Book donation. 500 գիրք՝ Ալավերդիի Հովհաննես Թումանյանի անվան քաղաքային գրադարանին (լուսանկարներ)
07/15/2024
newmag-ն ու Freedom Broker Armenia-ն համատեղ սկսել են գրական աննախադեպ ծրագիր։ Ալավերդիի ու Վանաձորի գրադարաններին նվիրաբերում են 1000 նոր գիրք։ Առաջին կանգառն Ալավերդին էր։
Այս weekend-ին 500 գրքով հրատարակչության ու Freedom Broker Armenia-ի թիմերը ճանապարհ ընկան Ալավերդի համայնք՝ ուղիղ Թումանյանի գրադարան։ Արդեն 94 տարի գործող քաղաքային գրադարանում կա 42.000 անուն գիրք։ Շենքային պայմանները վթարային են, գրքերը հնամաշ, բայց ընթեցողները երբեք չեն պակասում։
Ալավերդիի մշակույթի տան միակ փոքր սենյակում է տեղակայված քաղաքի գրքերի տունը, ընթերցողներին բարեհամբույր դիմավորող գրադարանավարները կարող են առաջարկում են միայն երեք աթոռ, որոնք հիմնականում դատարկ չեն մնում։
newmag հրատարակչությունն իր հիմնադրման իսկ օրվանից առաջնային ծրագրերից մեկը համարել է մարզային գրադարաններին ապահովել նոր, ժամանակակից ու որակյալ գրքերով։ Սակայն նախաձեռնությունը տարիներ շարունակ չի իրագործվել, քանի որ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ դադարեցվել է գրադարաններին պետբյուջեից գիրք հատկացնելու ծրագիրը։ Ըստ հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանի, քանի որ կար մեծ ցանկություն, այն պետք էր իրագործել.
«Մենք հասկացանք, որ պետք է գրադարանները պարտադիր թարմացնեն իրենց գրաֆոնդերը, բայց նաև հասկանում ենք, որ Հայաստանը զարգացող երկիր է, ու գուցե այդ գումարը չկա պետբյուջեում, դրա համար էլ մենք գաղափարը վերցինք, բայց փոխեցինք դոնորին։ Դիմեցինք մասնավոր ընկերությանը ու շնորհակալ ենք Freedom Broker Armenia-ին, որ միանգամից արձագանքեցին ու միացան մեր նախաձեռնությանը։
Մենք շատ մեծ էներգիա, ժամանակ, սեր ու նվիրում ենք ներդնում, որ ստեղծենք այս գրքերը։ Սիրով ու պատասխանատվությամբ ենք հրատարակել, խստապահանջ ենք եղել հայերենի նկատմամբ, որ առաջին անգամ գիրք բացող երեխան համոզվի՝ հայերենն աշխարհի ամենագեղեցիկ ու հյութեղ լեզուն է, որ գիրքը կարող է դառնալ նոր սխրանքի, նոր կենսագրության սկիզբ»։
Freedom Broker Armenia-ն համոզված է՝ այս միջոցառումը կարևոր քայլ կլինի Հայաստանում կրթական նախաձեռնություններին աջակցելու և ընթերցանության մշակույթի զարգացման համար։ Ալավերդիի մշակույթի տանը կազմակերպված միջոցառման ընթացքում PR & GR Freedom Holding ընկերության Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի ղեկավարի տեղակալ Լիլիթ Հակոբյանն ընդգծեց այս ծրագրի կարևորությունը.
«Այս նշանավոր իրադարձությունը մեր ընկերության համար չափազանց կարևոր է։ Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել մեր երկրի և մեր մարզերի համար, ես կարծում եմ, որ այս նախաձեռնությունը շարունակական կլինի, քանի որ կարծում եմ, որ գիրքը հույսի աղբյուր է»։
Մարզային գրադարաններին ժամանակակից ու թարմ գրքերով ապահովելու ծրագրի նպատակն է աջակցել տեղական համայնքներին և վերականգնել գրադարանի ֆոնդային հավաքածուն: Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը նկատում է՝ սա լավ նախադեպ է, որ գրադարաններում մի քանի տասնամյակը մեկը թարմացվի գրականությունը, որպեսզի տեխնիկապես մաշված գրքերը դուրս գան շրջանառությունից։ Նալբանդյանը newmag-ի գրքերից մեկի օրինակով դիմում է ներկաներին.
