Գլխավոր Լուրեր

Մեծ պրեմիերա. Newmag-ի «Կապույտ մորուքը» հասավ Երգ

Մեծ պրեմիերա. Newmag-ի «Կապույտ մորուքը» հասավ Երգի պետական թատրոնի բեմ

02/25/2026

newmag-y-n

Հայաստանի երգի պետական թատրոնը ներկայացնում է մեծ պրեմիերա՝ ֆրանսիացի ժամանակակից գրող բարոնուհի Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը» ստեղծագործությունը։ Ներկայացման ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է։

Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը»  վեպը հայերեն հրատարակել է Newmag-ը։ Պատմության գլխավոր հերոսները՝ վարձով տուն փնտրող Սատուրնինեն ու իսպանացի առեղծվածային ազնվականն են։ Երիտասարդ կինը վարձակալում է Դոն Էլեմիրիոյի բնակարաններից մեկի սենյակը։ Պարզվում է՝ շքեղ բնակարանը տանտերը վարձով է տալիս է միայն կանանց։ Նախկին ութ վարձակալուհիները բնակարանը վարձակալելուց հետո անհետացել են։ Այդպես սկսվում է հայտնի հեքիաթի ժամանակակից ինտերպրետացիան՝ սուր երկխոսություններով, անհավանական հումորով ու չափազանց վառ կերպարներով։

Ներկայացման գլխավոր դերերում Հրաչ Քեշիշյանն ընտրել է Արսեն Գրիգորյանին ու Նարինե Պետրոսյանին. «Գլխավոր հերոսի մասին մտածելիս՝ միանգամից պատկերացրեցի Արսեն Գրիգորյանին։ Իսկ Նարինեն կլրացնի նրան։ Կարծում եմ, շատ համահունչ ու հետաքրքիր խաղ է ստացվել»։

Ստեղծագործությունը բեմականացնել Հրաչ Քեշիշյանին խորհուրդ է տվել Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը։ Ամելի Նոտոմբի գիրքը Հայաստանում բեմադրվում է առաջին անգամ։ Ըստ Քեշիշյանի, ներկայացումը կառուցված է սարկաստիկ պրիզմայով. 

«Սյուժեն պահպանել եմ, բայց պատմության սիմվոլները, հետաքրքիր հատվածները ներկայացված են երաժշտության միջոցով։ Ներկայացման մեջ հնչում են շատ հայտնի ֆրանսիական, իսպանական հիթեր»։

Երաժշտական համարները կատարելու են Երգի պետական թատրոնի դերասանուհիները։ Թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանն ասում է, որ սա Երգի պետական թատրոնի ու Հրաչ Քեշիշյանի երրորդ համատեղ աշխատանքն է. 

«Ներկայացման գլխավոր դերակատարներից բացի, խաղում են նաև Երգի թատրոնի դերասանուհիները։ Նրանք մարմնավորում են կանանց, որոնք նախկինում վարձակալել են բնակարանը, ու անհետ կորել են։ Երգերը կլինեն կենդանի կատարմամբ, բեմադրվել են նաև պարեր։ 

Նրկայացումը կառուցված է այնպես, որ համապատասխանի թատրոնի երաժշտական ձևաչափին։ Շատ հետաքրքիր, սյուռ լուծումներով ներկայացում է լինելու։ Հագուստների հեղինակը դիզայներ Ֆաինա Հարությունյանն է»։

Շառլ Պերոյի հեքիաթի ժամանակակից վեպի հայկական պրեմիերան կլինի Երգի պետական թատրոնում մարտի 12-ին ու 13-ին՝ երեկոյան 19:00-ին։

Տարածել

Կապույտ մորուքը
Կապույտ մորուքը

Ամելի Նոտոմբ

5800 ֏

Նկարագրություն

Վարձով տուն փնտրող Սատուրնինեն փարիզյան շքեղ բնակարանում ստիպված է ապրել տանտիրոջ հետ ու ընդունել նրա պայմանները. երբեք չմտնել արգելված սենյակ, ընթրել նրա հետ եւ դառնալ նրա սրտակիցը՝ վտանգելով սեփական կյանքը։ Իսպանացի առեղծվածային այս ազնվականը հայտնի է նրանով, որ նրա նախկին ութ վարձակալուհիներն անհետացել են...


Իր ժամանակակից «Կապույտ մորուք» վեպում Ամելի Նոտոմբը վերաշարադրում է Շառլ Պերոյի հայտնի հեքիաթը՝ այն հարստացնելով սուր երկխոսություններով, որի իսկական վարպետն է: Ամելին ստեղծում է երկու վառ կերպար, որոնք ներքաշվում են մահացու մենամարտի մեջ՝ պաշտպանելով սեփական արժեքներն ու գոյության իրավունքը: Վեպը մարդկանց հարաբերությունների սահմանների տարբեր կոնցեպտների շուրջ մտորում է՝ մահվան, սպանության, սիրո, բազմակնության թեմաներով: