BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Կարլա Բրունի. Ինչպես գերել քմահաճ ֆրանսիացիների սի

Կարլա Բրունի. Ինչպես գերել քմահաճ ֆրանսիացիների սիրտը

«Ասում են`բախտի ժպիտն է հմայիչ,
Խոստանում` ամեն ինչ, չի տալիս ոչինչ,
Եվ երջանկությունն էլ հեռու չէ, կարծես,
Թե ձեռքդ պարզես, նրան կբռնես:
Ու մենք նետվում ենք բախտի ետևից`
Խելահեղ վազքում զրկվում ամենից...»


Դեռևս վեց տարի առաջ, երբ կանացի, ծխախոտից խռպոտած ձայնով կատարվող այս երգի երկու միլիոն սկավառակ վաճառվեց, ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ նրա հեղինակն ու կատարողը` Կարլա Բրունին, դառնալու էր Ֆրանսիայի առաջին տիկինը: Ֆրանսիական Հանրապետության սահմանադրությունը նախագահի տիկնոջը պաշտոնական որևէ լիազորությամբ չի օժտում և որևէ պարտականություն չի դնում նրա վրա: Նա ընդամենը պետության առաջին դեմքի կինն է` առաջին տիկինը:
1959 թվականին գեներալ դը Գոլի օրոք նոր Սահմանադրության ընդունումից հետո հռչակված Ֆրանսիայի Հինգերորդ Հանրապետության նախագահների կանայք, իհարկե, շատ տարբեր են եղել, բայց բոլորն էլ հետաքրքիր, և ամեն մեկն իր տեսակի մեջ վառ անհատականություն էր: Ֆրանսիացիների սիրելի գեներալ դը Գոլի կինը` «Իվոն մորաքույրը», ինչպես փաղաքշաբար անվանում էին նրան ու մինչև հիմա էլ անվանում են ֆրանսիական գրականության մեջ, պատկանում էր կանանց այն սերնդին, որոնք ապրում էին իրենց փայլուն կամ ոչ այնքան փայլուն ամուսինների ստվերում: Սիրող, հոգատար, հեզաբարո այդ կինը, որ հոյակապ որդի էր ծնել ու դաստիարակել, մինչև կյանքի վերջն ամուսնու հետ «Դուք»-ով էր խոսում: Նա նախագահին ուղեկցում էր պաշտոնական բոլոր այցերի ընթացքում և Ելիսեյան պալատի տիրուհին էր: Մի անգամ, երբ Իվոն մորաքույրն ուզում էր իր կարծիքը հայտնել քաղաքական ինչ-որ հարցի վերաբերյալ, գեներալ դը Գոլը պատասխանեց նրան.
Լռե'ք, կանայք քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում:

Դանիել Միտերանը` Ֆրանսուա Միտերանի (1981-1995) կինը, մի անգամ ասել է. «Առաջին տիկին լինելը ոչինչ չի նշանակում... Ամեն ինչ կախված է անհատականությունից»: Ելիսեյան պալատի տիրուհիները` նախագահների կանայք... Նրանցից յուրաքանչյուրը յուրովի կերտում էր իր դերը, յուրաքանչյուրն իր հետաքրքրությունների շրջանակն ուներ:
Կլոդ Պոմպիդուն` Ժորժ Պոմպիդուի (1969-1974) կինը, ժամանակակից արվեստի մեծ սիրահար էր, շատ լավ հասկանում էր այն և 1970 թվականին ստեղծեց ժամանակակից նկարիչների աջակցության իր հիմնադրամը: Բարձրահասակ, սլացիկ, նրբագեղ այս կինը դարձավ հագուստի ֆրանսիացի մոդելավորողների «դեսպանը»: Անն-Այմոն Ժիսկար դ'Էստենը` Վալերի Ժիսկար դ'Էստենի (1974-1981) կինը, նախընտրեց չապրել Ելիսեյան պալատում, բայց այնտեղ իր աշխատասենյակն ուներ: Դանիել Միտերանը ձեռք բերեց «ինքն իր անունից խոսելու իրավունք»: Նա ակտիվորեն զբաղվում էր քաղաքական և հումանիտար խնդիրներով:
Բեռնադետ Շիրակը` Ժակ Շիրակի (1995-2007) կինը, ամուսնու նախագահական առաջին ժամկետի ընթացքում արդեն դուրս է գալիս ստվերից: Նա պալատի հյուրընկալ, հոգատար տիրուհին է, որը պաշտոնական այցերի և ընդունելությունների նախապատրաստության ընթացքում հետևում է բոլոր մանրուքներին: Ելիսեյան պալատի այգու ձևավորումը, սեղաններին դրվելիք ծաղկեփնջերը, մանրամասնորեն մտածված ճաշացանկը` այս ամենը նրա գործունեության ոլորտն է: Եվ իհարկե, նա սիրող կին է, մայր, տատիկ: Բեռնադետ Շիրակը ծավալել է և հիմա էլ ծավալում է մարդասիրական գործունեություն: Նրա շնորհիվ ստեղծվել է «Դեղին մանրադրամներ» (ամենափոքր արժեքն ունեցող մանրադրամները դեղին են) հիմնադրամը, որի նպատակը հիվանդանոցային պայմանների բարելավումն է, հատկապես` ծերերի և միայնակների համար: Մի քանի տարի առաջ նրա նախաձեռնությամբ կառուցվեց ու բացվեց «Սոլենի տունը»` հայտնի հեռուստալրագրող Պատրիկ Պուավր դ'Արվորի դստեր անունով, որն ինքնասպան էր եղել անորեքսիայի պատճառով: Այստեղ անորեքսիայով, բուլիմիայով տառապող կամ դեռահասներին բնորոշ այլ հոգեբանական խնդիրներ ունեցող պատանիները կարող են խորհուրդներ կամ ստացիոնար բուժում ստանալ:
Եվ ահա, այն բանից հետո, երբ ֆրանսիական մամուլն ամիսներ շարունակ անընդհատ անդրադառնում էր նախագահ Սարկոզիի և նրա տիկնոջ` Սեսիլիայի ամուսնալուծությանը, բոլորի համար անսպասելիորեն հայտնվում է հմայիչ, երիտասարդ և նորաձևության ու երաժշտական աշխարհում արդեն հայտնի Կարլա Բրունին: Նա հինգ տարեկան որդի ուներ` Օրելիանը, փիլիսոփա Ռաֆայել էնդհովենի հետ իր ամուսնությունից: Կարլան նրան էր նվիրել իր ամենահայտնի երգերից մեկը, որը հենց այդպես էլ կոչվում էր` «Ռաֆայել»:

Ասում են` Կարլա Բրունին հեշտությամբ էր տիրանում տղամարդկանց սրտերին: Նրա նախկին երկրպագուների մեջ շատ էին հայտնի մարդիկ, նաև` երաժիշտներ, ինչպես օրինակ` էրիկ Քլեփթոնն ու Միք Ջագերը:
Նիկոլա Սարկոզիի նախագահության առաջին ամիսները մթագնեցին ոչ միայն դժվարություններով, որոնց բախվեցին նրա արմատական բարեփոխումները, այլև իր ամուսնալուծությամբ: Եվ մեկը, և մյուսը խանգարող ու հավասարակշռությունից հանող գործոններ էին: Կարլա Բրունիի և նախագահ Նիկոլա Սարկոզիի ամուսնությունից հետո Կարլայի հետ մեծ հույսեր էին կապում: Նրա հանդարտ, խելամիտ, շնորհագեղ պահվածքում, նրա ուշադիր ու սիրող հայացքում նախագահ Սարկոզին կարող էր հոգեկան հավասարակշռություն և աջակցություն գտնել: Բայց, ի տարբերություն իր նախորդների, Կարլա Բրունին չէր անցել «քաղաքական կարիերայի» սկզբնական փուլերը: Նա պիտի հընթացս յուրացներ իր «մասնագիտությունը»: Նա Ելիսեյան պալատ էր եկել ուրիշ` բոհեմային աշխարհից: Բայց ավելորդ չէ հիշել, որ նորաձևության աշխարհը, որում նա տասնինը տարեկանում սկսել էր մանեկենուհու իր կարիերան, ևս խիստ է, նույնիսկ դաժան, և այնտեղ ամենախիստ մրցակցություն գոյություն ունի, այսինքն` առանց ներքին կարգուկանոնի, հավաքվածության, անհնար է երկար դիմանալ այնտեղ: Կարլան տասը տարի շարունակ եղել էր լավագույն մանեկենուհիների շարքում. այս բնագավառում դա իրոք մեծ բան էր:

Տարածել