Ավո Ուվեզյան. Մարդը, որը սիգար ծխելը վերածեց մշակույթի ու գրեց Սինատրայի լավագույն հիթը` «Strangers in the night»-ը
Սպիտակ Brioni-ով մարդը ծխեց վերջին սիգարն ու հավերժ փակեց աչքերը: Ջազի լեգենդ ու սիգարի արքա Ավո Ուվեզյանը 91 տարեկան էր:
Ավետիս Ուվազյանի սերը երաժշտության հանդեպ պատահական չէր: Հայրը` Հակոբը, ծագումով Մարաշից է, մայրը` Սաթենիկը, ծնվել է Խարբերդում: Ավոն ծնվել է Բեյրությում: Ծնողները հասցրել են գաղթել Թուրքիայից ջարդերից առաջ: Հայրը երաժիշտ էր ու հաճախ էր օրկեստրով շրջագայում Եվրոպայում: 16 տարեկանում Ուվեզյանը հիմնեց իր ջազ-բենդը: Բաղդադում ու Թեհրանում նրանց ելույթները անցան մեծ հաջողություններով:
Ավոյի երաժշտությունը հասավ նաև Իրանի շահի պալատ: Շահ Ռեզա Փահլավին անձամբ նրան խորհուրդ տվեց ու դրդեց մեկնել ԱՄՆ երաժշտական կարիեար անելու: Անգամ վճարեց նրա ճանապարհի ծախսը:
1947-ին Ավո Ուվեզյանը Նյու Յորքում էր: Սովորում էր Juilliard-ում, զուգահեռ նվագում ակումբային բենդերում: 2 տարի բանակում ծառայելուց հետո, մեկնեց Պուերտո Ռիկո: Ամուսնացել էր ոսկերչի աղջկա հետ ու բիզնես սկսել ոսկերգործության ոլորտում: Բայց ազնիվ մետաղի փայլն անգամ չխամրեցրեց նրա սերը ջազի հանդեպ:
Երաժշտությունը նրան հետ բերեց ԱՄՆ: 1958-ին Ավոյին ծանոթացրեցին Ֆրենկ Սենատրային հետ: Այդ ժամանակ ծնվեց բոլոր ժամանակների լավագույն երգերից մեկը: Ավո Ուվեզյանը Սենատրայի համար գրել էր Strangers in the Night-ը: Երգը ներառվեց «A Man Could Get Killed» ֆիլմի սաոնւդթրեքերի ալբոմում, որի մյուս երգերը հեղինակել էր գերմանացի Բերթ Քեմփֆերթը: Նրան էլ աշխարհը սխալմամբ վերագրեց լեգենդար հիթի հեղինակային իրավունքը:
«Այդ երգի նկատմամբ իմ իրավունքները պաշտոնապես ամրագրված են: Բայց Գերմանիայում, այլ ոչ թե Ամերիկայում: Ես ունեմ դրա մասին վկայող փաստաթուղթ: Ինքը Բերթ Քեմփֆերթը, ինչպես եւ Ֆրենկ Սինատրան, երբեք կասկածի տակ չեն առել այն փաստը, որ «Strangers in the Night» երգը ես եմ գրել»,- ասում էր Ուվեզյանը:
http://www.youtube.com/watch?v=kl4Uh5nOFAg
Այս ընթացքում նա կարևոր բացահայտում էր արել իր համար` մարդիկ գալիս էին ոչ միայն իր կատարումները լսելու, նաև սիգար ծխելու: Ուվեզյանը որոշեց ամեն երեկո ելույթից առաջ մի քանի սիգարների տուփեր դնել դաշնամուրի վրա, որպեսզի մարդիկ մոտենային ու վերցնեյին:
«Հաճախորդներն ու ընկերներս խնդրում էին լավ սիգարներ առաջարկել, այդ ժամանակ որոշեցի լրջորեն վերաբերել այդ ամենին»- պատմում էր Ուվեզյանը:
http://www.youtube.com/watch?v=meRhVtNubpo
Ավոն Դոմինիկյան Հանրապետությունում ծխախոտի պլանտացիաներ գնեց: Սկսեց իր անվամբ սիգարների արտադրությունը: Avo-ի լոգոտիպին հենց իր կիսադեմն է` սիրված գլխարկով: Ուվեզյանն սիգարների տեսակներին տվեց երաժշտական անվանում` «Avo-Maestro», «Avo-Intermezzo», «Avo-Nocturne»:
Ուվեզյանի սիգարների վաճառքի բացառիկ իրավքունը Davidoff-ին է, բայց դրանք աշխարհը ճանաչում է Ավոյի միջոցով: Մինչև 90 տարեկանը նա ակտիվորեն համերգային շրջագայությունների էր մեկնում ու գովազդում Avo-ն:
«Մարդիկ հաճախ հարցնում էին` Ավո, ո՞րն է քո գաղտնիքը: Ու ես պատասխանում էի` ամեն անգամ, երբ սիգար ես ծխում, կյանքիդ մի օր ես ավելացնում: Կարծում եմ` այդպես կանեմ մինչև 99 տարեկան: Հենց հասնեմ 99-ին, ևս մեկը կծխեմ ու 100-ի վրա կանգ կառնեմ»-ասում էր նա:
Նա գրեթե հասավ նպատակին; Ուվեզյանը վերապրել է իր կնոջը` Նիվիային, որդիներին` Ռոբերտին, Ջերֆրիին, Ռոնիի, և դստերը Քերինին: