JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Միլիարդատիրոջ վերջին գայթակղությունը. թե ինչպես է

Միլիարդատիրոջ վերջին գայթակղությունը. թե ինչպես է Վրաստանի նախկին վարչապետը կառավարում բնությունը

Վրաստանի նախկին վարչապետ և ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլին Սև ծովի ափին իր կեցավայրում դենդրոպարկ է կառուցում: Դրա համար Արևմտյան Վրաստանի տարբեր հատվածներից հսկայական ծառեր են հանվում և ծովով ուղարկվում միլիարդատիրոջ տուն: Այս տեսարանն արդեն մեկ տարուց ավել է՝ վրացական լրատվամիջոցների գլխավոր թեմաներից մեկն է: Այդ գործընթացին ներգրավված են հարյուրավոր մարդիկ և մասնակցում է ողջ պետական մեքենան:

Այս ծառը ծովափ հասցնելու համար ստիպված են եղել հանել էլեկտրալարերը



Ռեզոն բանվորներից մեկն է, որը հսկայական ծառերը նախապատրաստում է տեղափոխության: Իրականում նրա անունն ուրիշ է, սակայն աշխատավայրում նրան խնդիրներ պետք չեն, այդ պատճառով էլ ստիպված էի նրան խոստանալ, որ հոդվածում անունը Ռեզո է լինելու:
Նրանից մենք իմացանք, թե ինչպես է այդ ամենն աշխատում. սկզբում ծառի շուրջ հողը կտրում են այնպես, որ չվնասեն արմատները: Այնուհետև ծառի տակ ռետինե անիվի պես բան են տեղադրում, որը փշում են հատուկ գործիքով, և ծառը վեր է բարձրանում: Այնուհետև այն պատում են տախտակներով և տեղափոխում են մետաղական խողովակներից պատրաստած կոստրուկցիայի վրա: Վերջում տեղադրում են անիվներով հսկայական կցասայլի վրա և տանում ափ: Այնտեղից ծառն արդեն բեռնանավով լողում է դեպի Իվանիշվիլիի կեցավայր:
Այդ տեխնոլոգիայի օգնությամբ Վրաստանի նախկին վարչապետն ու երկրի ամենահարուստ մարդն արդեն 20 ծառ է տեղափոխել Շեքվեթելիի իր տուն, որը Սև ծովի ափին է: Իվանիշվիլին ասում է, որ մեծ ծառերն իր հոբբին են, սիրած զվարճանքն ու պետք են իրեն բացառիկ դենդրոպարկ ստեղծելու համար:
Յուրաքանչյուր ծառի տեղափոխման համար մի քանի շաբաթ է պետք: Գործընթացին ներգրավված են հարյուրավոր մարդիկ՝ բուսաբաններ, երկրաբաններ, ինժեներներ, բանվորներ, ճանապարհային մասնագետներ, երկաթուղային աշխատակիցներ, էլեկտրիկներ և անվտանգության աշխատակիցներ, խոհարարներ ու վարորդներ:
Աշխատում է տեխնիկա և տրանսպորտ՝ տրակտորներ, վերամբարձ կռունկներ, բուլդոզերներ, բեռնատարներ, էլետկրաքարշներ, բեռնանավ և բուքսիր:
«Պարզվում է՝ աշխարհում նման բան միայն մեկ անգամ են արել՝ Չինաստանում: Իսկ այսօր անում ենք մենք՝ Աջարիայում», – ասում է Ռեզոն և ժպտում:
Ավելի ուշ, ճամփորդելով Աջարիայի և Գուրիայի գյուղերով, ես այդ զգույշ և երկիմաստ ժպիտը բազմաթիվ անգամ եմ տեսել, երբ մարդկանց հետ խոսել եմ միլիարդատիրոջ անսովոր հոբբիի մասին:

Շեքվեթելի՝ միլիարդատիրոջ կեցավայր


Բիձինա Իվանիշվիլիի կեցավայրը Շեքվեթելիում տեղակայված է 260 497 քառակուսի մետր տարածքում՝ ծովի ափի երկայքով, ցանկապատված է երկաթյա ճաղերով:
Ասում են, որ ինչ-որ ժամանակ անց այդ տարածքը բաց կլինի այցելուների համար, և դենդրոպարկը հանրային կդառնա: Սակայն այսօր այնտեղ մուկ էլ չի կարող մտնել:
Թվում է, թե Իվանիշվիլին այստեղ անցկացնում է ժամանակի մեծ մասը: Տեղացիները հաճախ են ուղղաթիռ տեսնում երկնքում:
Կեցավայրը պահպանում են բոլոր կողմերից, և այն հնարավոր է զննել միայն հեռվից, սակայն այնտեղից ոչ մի նորմալ բան չես տեսնի, այդ թվում՝ տները, որոնք օտար աչքերից ծածկված են բարձր սոճուտով:
Ցանկապատի կողքով քայլում եմ դեպի ծովափ: Լսվում է տրակտորների և բուլդոզերների աղմուկը: Բանվորնները զբաղված են ծովում լողացող փոքր «թերակղզիով»: Դա բեռնանավն է, որը ծառեր է տեղափոխում: Չափսերի մասին դժվար է դատել, սակայն եթե իմ 11-հարկանի շենքն այսպիսի կայանատեղի ունենար, բոլոր հարևանների համար տեղը կհերիքեր:
Հարևանությամբ ալիքների վրա տարուբերվում է ժանգոտ բուքսիրը՝ Վրաստանի հնգախաչ դրոշը նավախելին: Հենց այն է բեռնանավը քարշ տալիս, որի վրա լողում են ծառերը:

Այս բեռնանավով ծառեր են տեղափոխում



Նաթանեբիից,
-Սենակիից,
– Զուգդիդիից,
-Լիխաուրայից,
-Օզուրգեթիից (քաղաքներ և գյուղեր Արևմտյան Վրաստանում). այսպիսի պատասխաններ եմ ստանում բանվորներից ի պատասխան այն հարցին, թե որտեղից են դրանք բերվել: Նրանց մոտ ընդմիջում է և նրանք տաքանում են մայիսյան արևի տակ՝ տեղական ծովափի մոխրագույն ավազի վրա:
Նրանք բոլորը շնորհակալ են Իվանիշվիլիին աշխատանք տրամադրելու համար: Աշխատավարձից գոհ են: Նրանք փող չեն ծախսում սննդի և գիշերակացի վրա. այդ ամենը նրանց առանձին տրամադրվում է:
-Մարդը հնարավորություն ունի, այդ պատճառով էլ անում է, ինչ ուզում է, – ասում է մեգրելի առոգանությամբ մի երիտասարդ այն դեպքում, որ ես նրանից ոչինչ չէի էլ հարցրել:

Շեքվեթելի, տարածք, որը հարում է Իվանիշվիլիի կեցավայրին



Նա փոխում է լանդշաֆտը


Արդեն երրորդ տարին է, ինչ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի վարչապետ չէ: 2012թ-ին նա բոլորի համար անսպասելի կերպով հաղթանակ տարավ Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության հանդեպ ընտրությունների միջոցով: Սահակաշվիլիի «Ազգային շարժումը» երկիրը ղեկավարում էր 9 տարի, և թույլ ու պառակտված ընդդիմության ֆոնին անպարտելի էր թվում:
Իսկ այսօր Իվանիշվիլին ոչ մի տեղ չի երևում դենդրոպարկի շինարարության գործընթացից բացի: Կարծես թե այդ բոլոր քաղաքական առճակատումները նրան պետք էին միայն մեկ բանի համար, որ նա իրավունք ստանա ծառեր տեղափոխելու, և որ ոչ ոք նրան այդ գործում չխանգարի:
Նա բարձրագույն պաշտոնյա չէ և խորհրդավոր օլիգարխ, ինչպիսին էր քաղաքականություն մտնելուց առաջ: Ինքն իրեն նա շարքային քաղաքացի է անվանում, սակայն Իվանիշվիլին բոլորից լավ գիտի, որ դա այդպես չէ: Լրատվամիջոցներում հայտնվում է միայն ընտրությունների ժամանակ, որպեսզի մասնակցի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական արշավին: Դրանից հետո կրկին անհետանում է հանրային տարածքից: Սակայն նրա հետքերն ամենուր են, ինչպես այստեղ՝ Սև ծովի ափին, այնպես էլ Թբիլիսիում, կառավարական կաբինետներում, խորհրդարանի միջանցքներում:
2015թ-ի վերջին, երբ մի վարչապետը փոխարինեց մյուսին, այդ որոշումը կայացվել էր Իվանիշվիլիի կաբինետում: Նախագահ Մարգվելաշվիլիի հետ իշխող թիմի նվագախմբային պայքարը սկսվեց հենց այն օրվանից, երբ Իվանիշվիլին նախագահին անվանեց «իր ամենամեծ սխալ»:
Իվանիշվիլին այսօր  նոր դեր ունի. նա անսահմանափակ իշխանություն ունի, սակայն ոչ մի պատասխանատվություն չի կրում:
Վրաստանում ոչ ոք չի կասկածում, որ մարդն, ով արմատներով հանում է բազմատոննանոց ծառերն ու տանում դրանք տուն, Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավարն է: Մարդ, որը երկրի ճակատագիրն է կանխորոշում:
«Մենք այնպիսի մասշտաբների հետ գործ ունենք, որ փաստացի նա փոխում է տարածաշրջանի լանդշաֆտը»,  – ինձ ասաց բնապահպան Նաթա Փերաձեն:

Սեկվոյան և գինկգոն


Աջարիայի Ցիխիսձիրի գյուղում Վալենտինա Սլոբոդենյուկի տունը փոքր բրլի վրա է և թաղված է կանաչի մեջ: Տան ետնամասում ծովի գեղեցիկ տեսարան է բացվում: Իսկ ձախ կողմից, ընդամենը 50 մ հեռավորության վրա մեծ ձորակ է: Բլրի մոտ, որտեղ տեղակայված է տունը, կտրել են մի լանջը: Բոլորավին վերջերս այստեղ երկու հսկա ծառ էր աճում՝ սեկվոյա և գինկգո: Դրանք երկուսն էլ հանվել են այդտեղից Իվանիշվիլիի կեցավայր տեղափոխելու համար:

Հետքեր ամենուր


«Այստեղ հետքերն ամենուր են: Պարզապես հետևիր բետոնե սալիկներին, անպայման նպատակակետին կհասնես», – ինձ ուղղորդում էր ծանոթ լրագրողը ճամփորդությունից առաջ:
Բետոնե սալիկներն իրոք շատ էին կենտրոնական ճանապարհի երկայքով և գյուղերում՝ Նաթանեբիում, Բոբոքվաթիում, Չակվիում, Ցիխիսձիրիում, Բուկնարիում, Մծվանե Կոնցխիում և Մախինջաուրիում: Դրանք շարում են, որ տեխնիկան կարողանա հասնել հսկայական ծառերին և տանել դրանք:  Ճանապարհները կառուցված են խնամքով, ինչպես տանկերի համար: Մնացած ծառերը, որոնք խանգարել են այն կառուցել, արմատից կտրված են: Իսկ որոշները կանգնած են՝ բաց արմատներով, քանի որ շուրջբոլորը մեծ քանակությամբ հող է փորվել:
http://www.youtube.com/watch?v=uB8f5fBB5jI

Տեսարանն ավելի ազդեցիկ է, քան լուսանկարներում և տեսագրություններում: Կարծես, այստեղով հսկա է անցել՝ հետքեր թողնելով:
Հատվել են էկզոտիկ ծառերի ճյուղերը, որոնք աճում են մերձարևադարձային բացառիկ բուսականություն ունեցող Քոբուլեթի-Բաթում ճանապարհի երկայնքով և որոնք խանգարում էին հսկայական ծառերի տեղափոխությանը: Դրանք հենց այստեղ էլ թափված են: Նույն բանը Գուրիայում է՝ Նաթանեբի գյուղ տանող ճանապարհին:

Կոտրատված ճյուղերով ծառեր Ցիխիսձիրիում: Ասում են՝ ծառերի խնամք է: Սակայն եթե ուշադիր զննես, կտեսնես, որ կտրված են ճյուղերը միայն ճանապարհի կողմից



