BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Կիլիկիայի թագավորության վերջին կանգուն ամրոցը

Կիլիկիայի թագավորության վերջին կանգուն ամրոցը

Լեռնային ոլորաններով 12-ժամյա հոգնեցուցիչ ավտոերթից հետո Կոզանի «Ավշարօղլու» հյուրանոցի համարը
երանավետ հանգրվան էր: Դեմ դիմաց, լուսավորված հսկա ժայռի վրա, Սիսի միջնաբերդն է: Փողոցի սրճարանում
մի 100 հոգի հավաքված նայում են երկրի առաջնության ֆուտբոլային հանդիպումը: Դատելով զուսպ
արտահայտություններից`  նախընտրելի թիմը կարծես լավ չի խաղում: Խաղն ավարտվեց: Ֆուտբոլասերները` յուրաքանչյուրն իր աթոռով, ցրվեցին մոտակա տները: Մենք էլ ներս մտանք: Հարևան մահճակալներից սկսեց տարածվել միալար խռռոցը: Ամեն օր մեզնից մեկը մյուսին ասում էր. «Քո խռռոցից չկարողացա քնել»: Հիմա հերթն իմն է, ու քանի որ քնելուց առաջ գիրք կարդալու սովորություն ունեմ, վերցրեցի հայերեն-թուրքերեն բառարանը` բառապաշարս ավելացնելու: Չգիտես ինչու ուզում էի անգիր անել «թյուրքչե անլըյոր մուսունուզ»  («դուք թուրքերեն հասկանո՞ւմ եք») բառակապակցությունը: Ոչ մի կերպ չէր ստացվում: Տառերը սկսեցին տարրալուծվել, ծանրանալ: Վերջին բառը, որ առկայծում էր գիտակցությանս մեջ,«Ալլահ բարաքյաթ վերսին»-ն էր:
Չեմ կարող վստահորեն պնդել, բայց որոշ փաստերի համադրությունը բերում է այն եզրահանգման, որ այս բերդերը թշնամուն հանձնվել են ոչ այնքան հուժկու հարձակման պատճառով, այլ դիվանագիտական ճնշման տակ: Օգտագործվել են ներքին խռովությունները, կաշառվել են անիշխանության հակված իշխանները, խոստումներ են տրվել... Այդպես 1375 թվականի ապրիլի 13-ին Լևոն V Լուսինյանը քաղաքը հանձնեց մամլուքներին:
Բերդի աշտարակներից մեկին կանգնած նայում ենք մեր առջև փռված քաղաքին:

-Տեսնես որտե՞ղ էր մերոնց տունը,- առանց հուզմունքի, շատ գործնական բարձրաձայնեց Սուրեն Տեր-Գրիգորյանը: Ընկնում ենք գուշակությունների գիրկը:
-Երևի անտառի մոտ էր:
-Չէ, կենտրոնական փողոցի վրա:
-Չէ, մզկիթի մոտ:
-Ինչո՞ւ մզկիթի:
-Որովհետև բոլոր մզկիթները կամ եկեղեցիների վրա, կամ կողքին են կառուցվել:

Այս խոսակցությունից երկու շաբաթ անց Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը ցույց է տալիս
Փարիզում բացված լուսանկարչական մի ցուցահանդեսի կատալոգ: Լուսանկարներն արել է ֆրանսիացի
հոգևորական Գաբրիել Բրեթոգը Կիլիկիայում, 1918-1921 թվականներին: Բացառիկ պատկերներ են: Սուրենի
պապի-տատի տունը, որ փնտրում էինք, բոլորովին այլ տեղ էր, քանի որ հին քաղաքը սկսվում էր հենց բերդի տակից: Եվ կաթողիկոսարանն էր այդտեղ, և դպրոցը, և տունը: Այսօր փարթամ, փշատերեվ անտառ է:
Երևանից զանգեց ազգագրագետ Մերուժան Կարապետյանը. «Բարձրաբերդը գտա՞ք»: «Չէ»: «Ո՞ւր հասաք»: «Կոռիկոսի «Այնթափ» խորտկարանում խորովածին ենք սպասում: Ու գիտե՞ս, տերերը Նախիջևանից գաղթածներ են: Ախպոր տղու նման ընդունեցին»:

Հեղինակ Արթուր Բախտամյան
NewMag #1

Տարածել