Ինչ կապ կա Շեքսպիրի և «բռբեճ» կամ «բբռեճ» բառի միջև
Այն, որ հայերս գրեթե պաշտում ենք Շեքսպիրին, նորություն չէ։ Մինչև հիմա ծննդատներում հայտնվում են փոքրիկ Օֆելյաներ, Ջուլիետաներ ու Ռոմեոներ, իսկ Համլետ անունը այնքան հայկական է դարձել, որ նույնիսկ Դանիայում կամ Անգլիայում այդքան Համլետ չես հանդիպի։
Բայց արի ու տես, որ նույնիսկ այսքանից հետո հայկական սերը դեպի Շեքսպիր ավելի խորն է, քան կարելի է պատկերացնել։ Անգլիացի դերասան Ռիչարդ Բըրբեյջը ծնվել է 1567թ.։ Եղել է Շեքսպիրի պիեսների գլխավոր դերակատարներից։ Ավելին, առաջինն է, ով խաղացել է Համլետ, Ռիչարդ 3-րդ, Լիր արքա, Օթելլո և այլն։
Հենց Համլետի դերակատարումը Բըրբեյջի փառքը հասցնում է Հայաստան։ Ինչպե՞ս։ Շատ պարզ. Համլետ խաղալիս Բըրբեյջը մի հնարք էր մտածել` հոր ուրվականին տեսնելիս վախը ավելի արտահայտիչ դարձնելու համար նա հատուկ թելերի միջոցով արհեստականորեն բիզ-բիզ էր կանգնեցնում մազերը։
Իսկ հիմա հիշենք, թե քանի անգամ են մեծերը մեզ փոքր ժամանակ չսանրված տեսնելիս ասել «բռբեճ» կամ «բբռեճ»։ Շատերիս հիմա էլ են ասում նույնը` անկախ տարիքից։ Իսկ թե որտեղից այդ «բբռեճ» կամ «բռբեճ» բառը, երևի, կռահեցիք։ Բացատրական բառարանում «բբռեճ» նշանակում է գիսախռիվ` խառը մազերով։ Մնում է ուսումնասիրել, թե երբ Բըրբեյջի անունն ու նրա դերասանական տեխնիկայի մանրամասները հասան Հայաստան և ինչպես, բայց դա թողնենք պատմաբաններին ու լեզվաբաններին։
Կարդա նաև
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)