FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Շարունակությունը` գրքում] Ռեյ Բրեդբըրի. Ֆարենհայ

[Շարունակությունը` գրքում] Ռեյ Բրեդբըրի. Ֆարենհայթ 451

Եթե քեզ տողանի թուղթ տան, գրի՛ր վրան հակառակ ուղղությամբ:


Խոան Ռամոն Խիմենես


ՄԵԿ


Սալամանդր ∗


Այրելը հաճույք էր պատճառում:
Յուրահատուկ հաճույք էր տեսնել` ինչպես է կրակը լափում իրերը, սևացնում, այլակերպում դրանք: Բռունցքների մեջ սեղմած փողրակի արույրե ծայրը հսկա պիթոն էր, որի երախից թունավոր նավթ էր ժայթքում աշխարհի վրա. արյունը խփում էր գլխին, ձեռքերն ինչ–որ հրաշքով վերածվել էին խմբավարի ձեռքերի, որոնք կյանքի էին կոչում բոցավառման ու հրկիզման բոլոր սիմֆոնիաները, ոչնչացնում պատմության հնոտիքն ու փոշիացնում ածխացած ավերակները: Աչքերին իջած 451 խորհրդանշական թիվը կրող սաղավարտը յուրատեսակ հանդարտություն էր հաղորդում հայացքին, թեև աչքերն անթաքույց փայլում էին այն մտքից, թե ինչ էր հետևելու: Մի մատնազարկով շրխկացրեց բռնկիչը. տունը ցնցվեց կրակի ամենակուլ բոցերի մեջ, որոնցից շառագունեց իրիկնային երկինքը: Մեծ քայլերով մտավ թվա¬ցյալ լուսատտիկների պարսի մեջ: Հին օրերի զվարճանքը վե¬րապրելու մեծ ցանկություն արթնացավ մեջը. կպչուն քաղց¬րավենիքը խրել փայտիկի վրա ու մտցնել հնոցը, հիմա, երբ աղավնաթև գրքերի վերջին թևաբախությունները մեռնում էին նախագավթում և տան առջև փռված մարգագետնում, երբ բո-ցեղեն մրրիկի մեջ մոխրանում էին նրանց դողդոջուն թերթերը, տրվում ծխախառն քամու հոսանքին, փոշիանում հեռվում:
Մոնթագի դեմքին դաժան հեգնական ժպիտ հայտնվեց. այդպես ժպտում են բոցերից խուսափող խանձված դեմքերով մարդիկ:
Գիտեր` երբ վերադառնար հրկիզողների կայան, ինքը` խանձված, մրաթաթախ դեմքով կրակապաշտ մոգը, գուցե աչքով աներ հայելուց իրեն նայող սեփական կերպարանքին: Ավելի ուշ՝ անկողին մտնելիս, մթության մեջ կզգար դեմքի մկանների մեջ դեռևս սեղմված ջղաձիգ ժպիտը: Այն երբեք չէր հեռանում դեմքից… այդ ժպիտը… չէր հիշում, թե այն երբևէ անհետացած լիներ իր դեմքից:
Սև բզեզի գույն ունեցող սաղավարտը փայլեցրեց և կախեց հանդերձասրահում, կողքին խնամքով կախեց հրակայուն բաճկոնը: Հաճույքով ցնցուղ ընդունեց, հետո սուլելով, ձեռքերը գրպանները դրած, անցավ կայանի վերնահարկով և հարթակի բաց անցքին հասնելուն պես կտրուկ վար սահեց: Վերջին պահին, երբ զգաց, որ վտանգն անխուսափելի էր, ձեռքերը հանեց գրպաններից և բրոնզագույն ձողից բռնվելով` ներքնահարկի բետոնածածկ հատակին կրունկներով դիպչելուց մի վայրկյան առաջ ճռինչով կասեցրեց իր անկումը:
