպես` չորս տասնյակ: Եվ Նարեկացուն ու Կոմիտասին ես շատ եմ գնահատում նաև այն իմաստով, որ նրանք անչափ ճկուն են իմ կատարումների համար, քանի որ շատ արժեքներ են իրենց մեջ խտացել:
Մայրս
Մորս դիմաքանդակը ես ստեղծեցի առանց նրա, որովհետև ինձ համար մայր հասկացությունն անկախ իմ մորից մի կերպար է, որ ծառայում է մարդկությանը: Երևի պատահական չէր, որ հրեա մի կոլեկցիոներ այդ քանդակը գնելիս ասաց. «Իմ մայրն է»: Ինձ համար մորս կերպարում կարևորը այնպիսի ընդհանրացում գտնելն է, որ մայր հասկացությունը դառնա մարդկային:
Դատապարտվածը
Մարդը ծնված` արդեն դատապարտված է մահվան: Բայց մենք չենք անդրադառնում դրան, միշտ կյանքի մասին ենք մտածում և վերջում միայն կռահում ենք, որ…
NewMag #02