Չակվի ավանում ընդլայնել են փողոցն ու նեղացրել մայթը, որպեսզի հատուկ տեխնիկան կարողանա ավելի լավ տեղաշարժվել: Այստեղ գլխավոր նավամատույցն է կառուցած, որտեղից ծառերը տեղափոխում են բեռնանավ: Նավամատույցի կառուցման համար մոտակա տների բնակիչների համար փակել են ելքը դեպի ծովափ:
Երբ ծառերը տեղափոխում են ցամաքով, դրան մասնակցում են ոստիկանական մեքենաներ, ծառը դեպի վերջնակետ ուղեկցում է մի քանի պարեկային անձնակազմ: Մի քանի ամիս առաջ ծառը մի քանի ժամ տևած խցանման պատճառ էր դարձել Բաթում-Քոբուլեթի մայրուղում՝ երկրի գլխավոր տրանսպորտային զարկերակի վրա, որով տեղաշարժվում են Թուրքիայից ապրանքով բեռնված բեռնատարները: Ինչպես պատմում էին Նաթանեբի գյուղում, երբ ծառ են տանում, էլեկտրաէներգիան անջատվում է, քանի որ տեղափոխման ժամանակ էլեկտրալարերը կարող են վնասվել, և կարող է հրդեհ բռնկվել: Նույն գյուղում մի քանի ընտանիքներ զրկվել են ջրից, քանի որ, երբ հերթական ծառն էին հանում, վնասել են ջրատարը:
Բոբոքվաթի գյուղում՝ Քոբուլեթիից ոչ հեռու, համազգեստով մոտ 50 մարդ եմ տեսնում: Էլեկտրահաղորդակցման լարերի մոտ ջերմաքարշ էին բերել: Նրանք հանում են երկաթգծի կոնտակտային լարերը: Հսկայական փշատերև ծառը պետք էր անցկացնել երկաթուղու վրայով, այդ պատճառով էլ լարերը պետք էր հանել:
– Իսկ այստեղով գնացք չի՞ անցնելու, – հարցնում եմ:
– Կվերականգնենք կես ժամից: Դա ոչ ոքի չի խանգարի: Այդ ընթացքում, գրաֆիկի համաձայն, գնացք չի անցնելու, – պատասխանում է մեկը:
– Իսկ եթե ուզեք, ձեզ իրավունք կտա՞ն հանելու լարերը:
– Սկզբում մի քիչ փող կաշխատեմ, հետո ամեն ինչի իրավունք կտան:

Երկաթուղու աշխատակիցները հանում են կոնտակտային լարերը ուղիներով հսկայական ծառն անցկացնելու համար



Բանվորները պատմում են, որ երբեմն անհրաժեշտ է լինում անգամ ռելսերը քանդել: Նրանք Սամտրեդիայից են (քաղաք Քութայիսիի մոտ՝ Արևելյան Վրաստանում) և նրանց հրավիրել են հենց դրա համար:
Սակայն բնապահպաններն ասում են, որ այն, ինչ մենք տեսնում ենք անզեն աչքով, կաթիլ է ծովում: Գլխավոր վնասը, նրանց խոսքով, հասցվում է հողին և լանդշաֆտին: Բաթումում և Քոբուլեթիում հողը հիմնականում կավոտ է, սողանքների վտանգ կա, և դրսից ցանկացած միջամտություն վտանգավոր է: Հսկայական ծառերը հողից հանելու ընթացքում հողը զրկվում է պտղաբեր շերտից, ինչը կարող է էրոզիաներ առաջացնել:
«Բնական միջավայրն այստեղ այլևս երբեք չի վերականգնվի, ինչ էլ անեն», – ասում է բնապահպան Իրակլի Մաչարաշվիլին:
Երկրաբանների և բուսաբանների մի մասն ընդհանրապես խուսափում է լրագրողների հետ այս թեմայի շուրջ խոսել: Նրանցից շատերն աշխատում են Իվանիշվիլիի նախագծերում, և, ինչպես իրենք են բացատրում, նրանք «շահերի բախում» ունեն:

Այս էվկալիպտն Ուռեկիից են տանում



Իվանիշվիլիի ծառերի տեղափոխման գործում ներգրավված է 4 մասնավոր ընկերություն: Միլիարդատերը մի անգամ հանրային կերպով պահանջել է պահպանել օրենքը և ձեռք բերել բոլոր թույլտվությունները նախքան աշխատանքները պլանավորելը: Դա տեղի է ունեցել Քոբուլեթիում, երբ պարզվել է, որ ծառերից մեկը հողից հանելու ժամանակ չեն պահպանվել բոլոր ֆորմալ հատվածները: Այդ ժամանակ նա ընդդիմության և բնապահպան ակտիվիստների ներկայացուցիչների ներկայությամբ հրահանգել է ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները:
Աշխատանքները շուտով վերսկսվել են: Պարզվել է, որ տեղական իշխանություններից թույլտվություն ձեռք բերելը դժվար չէ, սակայն երկրի ոչ ֆորմալ ղեկավարի ծառերի տեղափոխմամբ զբաղվող ընկերությունը հարկ չի համարել հոգ տանել ֆորմալ կարգուկանոնի մասին:
http://www.youtube.com/watch?v=lX8zGZC7UoY

Իվանիշվիլին դարավոր ծառերը վերցնում է ինչպես մասնավոր անձանցից, այնպես էլ պետությունից: Հայտնի չէ, թե դրանից ընդհանուր առմամբ ինչ է ստացել բյուջեն: Սակայն հայտնի է որոշ ծառերի համար վճարված գինը:  «Բաթումելեբի» ամսագիրը ծառերի տեղափոխման գործընթացին մանրամասն հետազոտություն է նվիրել: Պարզվել է, որ Ցիխիսձիրիում աճուրդի հանված երեք ծառերը վաճառվել են 13 հազար 500 լարիով (5,5 հազար դոլար) աճուրդին մասնակցած միակ ընկերությանը, որը պատկանում է Իվանիշվիլիին: Առաջին տեղափոխված ծառը՝ հսկայական լիրիոդենդրոնը, միլիարդատերը ձեռք է բերել մնացած երկու ծառերի հետ միասին 6200 լարիով (մոտ 2500 դոլարով):
«Ողջ այդ գործընթացն այն բանի նշան է, որ այն, ինչ Վրաստանում հանրության սեփականություն է, շատ հեշտությամբ կարող է հանկարծ դառնալ Իվանիշվիլիի մասնավոր սեփականությունը պաշտոնապես, թե ոչ պաշտոնապես», – ասում է հրապարակախոս Զաալ Անդրոնիկաշվիլին, որի հետ ես կիսվեցի Աջարիա իմ այցելության տպավորություններով:

Հասարակ մարդ


«Նա եկավ 8 անգամ, մի անգամ ցատկեց ցանկապատի վրայով: Շատ երկար ուշադիր զննում էր ծառը: Նա շատ հասարակ մարդ է», – ասում է Լադո Սուրմավան Նաթանեբի գյուղից, որն օլիգարխին վաճառել է իր բակի հաճարենին 5 հազար դոլարով: Այդ փողով նա վճարել է բանկի վարկը: Բոլոր նրանք, ումից Իվանիշվիլին ծառ է գնել, նույն բանն են ասում՝ օլիգարխն անձամբ մի քանի անգամ եկել է ծառերը զննելու: Նա ոչ ոքի չի ստիպում, բայց մերժում էլ գրեթե երբեք չի ստանում:

Այս վայրում Սուրմավա ընտանիքի հաճարենին էր, որը կիսվել է տեղափոխխման ժամանակ



Հարևան գյուղում մի ընտանիք Իվանիշվիլիին է տվել ծառը երեխայի համար մեկ համակարգչի դիմաց: Նրանք բոլորն ասում են, որ չեն էլ փորձել սակարկել և ընդունել են առաջարկը:
Սուրմավա ընտանիքի հաճարենին ամենատխուր պատմությունն ունի: Ծառը չի դիմացել տեղահանմանն ու կիսվել է: Ասում են՝ այդ օրը բոլորն ընտանիքում լալիս էին՝ և երեխաները, և մեծերը:
Այն վայրում, որտեղ հաճարենին էր, հիմա կարմիր կավի գույնի հսկայական փոս է՝ մեկ հարկանի տան հիմքի չափ: Փոսում հսկայական ծառի մեծ և ճյուղազուրկ մարմինն է: Կացիններով երկու հոգի կտրում են նրա մնացորդները: Սուրմավա ընտանիքի հաճարենին գյուղի համար վառելափայտ կդառնա:
Այդ հաճարենին շատերի համար անհնազանդության խորհրդանիշ է դարձել. նա միակ կենդանի էակն էր, որն անսպասելի ուղղումներ է մտցրել օլիգարխի պլանների մեջ:
http://www.youtube.com/watch?v=AIqXIS_2taU

Գուրիա շրջանի Նաթանեբի և Ուռեկի գյուղերում մարդիկ առանձնահատուկ շնորհակալ են Իվանիշվիլիին: Ինչպես ինձ այստեղ պատմեցին, յուրաքանչյուր ընտանիքից նվազագույնը մեկ մարդ աշխատում է կամ Իվանիշվիլիի կեցավայրի բարեկարգման աշխատանքներում կամ ծառերի տեղափոխման գործընթացում, կամ նրա այլ նախագծերում:

Երեխաներ Նաթանեբիից: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության կուսակցական խորհրդանիշները



«Այդ մարդն ամեն ինչ կարող է, դրա հետ ի՞նչ կարող ես անել: Մի քիչ փող է տալիս կարիքավորներին, ո՞վ դրանից կհրաժարվի: Մարդն Աջարիան ու Գուրիան տեղերով փոխել է, իսկ Նաթանեբին՝ տեղափոխել Շեքվեթելի», – ինձ ասաց միջին տարիքի տեղացի, որին ես տարա մինչև կենտրոնական մայրուղի:

Տարօրինակ հոբբի


Վրաստանի ամենահարուստ մարդն ասում է, որ բազմամյա ծառերը նրա հոբբին են և գլխավոր հետաքրքրությունը և դրանով նա ոչ ոքի չի խանգարում:
«Ես ճոխության մեջ չեմ ապրում: Թանկարժեք իրեր, հագուստ կամ այլ հարմարություններ չունեմ, որի պատճառով ինձ անհարմար կարող եմ զգալ: Ես այդ հետաքրքրությունն ունեմ… Սակայն ես համաձայն եմ այն հարցի հետ, որ դա երևի թե չափազանց է այդքան գումար ծախսել ծառերի տեղափոխման վրա», – «Լիրիոդենդրոն» ֆիլմում ասում է Իվանիշվիլին, որը նկարահանել է նրան պատկանող GDS հեռուստաընկերությունը, և որն ամբողջությամբ նվիրված էր օլիգարխի անսովոր հոբբիին:
Որքան արժե մեկ ծառի տեղափոխումը՝ կարելի է պատկերացնել՝ ողջ գործընթացի մասշտաբայնությունից դատելով:
«Ֆորբս» ամսագրի այս տարվա վարկանիշի համաձայն՝ Իվանիշվիլին միլիարդատերների ցուցակում 367-րդ տեղն է զբաղեցնում: Նրա կարողությունը ենթադրաբար 4,5մլրդ դոլար է գնահատվում: Կարողության մի մասը նա ծախսում է արվեստի գործերի վրա: Նրա հավաքածուում է Պիկասոի վրձնին պատկանող «Դորա Մաարը կատվի հետ» կտավը կա, որի համար 95մլն դոլար է վճարել, ինչպես նաև Ֆրիդա Կալոյի նկարները: Նրա տանն ապրում են էկզոտիկ կենդանիներ՝ վագրաձի, պինգվիններ և անգամ շնաձուկ:
Իվանիշվիլին քնում է վրացիների համար անսովոր ժամի՝ 10-ին, իսկ հեռուստահաղորդումներում սիրում է խոսել հագեվերլուծության, Նիցշեի և Ֆրեյդի մասին: Ասում է, որ ինքն էլ է աշխատում մարդու էության մասին գրքի վրա: 2011թ-ին նախքան Իվանիշվիլիի իշխանության գալը Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալեցին նրա ընկերոջը, որը օլիգարխի համար Մոսկվայից օկուլտային հանքանյութեր և գրականություն էր բերում:
Իվանիշվիլիի ինչի՞ն են պետք հսկայական ծառերը: Այդ մասին ես շատերին հարցրի ծովափին:
«Նա փող ունի, այդ պատճառով էլ անում է այն ամենն, ինչ ուզում է». այսպիսին էր ամենատարածված պատասխանը: Այդպես է կարծում նաև Քեմալ Սարուխանիշվիլին՝ Մախինջաուրիի բնակիչը, որն ամեն օր ծովափով զբոսնում է թոռների հետ, որպեսզի նայի կոնտեյների վրա բեռնված ծառին:
http://www.youtube.com/watch?v=JAHhHr-tIAo

Ավելի օրիգինալ վարկածներ էլ կային: Օրինակ, ոմանք վստահ են, որ Իվանիշվիլին անտեղի չէր ծախսի այդպիսի փողեր, և իրականում հսկայական ծառերի տակ այլ ինչ-որ կարևոր գաղտնիք կա. «Ասում են, նա գրկում է այդ ծառերն ու էներգիա ստանում դրանցից»: Իսկ ոմանք կարծում են, որ նա ուզում է պատմության մեջ մտնել՝ բացառիկ դենդրոպարկ ստեղծելով:
Լսել եմ նաև այսպիսի վարկած. «Գուրիայում, որտեղ նրա կեցավայրն է, թթվածինը չի հերիքում: Այդ պատճառով էլ նա Աջարիայից ծառերը տանում է, որ լավ օդ շնչի»:
«Ինչի՞ համար է հավաքում բացառիկ ծառերը: Դենդրոպարկ ստեղծելու համար, որը հանրության համար բաց կլինի», – սա արդեն Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամի ներկայացուցիչ Գոերգի Ուձիլաուրին է ասում:
Սակայն միաժամանակ նա ասում է, որ Իվանիշվիլին պարտավոր չէ դենրոպարկը պետությանը փոխանցել, և դա կախված է նրա բարի կամքից:
«Եթե ես ինձ մոտ կարող եմ դենդրոպարկ ստեղծել, եթե ես ֆինանսական հնարավորություններ ունեմ, ես դա կանեմ: Եթե հարկ համարեմ, որ դենդրոպարկ այցելելու համար գին է պետք սահմանել, կսահմանեմ: Եթե ոչ, կբացեմ, քանի որ դա իմ մասնավոր սեփականությունն է»,  – բացատրում է Ուձիլաուրին:

Այս աղջիկն աշխատում է անվտանգության ծառայությունում: Նա պահպանում է Մախինջաուրիում լիրիոդենդրոնի շուրջ տարածքը



Մայիսի վերջին բոլոր «պահեստավորված» ծառերը, որոնք ես տեսել եմ ծովափին, պետք է տեղափոխվեն նրա տուն: Ինչպես ասում են, ծառերի տեղափոխման գործընթացը կդադարեցվի մինչև սեպտեմբեր, քանի որ ամռանը ծառերը խորհուրդ չի տրվում տեղափոխել: Բացի այդ, Աջարիայում մեկ ամիս անց հանգստյան սեզոն կսկսվի:
«Սեպտեմբերից կրկին կվերականգնենք աշխատանքը», – ասում է Ռեզոն: Նրա համար այդ աշխատանքը կարևոր է. նա երեք փոքր երեխա ունի:

Ես կանգնած եմ Շեքվեթելիում՝ ցանկապատի մոտ, որն առանձնացնում է միլիարդատիրոջ առանանձատունը, և փորձում եմ տեսնել, թե ինչ է տեղի ունենում ներսում: Խճաքարով պատված ճանապարհով անվերջ շարժվում են հսկայական բեռնատար մեքենաներ՝ փոշու ամպեր ստեղծելով: Կարծես դիտմամբ, որ ոչինչ չերևա:
Սակայն երբեմն, երբ դադարը ձգվում է, և փոշին՝ հասցնում նստել, սոճիների արանքից շատ բարձր, կմախքի նման ծառի ուրվագիծ է երևում՝ գրեթե առանց տերևների: Դա դարավոր կակաչենին է, Վրաստանում լեգենդ դարձած լիրիոդենդրոնը՝ առաջին ծառը, որն այստեղ է տեղափոխվել նախորդ տարվա գարնանը: Եվ այստեղ ես կրկին հիշում եմ Սուրմավա ընտանիքի հաճարենին՝ միակ անհնազանդ ծառը, որը խաթարել է Իվանիշվիլիի պլանները:

Այս ճաղերից այնկողմ սկսվում է Իվանիշվիլիի կեցավայրը: Այս ծառը՝ առաջին լիրիոդենդրոնն է, որն այստեղ է բերվել նախորդ տարվա ապրիլին



Աջարիայից վերադառնալիս Ուռեկի գյուղի մոտ ես մանրաքարով մեծ բեռնատար տեսա:
– Ծա՞ռ եք տեղափոխում, – հարցնում եմ՝ ավտոմատ կերպով պատրաստելով ֆոտոխցիկը:
– Ի՞նչ ծառ, գենացվալե՛: Հյուրանոց ենք կառուցում, – պատասխանում է վարորդն ինձ արդեն հայտնի երկակի ժպիտով, որը ես բազմաթիվ անգամ հանդիպել եմ այս տեղանքում միլիարդատիրոջ տարօրինակ հոբբի մասին զրուցելիս:

* Հոդվածի հեղինակ՝ Սոֆո Բուկիա, JAMnews-ի թբիլիսյան խմբագիր

Տարածել