Աքսելեռացիոնիզմ կամ ինչպես մի խումբ խելագարներ կանխատեսեցին մեր ապագան
Կես դար առաջ՝ հիփփիական 1967 թվին, հայտնի ամերիկյան գիտաֆանտաստիկ գրող՝ Ռոջեր Զելազնին հրատարակում է իր երրորդ վեպը: Ինչ-որ չափով «Լույսի տիրակալը» իր հնդկական դիցաբանությամբ, թրաշով և կոսմիկական երկխոսություններով լի ֆաբուլայով իր ստեղծման ժամանակի մարմնավորումն է: Ինչ-որ չափով էլ ներառում է քաղաքական, նույնիսկ մարգարեական տարրեր:
Այսպիսի մի տարր է վեպի սյուժեի մի ճյուղ, որը պատմում է հեղափոխականների խմբի մասին, որը պայքարում է իրենց հասարակությունն «ավելի բարձր մակարդակի» հասցնելու համար՝ տեխնոլոգիաների նկատմամբ հասարակության վերաբերմունքի կտրուկ փոփոխության հաշվին: Այս հեղափոխականներին Զելազնին անվանում է «Աքսելեռացիոնիստներ»: Այս վեպը, ինչպես նաև այն գրողն այժմ մեծ հաշվով մոռացված են: Բայց ինչպես ասում է քիչ ավելի հայտնի գրող-գիտաֆանտաստ ՋԳ Բալլարդը 1971 թվականին՝ «Ինչն այսօրվա գիտաֆանտաստները հայտնաբերում են, մեր համար վաղը լինելու է առօրյա»:
Վերջին 50 տարվա ընթացքում՝ հատկապես այս վերջին մի քանի տարին, աշխարհի մեծ մասն սկսել է անչափ արագ շարժվել: Աշխատանքային ռիթմերը, քաղաքական ցիկլերը, առօրյայի տեխնոլոգիաները, հաղորդակցման սովորություններն ու գործիքները՝ այս ամենը դարձել են անհամեմատ արագ, ենթարկվել են «աքսելեռացիայի»: Այս նույն 50 տարվա ընթացքում՝ հիմնական լրահոսից աննկատ, աքսելեռացիոնիզմը հետզհետե ձևափոխվեց գիտաֆանտաստիկ գաղափարից իրական, թեև, գուցե անգիտակից, մտավորական շարժման: Ժամանակակից աշխարհի հնարավորությունների ընկալման լիովին նոր մի տեսակետ:
Աքսելեռացիոնիստները գտնում են, որ տեխնոլոգիաները՝ հատկապես համակարգչային բնագավառում, և կապիտալիզմը՝ հատկապես ամենաագռեսիվ, ամենագլոբալիստական տեսակի կապիտալիզմը, պետք է ինտենսիվ արագացման ենթարկվեն. գուցե որովհետև սա մարդկությունն առաջ բրդելու լավագույն ճանապա՞րհն է, կամ որովհետև ուրիշ ճանապարհ պարզապես գոյություն չունի՞: Աքսելեռացիոնիստները կողմ են ամեն ինչի ավտոմատա-ռոբոտացմանը: Կողմ են մարդկայինի և թվայինի միաձուլմանը: Կողմ են նաև անխափան ձեռնարկատիրությանը և կառավարությունների դերի նվազեցմանը: Աքսելեռացիոնիստներն այն կարծիքին են, որ տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացը ենթակա չէ որևէ կառավարման կամ սանձավորման: Նաև գտնում են, որ ամեն տիպի հեղափոխություն՝ լինի այն քաղաքական, թե հասարակա-մշակութային, իրենով ինքնին արժեք է ներկայացնում:
Այսպիսով, աքսելեռացիոնիզմը դեմ է դուրս գալիս պահպանողականությանը, դասական սոցիալիզմին, սոցիալիստական ժողովրդավարությանը, բնության պաշտպանությանը, պրոտեկցիոնիզիմին, պոպուլիզմին, նացիոնալիզմին և բոլոր մյուս այն գաղափարախոսություններին, որոնք փորձել են կայծակնային փոփոխությունների փոթորկի դեմն առնել:
«Աքսելեռացիոնիզմը քաղաքական չարադավանություն է», գրում են Ռոբին Մաքեյն ու Արմեն Ավանեսյանն իրենց «#Արագացում. Աքսելեռացիոնիստական օրագիր» 2014 թվականի գրքում, որը մինչև հիմա այս շարժումը հասկանալու համար միակ հասանելի փաստաթուղթն է:
Ինչպես շատ ուրիշ չարադավանություններ, կամ հերետիկոսություններ, աքսելեռացիոնիզմն ունեցել է թաքուն և բացահայստ դավանողների սերունդներ, որոնք մեկը մյուսին գաղափարախոսություները փոխանցելու հետ մեկտեղ նաև ինտրիգներ են կառուցել, իրար գահընկեց արել կամ ուժեղացրել, գաղտնի լեզվով հաղորդակցվել, հավաքվել ազդեցիկ ֆիգուրների շուրջ, իրար դեմ ըմբոստացել, տարրալուծվել են ու նորից հավաքվել իրենց գաղափարախոսության շուրջ: Կան, կամ եղել են, աքսելեռացիոնալիստներ ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից ու Ֆրանսիայից: Շարժումն արտադրել է գրքեր, դասախոսություններ, մանիֆեստներ, ամսագրեր, բլոգեր ու սոցցանցային ճակատամարտներ՝ ինչպես նաև իրենց անընթեռնելիության մեջ շիֆռերի հասնող գաղափարներ որտեղ անհույս, ապոկալիպտիկ ապագան համակցվում է երփներանգ քաղաքական, տնտեսական ու մշակութային թեզերի հետ:
Ինչ որ դեպքերում աքսելեռացիոնիստները հասել են բարձր ուսուցման կոչումների համալսարաններում: Ունեցել են հախուռն հավաքույթներ՝ մտքեր փոխանակելու ու վիճաբանելու համար, ինչպես նաև նոր համախոհներ ձեռք բերելու նպատակով: Մի քանի այսպիսի հավաքի կցկտուր ձայնագրություն կարելի է գտնել YouTube-ում՝ երիտասարդ, եռանդուն մարդիկ, որոնք խոսում են դյութիչ ապագայի մասին՝ էլեկտրոնային երաժշտության ու աբստրակտ վիզուալ շարքերի ֆոնին՝ վատ լուսավորված լսարաններում, զարմացած ու մի փոքր մոլորված հանդիսատեսի առջև:
Ժամանակ է եղել, երբ նրանց թիվն ամբողջ աշխարհով չի գերազանցել մի քանի տասնյակը: Միայն 2010 թվականից է Աքսելեռացիոնիստ պիտակը մտել օգտագործման մեջ, երբ Բենջամին Նոյսը, որն այս շարժման մեծ քննադատ է, այս անվանումը պեղում է Զելազնիի վեպից: Սակայն տասնամյակներով առաջ ընկնելով իրենց ժամանակակից մտավորականներից, աքսելեռացիոնիստները առաջինն էին, որ սկսեցին ուսումնասիրել 20-րդ ու 21-րդ դարերի ամենալուրջ հարցերը՝ Չինաստանի վերելքը, արհեստական ինտելեկտը, մարդկության ինքնագիտակցումն էլեկտրոնային խաղալիքներով հագեցած մթնոլորտում, գլոբալ շուկայի կամայականություններն ու կապիտալիզմի հրապուրանքը, իրականի ու հորինվածի միջև անէացող սահմանը, ֆիլմի, երաժշտության ու մեր կյանքերի արագացումը:
«Մենք ապրում ենք պատերազմի, արհեստական ինտելեկտի ու կապիտալիզմի եռապետության ներքո աստիճանաբար արագացող համակարգի մեջ», - ասում է Սթիվ Գուդմանը, որը աքսելեռացիոնիզմի իր գաղափարախոսությունը տեղափոխել է պարային երաժշտության բնագավառ իր բավականին հաջողակ Hyperdub ձայնագրային լեյբլի միջոցով:
«Սա կարող է մեզ դուր գալ կամ էլ չգալ, բայց հիմա մենք բոլորս էլ աքսելեռացիոնիստներ ենք», - ասում է Սթիվեն Շավիրոն իր 2015-ին լույս տեսած գաղափարախոսության մասին պատմող գրքում:
Արագության ու տեխնոլոգիաների փառաբանումն ունի իր ռիսկերը: Մեկ դար առաջ, իտալական ֆուտուրիստական շարժման գրողներն ու նկարիչները սիրահարվեցին արդյունաբերական դարաշրջանի մեքենաներին, դրանց վերագրելով հասարակական վերածննդի նախադրյալներ: Շատ ֆուտուրիստներ այս հիացմունքով տարված աստիճանաբար անցան պատերազմի փառաբանմանը ու ֆաշիզմին: Սա, իհարկե, ազդեց շարժման հեղինակության վրա:
Աքսելեռացիոնիստական շարժման կենտրոնական ֆիգուրներից է Նիկ Լանդը, որը 90-ականներին դասավանդել է Վարվիքյան համալսարանում, ինչից հետո կտրուկ հեռացել դասավանդումից: «Փիլիսոփաները չեն հասկանում մարդկային էությունը». - գրում է նա 1992 թվականին, - «Նրանք մտածում են սառն ու դաժան կերպով, ինչպես բոլոր նրանք, ովքեռ փորձեր են անում կենդանի էակների վրա»: Նրա ուսանողներից մեկը հիշում է, որ Լանդի ուսանողների մեջ միշտ ցանկություն կար լիբերալներին հեգնելու, և Նիկը լավագույնն էր այդ բնագավառում: Վարվիքից հետո Նիկ Լանդը բազմաթիվ գործեր է հրատարակում համացանցում՝ որոշ դեպքերում կեղծանուն օգտագործելով, առաջ տանելով իր գաղափարները արևմտյան ժողովրդավարության ժամանակակից աշխարհում թերֆունկցիոնալության մասին: Նաև գրել է մարդկային կենսաբանական տարբերակվածության մասին, մարդկայինության ոչնչացման՝ արհեստական ինտելեկտի զարգացման հաշվին:
Մյուս աքսելեռացիոնիստներն այժմ իրենց ու Լանդի միջև փորձում են տարածք դնել: Ինչքա՞ն հեռու կարելի է տանել մի գաղափարախոսություն, որը սահմաններ չի ճանաչում:
Նույնիսկ վերոհիշյալ քննադատ Նոյսը ստիպված է ընդունել, որ շարժումն ունի իր հմայքը.
«Աքսելեռացիան, արագացումը՝ սա սեքսի բառ է՝ փիլիսոփայության մեջ նրանք շատ քիչ են հանդիպում»
Ներկայիս մեր քաղաքականապես քաոտիկ ու անկանխատեսելի ժամանակներում աքսելեռացիոնիզմի հեղափոխական, անհամբեր ու իմպուլսիվ գաղափարները ավելի տեղի են, ավելի հետաքրքրաշարժ, քան երբևէ, ըստ Նոյսի: Նա ասում է. «աքսելեռացիոնիստները միշտ և ամեն ինչի համար ունեն պատասխան: Եթե կապիտալիզմը արագ է ընթանում, նրանք ասում են, որ պետք է էլ ավելի արագ ընթանա: Եթե հանկարծ կանգ է առնում ու դանդաղում է՝ ինչպես հիմա, 2008-ի ճգնաժամից հետո, նրանց լուծումն է այն ամեն հնարավոր միջոցով բրդել առաջ և ստիպել, որ նորից թափ հավաքի»: Վերջերս տեղի ունեցած ԱՄՆ-ի դրամատիկ ու թատերական ընտրությունների ու Թրամփի կառավարության մեջ շատերը տեսնում են աքսելեռացիոնիզմի առաջին արտահայտումը լայնամասշտաբ քաղաքական բեմում: Նոյսը նշում է, որ վերջին տարիներին աքսելեռացիոնիզմի գաղափարները, ինչպես նաև Լանդը, այս գաղափարների իր ծայրահեղ ընկալմամբ, համախոհներ են գտել քաղաքական դաշտի բոլոր անկյուններում՝ թե տեխնոլոգիաների զարգացման կողմնակից բրիտանական ձախականների, թե Թրամփի աջ թևի, ծայրահեղ/ալտերնատիվ աջի ներկայացուցիչ Սթիվ Բեննոնի կողմնակիցների մոտ: Նոյսը նշում է, որ շատ առումներով աքսելեռացիոնիստներն աշխատում են «ապագան իրենցով անել»:
Կարելի է ասել, որ առաջին աքսելեռացիոնիստը եղել է Կառլ Մարքսը: Իր 1848-ի Կոմունիստական մանիֆեստում նա նույնքան ատելությամբ, ինչքան որ հիացմունքով էր վերաբերվում կապիտալիզմի գաղափարին, դրան վերագրելով «անվերջանալի հեղափոխության բնույթ» ու «հասարական կարգավիճակի չընդհատվող խափանում»: Նա տեսնում էր քաոտիկ կապիտալիզմը որպես քաղաքացիական հեղափոխության գլխավոր նախադրյալը:
Սակայն առաջին գիտակցված աքսելեռացիոնիստական գաղափարները մշակվեցին 1960-ականների վերջին Ֆրանսիայում: 1968 թվականի ձախական հեղափոխության պարտությունից ապշած, ինչպես նաև արևմուտքի անվերջանալի տնտեսական վերելքով զմայլված, որոշ ֆրանսիական մարքսիստներ որոշեցին կապիտալիզմին նոր այլընտրանք առաջարկել: 1972-ին փիլիսոփա Ժիլլ Դելյուզն ու հոգեբան Ֆելիքս Գուատտարին հրատարակում են «Հակա-Էդիպոսը», որն իր տարօրինակությամբ ու բազմաբնույթությամբ իրենից բավականին հետաքրքիր գիրք է ներկայացնում: Այս գրքում հեղինակներն առաջ են տանում այն գաղափարը, որ ձախականները պետք է հասկանան կապիտալիզմի ազատող կողմերը և պետք է աշխատեն կապիտալիզմում առկա այս անարխիստական տենդենցները ուժեղացնել: «Պետք է գնալ առաջ, հրել առաջ շուկան և այս ամբողջ պրոցեսը ենթարկել աքսելեռացիայի», գրում են նրանք:
Երկու տարի անց, ևս մի հիասթափված ֆրանսիական մարքսիստ՝ Ժան-Ֆրանսուա Լյոտարդը, զարգացնում է այս միտքը՝ այն ավելի պրովոկացիոն դարձնելով: Նրա 1974-ին լույս տեսած «Լիբիդոյական տնտեսություն» գրքում նա հայտարարում է, որ կապիտալիզմի խոշտանգող կողմն էլ դրական է ազդում այն մարդկանց վրա, ում կյանքերն այս սիստեմի ներքո միշտ ենթակա են փոփոխության: Նաև նա նշում է, որ այլընտրանք գոյություն չունի: «Կապիտալիզմը բնական է», գրում է Լյոտարդը:
Ֆրանսիայում այս երկու վերոհիշյալ գրքերը համարյա թե արգելված էին: Լյոտարդը վերջ ի վերջո իր գիրքն անվանում է «չար» ու շարունակում գործունեությունն արդեն ուրիշ բնագավառներում: Դելյուզն ու Գուատտարին իրենց 1980-ին լույս տեսած «Հազար պլատո» նոր գրքում զգուշացնում են, որ հետպատերազմյան բարյացակամ կապիտալիզմին ի փոխարեն եկած Թետչեր-Ռեյգանյան ժամանակաշրջանի ագրեսիվ կապիտալիզմը կարող է մարդկությունը գցել ֆաշիզմի ու նիհիլիզմի անդունդի մեջ:
Սակայն Բրիտանիայում «Հակա-Էդիպոսն» էլ, «Լիբիդոյական տնտեսությունն» էլ լիովին ուրիշ հեղինակություն ձեռք բերեցին փոքր, բայց ազդեցիկ փիլիսոփաների մի խմբի մոտ: Նրանցից մեկը՝ Յան Համիլտոն Գրանտը, «Լիբիդոյական տնտեսությունը» կարդալուց հետո ակնարկում է. «Հավատս չէր գալիս, որ որևիցե մի մարքսիստ կարող է հենց այսպես ընդունել կապիտալիզմը որպես անդառնալի իրականություն»:
Այս աշխատությունների թարգմանության ու ուսումնասիրության կենտրոնում կանգնած է լինում Վարվիքյան համալսարանի նոր, երիտասարդ դասախոս Նիկ Լանդը: Լանդը նիհար, փխրուն արտաքինով տղամարդ է՝ երկաթե հայացքով, փափուկ բայց համոզիչ ձայնով, ինքնավստահ ու հանգիստ: Նրա ուսանողներից մեկը նշում է. «Շատ մարդիկ են խելացի: Բայց ես երբեք չեմ տեսել, որ որևիցե մեկը կարողանա այսպես բանավեճ վարել»:
Վաղ 90-ականներին Լանդն արդեն իր կարդացած աշխատությունները հավաքել ու իր մեջ վերածել է գաղափարախոսական մի ամբողջական կտավի, որի մեջ մտնում է նաև իր յուրօրինակ, սև հումորով համեմված գրելաոճը: Նա հայտարարում է, որ կապիտալիզմը սանձերի մեջ պահելու քաղաքական գործիչների փորձերը մարդկային սենտիմենտալիզմի արտահայտման վերջին ճիգերն են: Եվրոպան նա անվանում է Ասիայի ռասսայական զիբիլանոցը, իսկ մարդկությունը նա տեսնում է որպես աստիճանաբար մեծացող արագությամբ դեպի ապոկալիպսիս սլացող մարմին: «Քաոսը պետք է բազմապատկվի: Ցանկացած մարդկային կազմակերպություն պարզապես փոքրիկ մի խոչընդոտ է անդառնալիի ճանապարհին»:
http://www.youtube.com/watch?v=8byZUj0vmwE
Լանդը տարօրինակ, թատերականացված դասախոսություններ է մատուցում իր ուսանողներին՝ աթոռների վրա կանգնելով, կամ խելագարի պես կուչ գալով, նա հայտարարում է, որ աշխատում է Արևմտյան քաղաքակրթության անկման կենտրոնում: «Նա վերջին 50 տարվա ամենակարևոր փիլիսոփաներից է», ասում են նրա ուսանողները:
Սակայն Լանդը ապագայի մարգարեի համար բավականին հնաոճ մարդ էր այն ժամանակ՝ մինչև ուշ 90-ականները օգտագործում է կանաչ էկրանով Ամստրադ համակարգիչ, ավելի շատ հենվում էր 18-19-րդ դարերի փիլիսոփաների աշխատությունների՝ հատկապես Ֆրիդրիխ Նիցշեի, քան իրեն ժամանակակից մտավորականների ու մշակույթի վրա: Նրա առաջ բերած աքսելեռացիոնիստական գաղափարները ուժ են գտնում միայն այն ժամանակ, երբ Վարվիք են մուտք գործում այս շարժումը ներկայացնող նոր ծայրահեղականներ:
Սադի Փլանթը նրանցից մեկն է՝ նախկինում Բիրմինգհեմում մշակութաբանության դասախոս, որը մասնագիտացած է ժամանակակից փոփ մշակույթի ուսումնասիրությունների մեջ: Վարվիքյան դասախոսակազմին միանում է նաև Մարկ Ֆիշերը, Սադի Փլանթի բիրմինգհեմյան ուսանողներից: Վաղ 90-ականներին, Փլանթի և Լանդի միջև եղել են կարճատև սիրային հարաբերություններ:
Լանդի նման, Փլանթն ու Ֆիշերը ծանոթ են ֆրանսիական հիասթափված մարքսիստների աշխատանքներին՝ սրան զուգահեռ ատելությամբ ընդդիմանալով լիբեռալ, ձախական գաղափարախոսություններին, որոնք այդ ժամանակ արդեն սկսում են համալսարաններում նոր թափ հավաքել: Ի տարբերություն Լանդի, Փլանթն ու Ֆիշերը տեխնոլոգիաների ու նորարարության երկրպագուներ են՝ Փլանթի մոտ Էփլից համակարգիչ է, Ֆիշերի մոտ էլ առաջին բջջային հեռախոսներից մեկը: «Համակարգիչները արագացման անբաժան մաս են», - գրում է Փլանթն իր 1997-ի կոֆեինային առույգությամբ լցված «Զրոներ ու մեկեր» աշխատությունում: Փլանթն ու Ֆիշերը նաև տարված են 90-ականների գնալով ավելի ագրեսիվ, արագ դարձող պարային երաժշտությամբ ու մարտաֆիլմերով, որոնք նրանք դիտում են որպես աքսելեռացիոնիզմի արտահայտումներ փոփ-մշակույթում:
Ինտերնետը դառնում է առօրյայի մի անբաժան մաս: Կապիտալիզմը՝ կոմունիզմի փլուզումից հետո, թվում է թե կրել է վերջնական հաղթանակ: Աստիճանաբար տարածում է գտնում գլոբալիզացիայի ու համակարգիչների տոտալ տիրույթով լցված ապագայի պատկերացումը՝ արագացված շուկայի շարժումը, որի մասին դեռ 20 տարի առաջ մեծ հույսերով խոսում էին Դելյուզն ու Գուատտարին՝ այս գաղափարները տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց լայն ճանաչում են գտնում ամերիկյան և բրիտանական համալսարաններում: 90-ականների ընթացքում Լանդի Վարվիքյան համալսարանը այս հեղեղի կենտրոնում է կանգնած:
Սակայն կար ապագայի երկու տարբեր տեսլական: ԱՄՆ-ում պայծառ, գունազարդ ամսագրերում հիացած ակոլադներ են երգում օպտիմիզմով լցված ապագայի փառաբանումների մեջ, որտեղ, ըստ իրենց պատկերացման, մարդկային պոտենցիալը բացահայտելու հնարավորությունը հասանելի կդառնա ամեն մեկին՝ թվային տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ: Վարվիքյան ապագայի պատկերացումը, սակայն, շատ ավելի մռայլ է: Ինչպես ասում է Փլանթը. «Մեր նպատակներից մեկը հենց այս մանկամիտ ուտոպիաji վերացումն է: Մենք ուզում ենք բաց, բարդ աշխարհ և ոչ թե ինչ որ պսպղուն նոր մարդկային կարգ»:
Վարվիքյան նեգատիվիզմը նաև, իհարկե, իրեն շրջապատող մթնոլորտի արդյունքն էր: «90-ականների Բրիտանիան մոխրագույն, նեղ, ճմռթված մի տեղ էր», - ասում է Լանդի ուսանողներից մեկը, - «Մենք նայում էինք կապիտալիզմին ու թվային տեխնոլոգիաներին որպես նոր մի շունչ, որը մուտք է գործում մեռնող մարմին»: Այս գործընթացի ա8ագացման համար Լանդը, Ֆիշերը, Փլանթն ու մի քանի տասնյակ իրենց ուսանողներ ստեղծում են նոր, ռադիկալ մի կազմակերպություն՝ Կիբեռնետիկ մշակույթի հետազոտման միավոր (ԿՄՀՄ): Այն հետագայում դառնում է Բրիտանիայի վերջին ժամանակների ամենադիցաբանականացված խմբերից մեկը:
ԿՄՀՄ-ն գոյատևում է ընդամենը 5 տարի: Այս 5 տարիների մի մասն իր միակ գրասենյակը տեղակայված է լինում Վարվիքյան համալսարանի լքված մի լսարանում՝ նեղ միջանցքների լաբիրինթոսի մեջ թաքնվելով: Այնուհետև գրասենյակը տեղափոխվում է Լեմինգթոն Սպա քաղաքում վարձած մի բնակարան՝ ավտոպահեստամասերի խանութի վերևի հարկ:
ԿՄՀՄ-ն իր վերացումից տարիներ անց միևնույն է տեղ է գտնում քաղաքական և մշակութային կայքերի հոդվածներում, ինչպես, օրինակ, այստեղ, երաժշտությանը կամ նկարկչությանը նվիրված պարբերականներում, ամենատարբեր ու տարօրինակ հրատարակություններում: «Մինչև հիմա կան 20-25 տարեկանների խմբեր, որ փորձում են մեր գործունեությունը կրկնօրինակել», ասում է Լանդի ուսանողներից մեկը:
ԿՄՀՄ-ի մասնակիցներից մեկը հիմա կապում է փողկապ, հագնում բրիտանական լուրջ ձևվածքի բաճկոն, սակայն երբ խոսքը գնում է խմբի մասին, նա եռանդուն հայտարարում է. «Մենք մի նետ ստեղծեցինք: Չկար այլախոհություն: Չկար ազատ ժամանակ: Մենք իրարից աշխատում էինք շատ հեռու չմնալ: Կար նպատակ, ու պետք էր միասին, էֆեկտիվ աշխատել՝ արագությունն ավելացնելու համար»:
ԿՄՀՄ-ն անցնկացնում է սեմինարներ՝ մասնակիցներից մեկը հիշում է Սթիվ Գուդմանին, որը հիացմունքով խոսում էր ռազմական տեխնոլոգիաների զարգացման ազդեցության մասին քաղաքացիական կյանքի վրա: «Յին-Յանգի նշան գրատախտակին նկարելով խոսում էր ռազմական ուղղաթիռների մասին: Սա դատարկ փիլիսոփայական քննարկումներ չէին՝ հենց այդ բաներից էլ բոլորս զզված էինք միացել ԿՄՀՄ-ին: Սա ընդհանուր գիտելիքի դաշտի ցիտատներ էին, որ բոլորիս հասկանալի էին»: Մեկ ուրիշն ասում է. «Միշտ մի նոր քննարկման թեմա ունեինք: «Նեյրոմանսեր»՝ արհեստական գիտակցության ու համացանցի մասին Վիլյամ Գիբսոնի 1984 թվի գիրքը ընկել էր մեր փիլիսոփայության բաժին, մեծ տարածում էր գտել: Մեր սենյակում ամեն տեղ կարելի էր գտնել այս գրքի մաշված պատճեններ:»
Ժամանակի հետ Լանդի ու Փլանթի գրասենյակներն էլ են վերածվում ԿՄՀՄ-ի կետերի: Ինչ որ պահից Լանդը սկսում է իր գրասենյակում բնակվել, ու լուրջ քննարկումների եթնաշերտում Լանդի՝ ռադիատորի վրա չորացող ներքնազգեստն է, որ համալսարանի զուգարանում է լվացել:
ԿՄՀՄ-ն իր հետաքրքություններն այսպես է թվարկում՝ ֆիլմ, բարդություն, տարադրամ, պար, էլեկտրոնային փող, էլեկտրոնային պաշտպանություն, ֆեմինիզմ, ֆանտաստիկա, պատկերներ, ոչ օրգանիկ կյանք, շուկա, մատրիցաներ, միկրոբիոտիկներ, մուլտիմեդիա, կոմմունիկացիա, տեքստ, առևտուր, սեքս, սիմուլյացիա, վիրտուալ իրականություն, պատերազմ:
Այսօր այս թեմաների մեծ մասը մեյնսթրիմ մեդիայի ու քաղաքական աշխարհի կիզակետում են գտնվում: «Երկու տասնամյակ առաջ մեզ թվում էր, որ մենք միակ մարդիկ ենք, որ այս ամենին լուրջ են վերաբերվում»:
Վարվիքյան աքսելեռացիոնիստները իրենց տեսնում են որպես մասնակիցներ և ոչ թե պասիվ վերլուծաբաններ, ինչպես ավելի ավանդական կլիներ ակադեմիական տեսանկյունից: Նրանք այցելում են գիշերային ակումբներ, կազմակերպում այնտեղ իրենց յուրօրինակ հավաքները, որտեղ աշխարհի ամեն տիպի մարդ այցելում ու ծանոթանում է իրենց ապագայի տեսլականին:
