Ավրահամ Ռուսսոն՝ հայկական արմատների ու իր վրա կրակողի մասին
Աբրահամ Իպջյանը ծնվել է Հալեպում: Նախնիները ապրել են Թուրքիայի հարավում: Նրա չորս տարին չլրացած՝ ընտանիքը տեղափոխվում է Լիբանան: Հետո, դարձյալ չորս տարի անց՝ հոր մահից հետո, և Լիբանանում տիրրող ներքաղաքական լարումի պատճառով, Ռուսսոյի ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա:
«Մայրս մենակ չէր կարող մեծացնել երեխաներին՝ չնայած ես էի ու եղբայրս... Իսկ ֆրանսիայում հաստատվելը դժվար չէր, քանի որ հայրս մոտ երկու տասնամյակ ծառայել էր ֆրանսիական բանակում», մտաբերում է Ռուսսոն:
Ֆրանսիայից էլ՝ դարձյալ Սիրիա: 96-ին Ռուսսոն Կիպրոսից տեղափոխվում է Ռուսաստան և արդեն՝ որպես երգիչ: Նա սկսում է երգել «Պրագա» ռեստորանում, որտեղ էլ ծանոթանում է իր ապագա պրոդյուսերի՝ Իոսիֆ Պրիգոժինի հետ: Եվ բարի գալուստ ռուսական շոու-բիզնես...
- Երաժշտական կարիերաս սկսել եմ վաղ մանկուց: Յոթ տարեկանում երգել եմ Լիբանանի ճեմարանի երգչախմբում, հոգևոր երգեր էի կատարում: Մի մրցույթի ժամանակ իրանական մի հայտնի երգչուհի ինձ խորհուրդ տվեց լուրջ զբաղվել իմ վոկալով, ինքն էլ ինձ օպերային երգեցողության դասեր տվեց: Իմ երգեցողական տաղանդը նկատելի էր դեռ մանկուց, եթե մարդ տաղանդ ունի, այն արտահայտվում է: Իսկ ինչ խիստ արտահայտված է ու ընդգծված, հնարավոր չէ թաքցնել:
- Ի՞նչն եք համարում կարևոր, որ վաղ տարիքից մնացել է Ձեր մեջ, չի փոխվել հասունացման հետ:
- Կյանքում ամենակարևորը միայն այն չէ, որ ծնվել ենք ու ապրում ենք, կարևոր է նաև, թե ինչպե՞ս ենք ապրում, ի՞նչ ուղի ենք ընտրել: Կարևորը նաև մեր ընտրած մասնագիտությունն է. այն պետք է հաճույք ու բավականություն պատճառի: Եթե սիրահարված չես գործիդ ու մասնագիտությանդ, շատ դժվար է ապրել ու ստեղծագործել: Այլ հարց է, թե ինչպե՞ս ենք ապրում, ընդհանրապես գո՞հ ենք կյանքից, թե՞ ոչ:
- Իսկ Դուք գո՞հ եք:
- Այո՛: Ծնողներիցս, ընտանիքիցս ու կյանքից ընդհանրապես գոհ եմ, շատ: Վստահ եմ, որ գոհունակությունս լինելու է հարատև: Ես ինձ լավ գիտեմ: Սկզբունքս է՝ երբեք չափսոսալ, չչարանալ... Գուցե տաքարյուն եմ, ամեն ինչ արագ եմ պլանավորում, արագ էլ կատարում: Չեմ սիրում, որ մարդիկ դանդաղկոտ են, խոսքերը բերանում ծամծմում են: Տաքարյուն եմ, ակտիվ ու համբերատար... Համբերատարությունը հաղթանակի նշան է:
- Երգչի համար հաղթանակը շատ բեմերում լինե՞լն է:
- 1989-ից հյուրախաղերով եղել եմ աշխարհի տարբեր երկրներում. Անգլիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Հունաստան, Կիպրոս, Հորդանան, Քուվեյթ...
- Ռուսաստանո՞ւմ ինչպես հայտվեցիք:
- Մոսկվա եկա Աշոտ Մկրտչյանի հրավերով: Ինչ հետաքրքիր է, չէ՞, 1996-ին նա ինձ ուղեկցեց Ռուսաստան, 2006-ին Ռուսաստանից բերեց Հայաստան, երկու դեպքում էլ միայն Աշոտն էր ինձ հետ, մարդ, որին պարտական եմ ընդմիշտ: Ինձ ոչինչ պետք չէ, բացի բարոյական աջակցությունից և ընկերական ջերմ հարաբերություններից: Անկեղծ եմ ասում, ունեմ ամեն ինչ և ոչնչի կարիք չունեմ: Փառք Աստծո... Միակ բանը, որի համար միշտ կպայքարեմ, լավ ընկերներով շրջապատված լինելն է, ես դրա կարիքը միշտ եմ զգում:
- Ռուսաստանում ի՞նչն էր հետաքրքիր:
- Ամբողջ աշխարհը շարժվում է ու ապրում է ժամայցույցի սլաքի ուղղությամբ, իսկ Ռուսաստանում` հակառակը: Այնտեղ ամեն ինչ այլ է: Ես այդ մասին ոչինչ չգիտեի, եկա, տեսա, զարմացա ու մնացի: