[ Իրականում՝ ՈՉ ] Նորմա՞լ է, որ Արմեն Աշոտյանը քաղաքական հաղորդում է վարում
Հանրային հեռուստաընկերությունը նոյեմբերի 6-ին հեռարձակեց «Եռանկյունի» քաղաքական բնույթի թոք շոուն: Հաղորդումը վարում էր Արմեն Աշոտյանը. նա առավելապես հայտնի է որպես Կրթության և գիտության նախարար: Բանավիճում էին Այո-ի և Ոչ-ի ճամբարների ներկայացուցիչները, 3-րդ խոսափողը վերապահված էր «Դեռ չգիտեմ» ենթադրյալ շերտին: Այս հաղորդումը լիովին կարող է ընկալվել Սահմանադրության փոփոխության հանրաքվեի նախընտրական քարոզարշավի շրջանակում պատրաստված հեռուստանախագիծ, թեև ըստ Հ1-ի կայքի` «հաղորդավար Արմեն Աշոտյանը տաղավարում շոշափելու է քաղաքական, հասարակական, տնտեսական, մշակութային, կրթական, ազգային և միջազգային թեմաներ»:
ՀՀԿ փոխնախագահ-նախարար-հաղորդավար միջմասնագիտական եռանկյունին արտառոց երևույթ է: Այս առումով քննադատություններ հնչեցին դեռ նախքան հաղորդման հեռարձակումը: Եթերից հետո քննադատությունը խստացավ: Հատկապես ՀԱԿ խմբակցությունն այն որակեց կողմնակալ և կոչեց «հավասարության սկզբունքի ծաղր»:
Բայց ի՞նչ է եղել: Հետո՞ ինչ, որ Արմեն Աշոտյանը նախարար է: Ի՞նչ է` նախարարն իրավունք չունի՞ ստեղծագործական աշխատանքով զբաղվել: Սահմանադրության 88-րդ հոդվածը կառավարության անդամին արգելում է ձեռնարկատիրությամբ զբաղվել ու կատարել այլ վճարովի աշխատանք` բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի: Իսկ հեռուստահաղորդում վարելը ստեղծագործական աշխատանք է: Այսինքն` նախարարը սրանով օրենք չի խախտել:
Մյուս մեղադրանքը վերաբերում է քարոզարշավի ընթացքում կողմերի ու դեմերի անհավասար լուսաբանման խնդրին: Բայց չէ՞ որ «Եռանկյունու» գագաթների տրամաբանական բաժանումը (այո/ոչ/չգիտեմ) լիովին ապահովում է կարծիքների բազմազանությունը:
Իրականում՝ ՈՉ. Քաղաքակա՞ն էր Զուրաբյանի հայտարարությունը ՍԴ նախագահի կաշառատվության վերաբերյալ
Ընդդիմադիրները պնդում են, որ եռանկյունին այնքան էլ եռանկյուն չէ` քառանկյուն է, որովհետև հաղորդավարն ի սկզբանե կողմնակալ է` նա ՀՀԿ փոխնախագահն է ու Հանրապետականի ձևավորած կառավարության անդամ: Ստացվում է, որ Սահմանադրության հանրաքվեի հարցում տաղավար են գալիս Ոչ-ի 1 կողմնակից, բայց Այո-ի 2 կողմնակից:
Սա անարդար է միայն առաջին հայացքից, որովհետև Ոչ-ի կողմնակից քաղաքական ուժերը խորհրդարանում էլ են փոքրամասնություն: Ազգային ժողովի 6 խմբակցություններից 3-ը կողմ են բարեփոխմանը, ՕԵԿ-ը «դեմ ըլալով, կողմ կըլա», դեմ են միայն ՀԱԿ-ն ու Զարուհի Փոստանջյանը: Այսինքն մեծ հաշվով Հ1-ի տաղավարը ճիշտ և ճիշտ արտացոլում է խորհրդարանի պատկերը:
Մեծ հաշվով անարդար է ոչ թե անհավասարությունը, այլ հավասարությունը: Որովհետև 1-2 Ոչ-ի կողմնակից 4-5-հոգանոց խմբակցությունների կարծիքը 70-ից ավելի պատգամավոր ունեցող մեծամասնության, մոտ 30 պատգամավոր ունեցող ԲՀԿ-ի ու 5 պատգամավոր ունեցող ՀՅԴ-ի կարծիքին հակադրելն անարդար է: «Դրսից պահանջվող» հավասարությո՛ւնն է արհեստական: Արդար համաչափություն ապահովելու համար Հանրայինը պետք է տաղավար հրավիրեր Այո-ի 10 կողմնակցի և ՈՉ-ի 1 նվիրյալի, որովհետև մոտ 100 պատգամավոր կողմ են փոփոխություններին, մոտ 10-ը` դեմ:
Եթե նույնիսկ համամասնությունը պահելու համար առաջնորդվենք խմբակցությունների քանակով, ապա 3 Այո-ականին պետք է հակադրվի 2 Ոչ-ական: Այս դեպքում ևս տրամաբանությունը չի խախտվում. 2 Այո-ին բաժին է ընկնում 1 Ոչ:
Բայց իրո՞ք նորմալ է, որ Արմեն Աշոտյանը քաղաքական հաղորդում է վարում: Իրականում` ոչ:
Իրականում լրագրության տարրական կանոնները պահանջում են, որ հաղորդավարը, մեկնաբանը, այս դեպքում` մոդերոտորը, լինի անաչառ ու անկողմնակալ: Բացի այդ, մոդերատորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: Չի կարող մասնակցել քաղաքական ակցիաների, չի կարող լինել ակտիվիստ, չի կարող լինել կողմնակալ:
Բնականաբար, սա չի կարգավորվում օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ, այլ կարգավորվում է լրագրողական էթիկայի նորմերով, որոնք ունենում են միայն լրջմիտ լրատվամիջոցները: Եթե լրատվամիջոցը չունի էթնիկ կոդ, կարող է առաջնորդվել Հայաստանի լրագրողական կազմակերպութունների մշակած սկզբունքներով, որոնք ունիվերսալ են: Այդ բոլոր գրված ու չգրված կանոններով մոդերատորին հակացուցված է լինել կուսակցական կամ պետպաշտոնյա: Նրա վստահելիությունն է տուժում:
Կարո՞ղ էր Արմեն Աշոտյանը Արևմտաեվրոպական երկրների ալիքներում (օրինակ` BBC-ում) հաղորդում վարել` լինելով կուսակցական գործիչ ու պետական պաշտոնյա: Հաստատ` ոչ: Լրատվամիջո՛ցը թույլ չէր տա: Որովհետև լսարանը երես կթեքեր այդ հեռուստաալիքից: Արևմուտքում անաչառության և անկողմնակալության պահանջն ամենևին էլ ճաշակի հարց չէ: Պատկերացրեք`«Եռանկյունի» թոք շոուն անդրադառնում է կրթության ոլորտին. ու ի՞նչ: Հայաստանում ոլորտի գլխավոր պատասխանատուն «Եռանկյունու» ո՞ր գագաթն է զբաղեցնելու: Այդ ի՞նչ սուր հարցեր է տալու ինքն իրեն: Ինքն իրե՞ն է պատասխանելու: Այդ ինչպե՞ս է նրա վարած բանավեճը «ծնելու ճշմարտություն»: Անձի երկվության միջոցո՞վ:
Մի պարզ ճշմարտություն կա` բնապահպանը չի կարող լինել որսորդ, աթեիստը չի կարող լինել քահանա, դատախազը չի կարող լինել փաստաբան, նույն կերպ` նախարարն էլ չի կարող միաժամանակ լինել նաև լրագրող: Աշխարհը կառուցված է հակադրությունների վրա. երբ վերացնում ես այդ հակադրությունները, փլուզվում է հասարակական հարաբերությունների ամբողջ տրամաբանությունը:
Հիմա` նորմա՞լ է, որ նախարարը նախընտրական բանավիճային հաղորդաշար է վարում:
Իրականում խնդիրը նախարարը չէ: Նախարարը կարող է շատ բան չիմանալ: Խնդիրը հեռուստատեսությունն է, որը նախարարին հրավիրում է հաղորդում վարելու ու չի անհանգստանում իր հեղինակության հնարավոր անկման համար (խոսքը ռեյտինգի մասին չէ): Բայց եթե Արմեն Աշոտյանին այս շրջանում` հանրաքվեին ընդառաջ, առաջարկվում է հաղորդում վարել, ապա նույն առաջարկը պետք է նաև արվեր նրա հակոտնյային, ասենք` Լևոն Զուրաբյանին: Եվ նրանց թողարկումներն էլ պետք է հաջորդեին մեկը մյուսին:
Խնդիրը մեդիա դաշտի ամլությունն է: Հեռուստատեսությունը չունի, չի ստեղծել գեթ մեկ քաղաքական մոդերատոր, որը տասնամյակների անբասիր աշխատանքի շնորհիվ կվայելեր հանրության մեծ մասի վստահությունն ու կկարողանար զբաղեցնել արդեն 25 տարի թափուր մնացող այդ «հաստիքը»: Քաղաքական թոք շոուի հաղորդավարին 1 շաբաթում չես «հասունացնի»: Նախընտրական բանավեճեր հայաստանյան հեռուստաեթերում եղել են 1-2 անգամ. այդպես կադրեր չեն պատրաստում: Այսօրվա քաղաքական դեբատների մոդերատորին պետք էր պատրաստել անցած տասնամյակների ընթացքում` ամեն շաբաթ թրծելով եթերում, համազգային բոլոր ընտրությունների ժամանակ իսկական բանավեճեր կազմակերպելով: Այս ամենը չի արվել: Ոչինչ չի արվել: Ահա ինչու հայկական ալիքներն այս հարցում էլ այսօր ստիպված են ծեծել կառավարության դռները:
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
