BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[ Արեվելյան խոհանոց ] «Երբ Արևելքի թիկունքում գործ

[ Արեվելյան խոհանոց ] «Երբ Արևելքի թիկունքում գործում է Արևմուտքը» կամ «Հարգանքով՝ Բարակ»

2012 թվականին համացանցում տարածվեց «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի թրեյլերը: Եգիպտոսում հեռուստատեսությամբ նույնիսկ ֆիլմի մի քանի սերիա ցուցադրեցին: Ամբողջ իսլամական աշխարհը ցնցվեց ամերիկացիների նկարահանած կինոնկարից, որում ծաղրի գլխավոր առարկան մանկապիղծ ու նույնասեռական Մուհամեդ մարգարեն էր: Սեպտեմբերի 11-ից Եգիպտոսում, Լիբիայում, Թունիսում, Պակիստանում, Եմենում, Սուդանում բազմահազարանոց բողոքի ակցիաներ սկսվեցին: Ցուցարարները գրոհեցին ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և արևմտյան մյուս երկրների դեսպանատները: Սեպտեմբերի 11-ին Լիբիայում ցուցարարները նռնականետներով հարվածեցին Բենգազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսությանը, ներխուժեցին դիվանագիտական ներկայացուցչության տարածք ու սպանեցին 3 դիվանագետների: Գազազած ամբոխը բռնաբարեց գլխավոր հյուպատոս Քրիստոֆեր Սթիվենսին, հետո սպանեց: Արևմուտքը սարսափով սպասում էր սեպտեմբերի 14-ի երեկոյին՝ վստահ լինելով, որ ուրբաթօրյա աղոթքից հետո մոլեռանդ ամբոխը նոր թափով է սկսելու ավերել արևմտյան դեսպանատները:

***


2012 թվական, սեպտեմբերի 14:  Պետական այցով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի վարչապետ Էրդողանն առավոտյան դիմեց աշխարհի մուսուլմաններին.
«Իսլամի բարձր արժեքներին ու Մուհամեդ մարգարեին վիրավորելը մտքի ու խղճի ազատությամբ չի կարելի արդարացնել: Աշխարհի բոլոր մուսուլմաններին եմ դիմում. այս ֆիլմը շատ լուրջ սադրանք է, որին չպետք է տրվենք: Այսօր օրհնված ուրբաթ է: Խնդրում եմ, այսօր աղոթքի հավաքվելով հանուն մեր բարձր արժեքների  ՝ ուշադիր լինենք և չենթարկվենք սադրանքներին, որոնց նպատակը բռնություն գործադրելն է, ահաբեկելը, անմեղ մարդկանց վնասելը: Կրկնում եմ, սա մուսուլմանների դեմ ուղղված սադրանք է»:
Էրդողանի հայտարարության ազդեցությամբ էր, թե ոչ, բայց հակաարևմտյան ակցիաներում բռնությունն աստիճանաբար մարեց:

***


2015 թվական, փետրվար: Սիրիացի հաքերները կոտրեցին Թուրքիայի պետական գերատեսչությունների էլեկտրոնային փոստի հասցեները, թուրք պաշտոնյաների նամակագրությունը տեղադրեցին համացանցում: Հրապարակվեց նաև 2012 թվականի սեպտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի նամակն Էրդողանին:
«Շտապ» (Time-sensitive)
Բարակ Օբամայի անձնական նամակը վարչապետ Էրդողանին
Սիրելի Թայյիփ: Ես հասկանում եմ, որ Դուք ճամփորդում եք Բոսնիայից Ուկրաինա և հիմա Վաշինգտոնի ժամանակով կեսգիշեր է: Ես Ձեզ գրում եմ, որովհետև վերջին 2 օրում տեղի ունեցածից հետո լուրջ վտանգ կա, որ բռնություններն ուրբաթ ավելի կսաստկանան ու կվնասեն մեր ընդհանուր շահերին: Տեղեկացնեմ, որ ԱՄՆ կառավարությունը կապ չունի տխրահռչակ տեսանյութի հետ: Մենք մերժում ենք դրանում եղած մեսիջը, որը հակասում է իմ անձնական հայացքներին ու ամերիկյան արժեքներին: Ցավոք, տեխնոլոգիաների դարում մենք չենք կարող արգելափակել այդ տեսանյութը: Մենք նաև հավատարիմ ենք խոսքի ազատության սկզբունքին: Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքում մեր դեսպանատները վտանգի մեջ են, և մենք խորապես մտահոգված ենք, որ ուրբաթօրյա աղոթքից հետո տարածաշրջանում մեր մարդիկ ու մեր կառույցները կենթարկվեն հարձակման: Մենք չպետք է թույլ տանք, որ ծայրահեղականները այդ տեսանյութն օգտագործեն որպես առիթ՝ Ամերիկային ու նրա դաշնակիցներին հարվածելու համար: Ես վստահ եմ, որ այսօր Դուք իսլամական աշխարհում հարգված ձայն եք: Մարդիկ պետք է լսեն հանդարտեցնող ու բռնությունը դատապարտող Ձեր խոսքը, որը կունենա իր ազդեցությունը: Ես Ձեզ խնդրում եմ անհապաղ ու համոզիչ կոչով հանդես գալ մինչև ուրբաթօրյա աղոթքը: Կարևոր է, որպեսզի շեշտվի, որ դիվանագիտական անձնակազմն ու շինությունները պետք է հարգվեն, իսկ կրոնը պետք է պաշտպանել ոչ թե բռնությամբ, այլ խաղաղությամբ: Որպես հավատացյալ մարդիկ՝ մենք պարտավոր ենք կանխել այս տեսանյութի հեղինակների սադրանքը:
Շնորհակալություն, իմ բարեկամ: Առաջիկա օրերին կսպասեմ մեր զրույցին, երբ Դուք կլինեք տանը:
Հարգաքով` Բարակ»:
 
 

Տարածել