1997-ի մոտակայքում ԿՄՀՄ-ի ներսում սկսվում են պառակտումները: Վարվիքից դուրս է գալիս Փլանթը, որը հետագայում դառնում է բավականին հայտնի տեխնո-քննադատ: 1998-ին Լանդն էլ է լքում Վարվիքը՝ մի քանի ԿՄՀՄ անդամների հետ հեռանալով ու փակվելով Լեմինգտոն Սպայում վարձած բնակարանում, որտեղ ԿՄՀՄ-ն աստիճանաբար պարզապես աքսելեռացիոնիստական խմբակ լինելուց վերածվում է աղանդ հիշացնող մի կազմակերպության:
Վաղ 2000-ականներին Լանդն ապրում է լուրջ առողջական խնդիրներ՝ անքնությունից, ալկոհոլից ու թմրանյութերից դրդված: Եվ այսպես հասարակական տարածքից անհետանում է Լանդը, այնուհետև և ԿՄՀՄ-ն:
Լանդը լքում է Բրիտանիան: Գնում է Թայվան: Այնտեղից Շանհայ, որտեղ նա մինչև օրս բնակվում է: «Որպես աութսայդեր ապրելն այնքան հանգիստ է», - ասում է նա: 2004-ի անգլերենով Չինաստանում հրատարակվող Շանհայ Սթար ամսագրի մի հոդվածում նա հիացմունքով խոսում է չինական կապիտալիզմի ու մարքսիզմի խառնուրդի մասին, որն, ըստ Լանդի, մեծագույն քաղաքական ու հասարակական զարգացման շարժիչն է, որ երբևիցե գոյություն է ունեցել: Ապրելով Չինաստանում, Լանդը գալիս է գիտակցության, որ Չինաստանը շատ առումներով լիովին աքսելեռացիոնիստ երկիր է՝ դեպի ապագա սլացող ու հետզհետե արագություն հավաքող մի հրթիռ:
«Աքսելեռացիոնիզմը մեր համար հուսահատության դեմ պայքարի միջոց էր», - ասում է ԿՄՀՄ նախկին անդամներից մեկը: Այս տարի ԿՄՀՄ հիմնադիրներից Մարկ Ֆիշերը, ինքնասպանություն գործեց: Նա գտնում էր, որ աշխարհը գտնվում է լճացման մեջ ու հրաժարվում է առաջ շարժվել:
Լանդն այժմ պնդում է, որ աքսելառացիոնիստները պետք է կողմ լինեն աշխարհը դրամատիկ փոփոխությունների ենթարկող քաղաքական իրադարձությունների՝ Բրեքզիթ, Թրամփ, Լը Պեն, Ֆարաժ: Լանդի համոզմունքն է, որ միայն այսպիսի կողմ ընդունելով մենք կարող ենք աշխարհը դուրս բերել անհույս լճացման սպառնալիքից:
1970-ին ամերիկյան ֆուտուրոլոգ Ալվին Թոֆլերը հրատարակեց «Ապագայի շոկ» գիրքը, որը խոսում էր նոր տեխնոլոգիաների հնարավորությունների ու վտանգների մասին: Նա կանխատեսում է արհեստական ինտելեկտը, սառեցման, կլոնավորման տեխնոլոգիաները, ռոբոտների ստեղծումը, որոնք կաշխատեն օդանավակայաններում, սրճարաններում, մեր տներում: «Փոփոխությունների տեմպն արագանում է: Մենք ապրում ենք մարդկային պատմության ամենակարևոր դարաշրջանում՝ մեր աչքերի առաջ ստեղծվում է նոր քաղաքակրթություն», - եզրակացնում է Թոֆլերն իր գրքում:
Գրքի հրատարակումից քիչ անց՝ 1973-ին, տեղի է ունենում նավթի ճգնաժամը: Համաշխարհային կապիտալիզմը ընկնում է լճացման շրջանի մեջ, որից գրեթե 10 տարի չի կարողանում դուրս գալ: Աքսելեռացիոնիզմն այս հարցում անզոր դուրս եկավ:
Սակայն հնարավոր է, որ մի օր մենք իրոք ականատես կդառնանք այս նոր քաղաքակրթության ստեղծմանը: Եթե արդեն չենք դարձել:
Թարգմանությունը` Դավիթ Փարթամյանի