[Արդեն դիտել ենք] «Մեծ, փոքր ստեր» նյարդային տնային տնտեսուհիների զսպված զգացմունքների մասին
Մոնտերեյ, Կալիֆոռնիա։ Մի խումբ հարուստ, շքեղ և սպիտակամորթ կանայք իրենց թանկարժեք ավտոմեքենաներով շտապում են դպրոց՝ առաջին ուսումնական օրվա առթիվ։ Անդադար խոսացող էներջայզեր Մադլենը (Ռիզ Ուիզերսփուն) ճանապարհին ծանոթանում է նոր մայրիկի հետ՝ քաղաք ժամանած Ջեյնի (Շեյլին Վուդլի) և նրա որդի Զիգգիի հետ։ Դպրոցում ամեն ինչ հասցնող և միաժամանակ տասը հոգու հետ խոսացող Մադլենը ծանոթացնում է Ջեյնին մտերիմ ընկերուհի և քաղաքի օրինակելի ընտանիքներից մեկի ներկայացուցիչ Սելեստայի (Նիկոլ Քիդման) հետ։
Այս սյուժեն, ծնողների և երեխաների դրամատիկ զարգացումներն ու կենցաղա-հոգեբանական խնդիրները ցուցադրվում են միայն պատմության կարևորագույն լուր-մեխից հետո. սպանվել է գլխավոր հերոսներից մեկը, սակայն հանդիսատեսին չեն հայտնում, թե ով։ Փոխարենը՝ սկսում են մոտիկից ծանոթացնել գլխավոր ընտանիքների «պահարանների կմախքների» և «կեղտոտ ներքնազգեստի» հետ։
Օսկարանոմ ռեժիսոր Ժան-Մարկ Վալեն (Café de Flore, Dallas Buyers Club, Wild, Demolition) ներկայացնում է բոլոր ընտանիքներին անկեղծ, ոչ շահեկան լույսով, ճիշտ այնպես, որ դիտողի մոտ ստեղծվի տպավորություն՝ շատերն ունեն իրար սպանելու հիմնապատճառներ։ Այստեղ կանայք ոչ միայն նյարդային պոռթկման եզրին են, այլ նաև ստիպված են տոլերանտություն և զսպվածություն խաղալ, ինչն ավելի շատ է լարում իրավիճակը։
http://www.youtube.com/watch?v=YFZcNKzDhYI
Հավերժ արժեքներ «ընտանիք» և «կարիերա»-ների կողքին դրված է ինքնասիրության, ինդիվիդուալության, սոցիալակսն ամբիցիաների և կանացի իդեալների կարծրատիպերն ու իրարից ավելի վեր թռնելու փորձերը։ Այստեղ երեխաներն ու ամուսինները խաղում են պատվարների դերեր, սակայն անկայուն հիմք ունենալու արդյունքում, իդեալական թվացող խաղաքարտե տնակները ճոճվում են հնարավոր ողբերգության գալուստից։
Մանրակրկիտ ընտրված զգացմունքային սաունդրեք-ցանկը, բնակիչների առօրյայում անդադար հայտնվող օվկիանոսի ալեկոծ ալիքները և աղոտ սյուժետային զարգացումները դարձնում են «Փոքր մեծ ստերը» տնային տնտեսուհիների ննջարանա-խոհանոցային խառնակչությունների և հոգեբանական թրիլլերի միքս, որի մեջտեղում առանձնացված է նաև մանկական «песочница»-ն։ Իհարկե, որոշակի ոսկե միջին պահելու համար մինի-սերիալի ստեղծողները լցոնում են այն հազվադեպ հանդիպող կատակերգական երանգներով, կրքոտ սեքսի դրվագներով և բոլոր ծնողների համար ունիվերսալ դաստիարակչական կարգուկանոնով, սակայն երբեմն «... ստերը» թողնում են ուռճացված տպավորություն, մեգահայտնի դերասաններից բաղկացած շքեղ առանձնատուն, որի ներսում ոչինչ չկա։