Դուրս եկավ կայանից. կեսգիշեր էր: Փողոցով քայլեց դեպի մետրոյի ստորգետնյա կայարանը: Օդի մղումով ընթացող գնացքն անաղմուկ սահեց–անցավ գետնուղու` ամբողջովին յուղած փողրակով և տաք օդի ուժեղ հոսանք արձակելով` նրան դուրս բերեց դեպի քաղաքի արվարձաններից մեկը տանող բաց դեղնավուն, սալիկապատ շարժասանդուղքի մոտ:
Մինչ վերընթաց շարժասանդուղքին կանգնած` սուլում էր, ինքն էլ չզգաց, թե ինչպես հայտնվեց գիշերային քաղաքի լռության մեջ: Առանձնապես չմտորելով էական որևէ բանի մասին` քայլեց դեպի փողոցի անկյունը: Նախքան կհասներ շրջադարձին, այնուամենայնիվ, դանդաղեցրեց քայլերը. ասես անհայտից եկած ինչ–որ քամի խաղաց դեմքին, ասես ինչ–որ մեկն իր անունը տվեց:
Արդեն մի քանի օր էր, որ աստղակաթ գիշերով դեպի տուն քայլելիս այս շրջադարձին նույն անորոշ զգացողությունն էր ունենում: Նրան թվում էր, թե իր թեքվելուց մի վայրկյան առաջ արդեն ինչ–որ մեկը եղել էր անկյունում: Օդն այնպիսի յուրօրինակ խաղաղությամբ էր լիցքավորված լինում, ասես ինչ–որ մեկը անվրդով սպասել էր այնտեղ և իր գալուց մի վայրկյան առաջ ստվեր էր դարձել` իրեն իր անմարմին տիրույթ թողնելու համար: Գուցե ռունգերը որսացին օծանելիքի թույլ բույրը, գուցե ձեռքի ափերի ու դեմքի մաշկը զգաց, թե ինչպես ջերմաստիճանը մի քանի վայրկյանում տասն աստիճանով բարձրացավ մթնոլորտի այն հատվածում, որտեղ քիչ առաջ ինչ–որ մեկը կանգնած էր եղել: Անկարելի էր հասկանալ: Ամեն անգամ, երբ շրջադարձի մոտ պետք է թեքվեր, ճերմակ, ոլորուն մայթին ոչ ոք չէր լինում: Միայն մի անգամ` գիշերը, ինչ–որ ստվեր անէացավ մարգագետնում, նախքան կհասցներ տարորոշել` ինչ էր տեսածը:
Բայց այժմ՝ այս երեկո, նա քայլերը դանդաղեցրեց այնքան, որ գրեթե կանգ առավ շրջադարձին, թեև վեցերորդ զգայարանով արդեն շրջանցել էր այն. ինչ–որ թույլ շշնջյուն էր լսել: Գուցե ինչ–որ մեկի շնչառությո՞ւնն էր, կամ ինչ–որ մեկի զուսպ ներկայությամբ լիցքավորված օ՞դը տատանվեց:
Շրջադարձի մոտ թեքվեց:
Լուսնի լույսով ողողված մայթից քամին տերևները քշում էր այնպես, որ թեթև քայլվածքով աղջիկն անշարժության պատրանք էր թվում: Տպավորություն էր ստեղծվում, թե քամու տերևախառն հոսանքն էր նրան առաջ մղում, մինչ նա գլխահակ հետևում էր, թե ինչպես էին կոշիկների քթերը ցաքուցրիվ անում քամու բերանն ընկած տերևները: Կաթնագույն ու նուրբ դեմքին մեղմ քաղց կար, հայացքն անխոնջ հետաքրքրասիրությամբ շոյում էր իրեն շրջապատող ամեն բան: Թեթև զարմանքը չէր լքում դեմքը. սև աչքերն այնպես էր սևեռում աշխարհին, որ որևէ շարժում չէր վրիպում նրանցից: Ճերմակ զգեստը շրշյուն էր արձակում: Երբ քայլում էր, Մոնթագին թվում էր, թե լսում է նրա ձեռքերի շարժումը, ահա որսաց նաև անսահման փոքր հնչյունը` նրա դեմքի ճերմակ դողը, երբ զգաց, որ ընդամենը մի քայլ է հեռու մայթին կանգ¬նած տղամարդուց:

Մեղմ շրշյունով նրանց վրա չոր տերևների անձրև տեղաց: Աղջիկը կանգ առավ` անակնկալի եկած, և թվում էր` ընկրկելու փորձ կանի, սակայն նա կանգնել, զննում էր Մոնթագին իր սև, կայծկլտուն և այնքան կենդանի աչքերով, որ նրան թվաց, թե ինքն ինչ–որ զարմանահրաշ բան էր ասել: Սակայն նա ընդամենը հասցրել էր «ողջույն» բառն արտաբերել, և մինչ աղջիկը կախարդված նայում էր իր հագուստի պատկերանշաններին` թևքի սալամանդրին և կրծքի փյունիկին, շարունակեց խոսել:
— Դե, իհարկե, Դուք մեր նոր հարևանուհին եք, այնպես չէ՞:
— Դուք պետք է որ,— նա հայացքը բարձրացրեց նրա մասնագիտական խորհրդանշաններից,— հրկիզողը լինեք:— Աղջկա ձայնը նվաղեց:
— Այդ ի՜նչ տարօրինակ կերպով ասացիք:
— Ես… ես նույնիսկ աչքերս փակ գլխի կընկնեի,— ասաց նա առանց խանդավառության:
— Այդ ինչպե՞ս, նավթի հոտի՞ց: Կինս միշտ տրտնջում է,— Մոնթագը ծիծաղեց:— Որքան էլ լվանում ես, հոտը չի անցնում:
— Այո՛, չի անցնում,— վախով հաստատեց աղջիկը:
Մոնթագին թվաց՝ աղջիկը պտտվում էր իր շուրջը, գլխի-վայր շուռ տալիս իրեն, թեթև թափահարում, դատարկում գրպանները՝ առանց շարժվելու որևէ ջանքի:
— Նավթը,— Մոնթագի խոսքի մեջ անհարմար լռությունը խախտելու միտում կար,— օծանելիք է ինձ համար:
Իսկապե՞ս:
Անշուշտ, ինչո՞ւ ոչ:
Չգիտեմ,— փոքր–ինչ մտածելուց հետո պատասխանեց աղջիկը, ապա թեքվեց դեպի իրենց տներ տանող ճանա-պարհը:— Դեմ չե՞ք լինի, եթե քայլեմ Ձեզ հետ: Անունս Քլա¬րիս Մըքլելըն է:
— Քլարիս: Ես Գայ Մոնթագն եմ: Գնացինք: Այս ուշ ժամին ի՞նչ եք անում այստեղ: Քանի՞ տարեկան եք:
Նրանք քայլում էին արծաթափայլ մայթով. տաք քամի էր փչում, և թվում էր` օդի մեջ թարմ ծիրանի ու ելակի` հեռունե¬րից եկող բույր կար: Մոնթագը շուրջը նայեց և սթափվեց. այդպիսի բան անհնար էր ուշ աշնանը:
Իրական էր միայն իր կողքին քայլող աղջիկը` լուսնից կաթնագունած դեմքով: Մոնթագը գիտեր՝ նա այժմ իր հարցի շուրջ էր խորհում՝ որոնելով հնարավոր լավագույն պա-տասխանը.
— Դե,— ասաց,— տասնյոթ տարեկան եմ և խենթ: Մորեղբայրս ասում է, որ այս երկուսը միշտ համատեղ են: Երբ մարդիկ հարցնում են տարիքդ,— ասում է նա,— միշտ պատասխանի՛ր՝ տասնյոթ և խելառ:
Գիշերվա այս ժամը գեղեցիկ է, չէ՞, զբոսնելու համար: Ես սիրում եմ զգալ բույրերը, նայել իրերին և երբեմն ողջ գիշեր արթուն եմ մնում, թափառում ու դիմավորում եմ արևածագը:
Նրանք շարունակում էին քայլել լռության մեջ, երբ հան-կարծ աղջիկն ասաց մտախոհ:
— Գիտե՞ք, ես ամենևին չեմ վախենում Ձեզնից:
Իսկ ինչո՞ւ պետք է վախենայիք:— Մոնթագի դեմքին ակնհայտ զարմանք կար: Այդպիսի մարդիկ շատ կան: Նկատի ունեմ մարդիկ, ովքեր վախենում են հրկիզողներից: Բայց Դուք, ի վերջո, բոլորիս նման մարդ եք, չէ՞…
Մոնթագն իրեն տեսավ նրա աչքերում, որոնք ջրի երկու զուլալ կաթիլների պես իրենց մեջ ամփոփել էին իրեն՝ փոքր ու մռայլ, իր ամենաճշգրիտ մանրամասներով, բերանի շուրջը եղած գծերով: Իր դեմքի բոլոր երանգները տեսավ դրանց մեջ, ասես նրա աչքերը՝ որպես երկու հրաշալի մանուշակագույն սաթի կտորներ, ունակ էին ամբողջությամբ կլանելու իրեն և անվնաս պահելու իրենց մեջ: Այժմ դեպի իրեն հակված աղջկա` մեղմ լույսով ողողված դեմքը փխրուն էր, ջրի պես թափանցիկ: Էլեկտրական աչք ծակող լույս չէր դա: Ի՞նչ էր հապա: Մեղմ լույս, որ ասես մոմից էր ծորում և քեզ հաղորդակից դարձնում իր անխռով թրթիռներին: Երբ ինքը դեռ երեխա էր, մի անգամ հոսանքի վթարային անջատում եղավ: Մայրը գտավ և վառեց տան վերջին մոմը: Հայտնության և պայծառակերպության այդ կարճ միջոցին էր, որ տարածությունը կորցրեց իր տարաձգությունն ու սկսեց անարգել ծավալվել նրանց շուրջը, և նրանք՝ մայր և որդի, մենության մեջ այդպես կերպափոխված, հույս էին փայփայում, որ էլեկտրաէներգիայի վթարային անջատման ժամերը դեռ երկար կձգվեն:

Քլարիսն անակնկալ միջամտեց.
— Կարելի՞ է մի հարց տալ: Որքա՞ն ժամանակ է, ինչ աշխատում եք որպես հրկիզող:
Քսան տարեկանից: Տասը տարի է արդեն:
Դուք երբևէ կարդո՞ւմ եք այն գրքերը, որոնք այրում եք:
Մոնթագը ծիծաղեց.
Ո՛չ, քրեորեն պատժելի է:
Ա՜հ, այդպես:
— Հրաշալի աշխատանք է. երկուշաբթի այրել Միլեյին, չորեքշաբթի՝ Ուիթմենին, ուրբաթ՝ Ֆոլքներին: Այրել մոխրացնել, հետո մոխիրն այրել: Սա մեր պաշտոնական կարգախոսն է: Նրանք շարունակեցին քայլել, հետո աղջիկը հարցրեց.
— Ճի՞շտ է, որ ժամանակին հրշեջներ են եղել, ովքեր ոչ թե ամեն բան հրի են տվել ինչպես հրկիզողները, այլ հանգցրել են հրդեհները:
Ո՛չ, տները միշտ են հրակայուն եղել, կարող եք չկաս-կածել: Տարօրինակ է: Ինչ–որ տեղ լսել եմ, որ նախկինում տները հրդեհվել են անփութության հետևանքով, և հրշեջների կարիք է եղել կրակը հանգցնելու համար:
Մոնթագը ծիծաղեց: Աղջիկը թռուցիկ նայեց նրան:
— Ինչո՞ւ եք ծիծաղում:
— Չգիտեմ:— Նա նորից սկսեց ծիծաղել, ապա լրջացավ.— Ինչո՞ւ եք հարցնում:
— Դուք ծիծաղում եք, թեև ես ծիծաղելի ոչինչ չեմ ասել, և հարցերիս հապճեպ պատասխաններ եք տալիս: Երբեք երկար չեք մտածում հարցերիս շուրջ: Մոնթագը կանգ առավ.
— Արտասովոր աղջիկ եք,— ասաց՝ նրան նայելով,— կարելի է ավելի հարգալից լինել:
— Չէի ուզում վիրավորել: Պարզապես չափազանց շատ եմ սիրում ուսումնասիրել մարդկանց:
— Իսկ սա Ձեզ համար որևէ բան չի՞ նշանակում:— Նա մատները թեթև սահեցրեց իր սև բաճկոնի թևքին ասեղնա-գործած 451 թվանշանի վրայով:
— Նշանակում է…— շշնջաց աղջիկը: Նա արագացրեց քայլերը:— Երբևէ նկատե՞լ եք, թե որքան արագ են հրթիռային մեքենաները սլանում ծառուղուն հարող լայն մայրուղով:
— Թեման փոխում եք:
— Երբեմն մտածում եմ՝ վարորդները չգիտեն` խոտը ինչ է, կամ ծաղիկներն ինչ են, որովհետև նրանք չափազանց արագ են վարում: Եթե որևէ վարորդի կանաչ բծեր ցույց տաք, նա կասի՝ դե, իհարկե, խոտ է: Վարդագույն բծեր՝ վար¬դերի պարտեզ է: Ճերմակ բծերը տներ են: Դարչնագույն բծերը՝ կովեր: Մի անգամ մորեղբայրս մայրուղով ընթանում էր ժամում քառասուն մղոն արագությամբ, և դրա համար նրան երկու օրվա ազատազրկման դատապարտեցին: Ե՛վ ծիծաղելի է, և՛ միևնույն ժամանակ տխուր, այնպես չէ՞:
— Դուք չափազանց շատ բաների մասին եք մտածում,— կաշկանդված ասաց Մոնթագը:
— Ես հազվադեպ եմ հեռուստանովելներ դիտում և գրեթե չեմ լինում զբոսայգիներում, չեմ սիրում պտուտարշավ կարուսելներ նստել: Այնպես որ, խելառ մտքերի համար շատ ժամանակ ունեմ: Տեսե՞լ եք քաղաքից դուրս տանող ճանա¬պարհի երկու հարյուր ոտնաչափ բարձրության գովազդային վահանակները: Գիտեի՞ք, որ նախկինում դրանք ընդամենը քսան ոտնաչափ բարձրության վրա են տեղադրվել, սակայն ժամանակի ընթացքում ավտոմեքենաները սկսել են այնքան արագ սլանալ դրանց կողքով, որ ստիպված են եղել ձգել, երկարացնել դրանք, որպեսզի հայտարարությունների տախ¬տակները վայր չընկնեն:
— Չգիտեի,— Մոնթագը պոռթկաց ծիծաղից:
— Ես էլի ինչ–որ բան գիտեմ, որ Դուք չգիտեք: Առավո¬տյան խոտերի վրա ցող է իջնում:
Մոնթագը զգաց, որ չի կարողանում հիշել, թե երբևէ լսել է նման բան, և դրանից սաստիկ նեղսրտեց:
— Եվ եթե վեր նայեք,— նա, դունչը վեր բարձրացնելով,
ակնարկեց գիշերային երկինքը,— լուսնի վրա մարդ կտեսնեք: Մոնթագը վաղուց երկնքին չէր նայել: Ճանապարհի մնացած հատվածը նրանք լուռ անցան:
Աղջկա լռակյացությունը խոհական էր, մինչդեռ Մոնթագին համակել էր մի տեսակ ճնշող, անհարմար լռություն, որի ընթացքում նա աղջկան մեղադրական հայացքներ էր նետում: Երբ հասան Քլարիսի տանը, Մոնթագը տեսավ, որ այն ամբող-ջովին ողողված էր լույսերի մեջ:
Ի՞նչ է կատարվում Ձեր տանը:— Մոնթագը հազվադեպ էր տներում այդքան շատ վառվող լույսեր տեսել: Ոչինչ: Պարզապես մայրս, հայրս և մորեղբայրս նստած զրուցում են: Նույնքան հազվագյուտ բան մեր օրերում, որքան քայլելը, թերևս ավելի հազվագյուտ: Ասե՞լ եմ Ձեզ, որ մորեղբայրս մի անգամ էլ ձերբակալվել է քայլելու համար: Այո՛, մենք շատ տարօրինակ ենք:
— Ինչի՞ մասին եք զրուցում, երբ հավաքվում եք: Աղջիկը ծիծաղեց նրա ասածի վրա:
— Բարի գիշեր,— ասաց նա, նախքան կշրջվեր իրենց տան կողմը: Թվաց` ինչ–որ բան հիշեց և հետ եկավ՝ զարման¬քով ու հետաքրքրությամբ Մոնթագին նայելով.— Դուք երջա¬նի՞կ եք,— հարցրեց:
— Ես ի՞նչ…— նրա հետևից ձայնեց Մոնթագը:
Սակայն աղջիկն արդեն հեռացել էր: Լուսնի լույսով ողողված շավղով նա տուն էր վազում: Նրա հետևից անաղ¬մուկ փակվեց շքամուտքի դուռը:
* * *
«Երջանի՞կ եմ… ամենաանհեթեթ բանը, որ երբևէ լսել եմ»:
Մոնթագն այլևս չէր ծիծաղում:
Կարդացե՛ք գիրքն ամբողջությամբ՝ ձեռք բերելով «Զանգակ» գրատնից և Հայաստանի այլ գրախանութներից, ինչպես նաև առցանց` zangak.am կայքից
_____


  • ԱՄՆ հրշեջ ծառայության պատմության մեջ «Սալամանդր» անունով է հիշատակվում 1881 թ. սևամորթ կամավորների նախաձեռնությամբ հիմ-նադրված հրշեջ ծառայությունը, պաշտոնական անվանումը՝ «Սալամանդր հրշեջ ընկերություն»:

     

Տարածել