«Խորհուրդ եմ տալիս կարդալ մեր գրքերից «Տուն տանող ճանապարհը» ու տեսնել, թե ինչպես մեր հայրենակիցը Նյուրորքյան գրադարանի համար ֆոնդեր հայթայթեց։ Սա բոլորիս պարտականությունն է, մեր բոլորի պատասխանատվությունն է։ newmag-ի ու Freedom Broker Armenia-ի համատեղ նախաձեռնության նպատակն է այս ծանր ժամանակներում աջակցել գրադրաններին։ Եվ՛ Լոռիի, և՛ հայաստանյան մյուս մարզերի գրադարանները լավ վիճակում չեն։
Այդ գրադարաններն ունեն շենքային խնդիրներ,, աշխատակիցներն աշխատում են չնչին աշխատավարձով, ինչը հերոսական աշխատանք է։ եվ գրքերն էլ թարմ ու լավ վիճակում չեն, բնականաբար։ Այդ իսկ պատճառով էլ սկսվեց այս նախաձեռնությունը։ Մեքն բերում ենք որակյալ, լավ տպագրված գրականություն, մենք բերել ենք գրքեր, որոնք ունեն թղթի հրաշալի որակ, լավ տառատեսակով են ու բովանադակությամբ»։
Ալավերդիի մշակույթի տան ղեկավար Կարինե Աղաբեկյանը համոզված է՝ երբ ընթերցողները տեղեկանան, որ նոր գրքեր են ստացել, գրադարան են շտապելու. «Չեք պատկերացնի, թե որքան ուրախացանք հեռախոսազանգից, որ նախ հրատարակչության փառատոնին հրավիրեցին ու նվիրեցին այդքան գիրք, իսկ հետո էլ տեղեկացանք, որ 500 գիրք ենք նվեր ստանալու»։
Ալավերդիի բնակիչ, գրող, լրագրող Հրաչյա Պապինյանն իր ելույթում ընդգծեց, որ նման քանակությամբ գիրք գրադարանը երբեք նվեր չի ստացել. «Մարզային ընթերցողը հեռու է մայրաքաղաքի շքեղ գրախանութներում առաջարկվող լայն ընտրությունից։ Սա առաջին դեպքն է, երբ նման որակի, քանակի գիրք է մտնում գրադարան։ Չնչին գումար է կազմում բյուջեով տարեկան նոր գիրք ձեռք բերելու համար։ Ուրախ եմ իմ թոռնիկի ու այն պատանիների համար, ովքեր պետք է կարդան այս գրքրեը»։
Միջոցառուման շրջանակում Freedom Broker Armenia-ի կրթական ծրագրերի ղեկավար Գեորգի Մելքոնյանը հանդես եկավ ֆինանսական գրագիտության վերաբերյալ դասախոսությամբ, թեման՝ «Ինչից է սկսվում ֆինանսական գրագիտությունը»։ Այս քայլն ընդգծում է ֆինանսական գրագիտության բարձրացման կարևորությունը ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի մարզերում։
Ալավերդիի համայնքի ղեկավարութունը newmag հրատարակչությանն ու Freedom Broker Armenia-ին հանձնեցին շնորհակալագրեր։ Մի քանի օրից էլ երկու ընկերությունների թիմերն անձամբ 500 գիրք կնվիրեն Վանաձորի քաղաքային գրադարանին։
Կարդացեք նաև
Գրական մեծ անակնկալ. Freedom Broker Armenia-ն 1000 գիրք կնվիրի Լոռիի գրադարաններին